2016 թվականի երգչուհի Սիլվա Հակոբյանի համար հոբելյանական է: 2006 թվականի տարեվերջն էր՝ նոյեմբեր-դեկտեմբերը, երբ նա բումային մուտք ունեցավ շոու բիզնես և հաստատուն քայլերով առաջ գնաց: Երգչուհին հայտնի է արդեն 10 տարի, սակայն երգել սկսել է մանկուց:
Պարզվում է՝ Սիլվան մանկուց գտել էր ոչ միայն իր ճակատագրական աշխատանքը՝ երգը, այլև սերը, սակայն երկրորդը երկար փնտրեց:) Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին առաջին անգամ խոսել է ոչ միայն 10 ամյա գործունության, այլև նշանադրության և առաջիկա ամուսնության մասին:
-Սիլվա, այս տարի լրանում է գործունեությանդ 10 տարին: 2006-ին Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը ու ի՞նչ է խլել այս 10 տարիների ընթացքում:
– Հայտնիությունն ինձ շատ մեծ սեր է տվել: Ես երջանիկ մարդ եմ, որ ինձ սիրողների թիվը շատ մեծ է: Ես հասունացել, կայացել եմ այս ասպարեզում և մեծանալ այն ժամանակվանից, երբ ճանաչվեցի:
Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին և հասկանում եմ, որ պատասխանատու եմ իր առաջ. ինչ-որ բան անելիս առաջին հերթին մտածում եմ՝ ինչպես կընդունի ժողովուրդը: Դա իմ գիտակցության մեջ է և իր բացասական կողմն էլ ունի՝ կորցրել եմ մտքիս ազատությունը:
-Քեզ համար մարտահրավե՞ր էր ապացուցել, որ առանց մերկանալու ու ինչ-որ մեկի սիրուհին լինելու էլ է հնարավոր հասնել հաջողության:
-Այո: Ես միտումնավոր չեմ արել, սակայն ես նաև դա ապացուցեցի: Նույն «BBC»-ի մրցույթում ես շատ փակ էի հագնված, ինձ հետ մրցակցող աղջիկներից շատերը, երևի, շոր չէին հագել, բայց դա ոչինչ չփոխեց: Շատ կարևոր է, որ մարդն աստղ ունենա:
Don’t Apologize-ի տեսահոլովակում շատ ավելի կարճ շորտ պետք է հագնեի: Ես և Արմեն Գալյանը գնեցինք այն: Եղբայրս ասաց, եթե քեզ ազատ կզգաս այդ շորտի մեջ, հագիր, բայց ես չեմ զգում քո ազատությունը: Ես էլ հասկացա, որ այդպես է ու մենք փոխեցինք շորտը:
–Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:
-Բուռն: Ինձ մոտ զույգ թվերը միշտ շատ հագեցած են լինում: 2016-ի հետ մեծ հույսեր չէի կապում, չէի պատկերացնում, որ կարող է լավ տարի լինել ինձ համար, քանի որ շատ խառն ու անորոշ դիմավորեցի: Չեմ ուզում շատ խորանալ բացասականի մեջ, սակայն տրամադրվածությունս վատ էր: Փաստորեն, շատ լավ տարի էր թե´ անձնական, թե´ գործնական առումով:
-Սթրեսներից հե՞շտ ես դուրս գալիս:
-Նայած ինչ սթրես է: Երևի, երկար չեն տևում, որովհետև իմ կողքին ճիշտ մարդիկ են, ովքեր ինձ օգնում են հաղթահարել ցանկացած սթրես: Ես ուրախ եմ, որ կողակիցս էլ այնպիսին է, որ օգնում է շրջանցել դրանք:
-Այս տարի նշանվեցիր:) Ինչպե՞ս սկսվեցին քո և Նորայրի հարաբերությունները:
-Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ այդ ամենի մասին ուշ իմացան: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի: Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով:
Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել և ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել: Այնպես որ, պետք է հավատալ ճակատագրին՝ վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ: Իրականում երկուսս էլ շոկի մեջ ենք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի:
-Դու և նշանածդ համադասարանցիներ եք եղել:) Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցիր քո ճակատագրական սիրուն:
-Մենք միայն առաջին, երկրորդ դասարանում ենք իրար հետ սովորել: Հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել Վայքի դասընկերներիս հետ: Պարզվում է՝ ես Նորոյի առաջին սերն եմ եղել:) Միշտ թաքուն սիրել է ինձ: 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք…:) Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է:
-2017-ին հարսանիք սպասվո՞ւմ է:
-Այո, հաջորդ տարի, Աստծո կամոք, կամուսնանամ: Չգիտեմ՝ հարսանիք կլինի, թե ոչ. կարևորն իսկապես երջանիկ լինելն է: Հարսանիքն ու մնացած բաները երկրորդական են: Գլխավորն այն է, որ քեզ ազատ զգաս կողակցիդ հետ, մնաս այնպիսին, ինչպիսին կաս, ուղեղդ հանգիստ լինի ու միշտ ժպտաս: Հիմա հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա:
Ամբողջությամբ՝ life.tert.am