Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Սյունիք եւ այն «փառահեղ» ընդունելությունը, որին նա արժանացավ Սյունիքում, բավական հետաքրքրական ու կարեւոր իրադարձություն կարելի է համարել։ Ինչ որ իմաստով այն նաեւ շրջադարձային իրադարձություն կարելի է դիտարկել։
Նախ, Նիկոլ Փաշինյանն ըստ էության առերեսվեց այն իրականության հետ, որը կա այսօր Հայաստանում, այն վերաբերմունքի հետ, որին արժանացնում է նրան Հայաստանում հասարակությունը կամ գոնե հասարակության այն հատվածը, որը գիտակցում է իրականության այն ողբերգականությունը, որում այժմ գտնվում է Հայաստանը եւ Հայ ժողովուրդը եւ որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։
Այս առերեսումը կարեւոր էր նաեւ օբյեկտիվ, ռեալ իրականությունը գիտակցելու առումով։ Իհարկե, իշխանական եւ մերձիշխանական շրջանակները կարող են ուզած հորինովի «ճշմարտությունը» մատուցել երեկվա «փառահեղ ընդունելության» մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինքն իր հոգու մեջ, եթե դեռ դա էլ չի «վաճառել սատանային» հայտնի գրական հերոսի նման, հասկանում է, թե իրականությունը որն է։ Այլ է հարցը, որ իշխանական թիմը հիմա ամեն բան անելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սխալ պատկերացում ունենա կատարվածի հետ կապված, ինչը ավելի վատություն է Նիկոլ Փաշինյանին անձամբ, քանի որ իրականության հետ առերեսումը որպես կանոն ունի իր մեջ առողջացնող, մաքրագործող մասնիկ, որը պետք է թույլ տալ, որ գործի։
Իշխանական թիմի մոտեցումը այս առումով չափազանց էգոիստական է։ Նրանք նմանվում են օվկիանոսում խորտակվող նավում խնջույք իրականացնողների, ովքեր արդեն իսկ գիտեն, որ կործանվում են, ու որոշ ժամանակ անց անփառունակ իրենց կյանքերն ավարտելու են օվկիանոսային սառը ջրերում, կեր դառնալով ձկներին, բայց վերջին պահին բթացնում են իրենք իրենց՝ խնջույք անելով։ Երեկվա դեպքերից հետո այսօր արդեն մամուլում հայտնվել են լուրեր այն մասին, որ իշխանությունները որոշել են սյունեցիների շրջանում սկսել հալածանքներ, հետապնդումներ, հարուցել քրեական գործեր եւ այլն։
Իհարկե, զուտ նիկոլիզմի տրամաբանությամբ դա հնարավոր է, սակայն նախընտրական ընդհանուր տրամաբանության մեջ եթե սա տեղավորենք, ապա դա կարող է նշանակել իշխանությունների համար քաղաքական ինքնասպանության նման մի բան եւ ներքին լսարանում եւ արտաքին աշխարհում, որովհետեւ «ընտրություններից 5 պակաս» իրավիճակում նման հետապնդումներն ու հալածանքները նախ իշխանությունների պլինտուսային հեղինակությունը առհասարակ կդնի ոչնչացման վտանգի տակ եւ ապա, միջազգային կառույցների կողմից էլ դա կհամարվի քաղաքական մոտիվացվածությամբ գործողություններ, մի բան, որ ամենեւին հիմա ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանի համար։ Ու ոչ էլ նա կարող է ընտրություններն օրինակ չեղարկել, որովհետեւ դրա հետ կապված ավելի լուրջ պրոբլեմներ է ունենալու, քան եթե ամեն օր նման «փառահեղ ընդունելության» արժանանա Երեւանի փողոցներում։
Ընտրությունների մասին նույնիսկ նախնական բարձրաձայնումը Հայաստանի նման երկրներում որոշակիորեն նշանակում են ռեգիոնում ներկայացված գլոբալ ուժային կենտրոնների հետ որոշակի համաձայնեցում ու պայմանավորվածություն, իսկ նման պայմանավորվածություններից հենց այնպես, ուղղակի սեփական վախերով եւ այլ հիվանդագին էմոցիաներով պայմանավորված հրաժարվելը անհետեւանք չի մնա թե անձամբ հրաժարվողի համար, թե այդ երկրի համար։
Ուստի Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի, քան իր թիմի հետ փորձել այս ամենը ներկայացնել ծուռ հայելիների լույսի ներքո, զուտ նրա համար, որ խայտառակությունն ու ամոթը, որ ապրեցին երեկ, մի փոքր մեղմվի։ Ոչ երկիրն է մի լավ օրի, ոչ էլ հենց Նիկոլ Փաշինյանը, որ փորձի «խաղեր տալ»։