Ցավոք շատ վախկոտների և անուղեղ ղեկավարների պատճառով պարտվեցինք. զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի մոր գրառումը
Advertisement 1000 x 90

Ցավոք շատ վախկոտների և անուղեղ ղեկավարների պատճառով պարտվեցինք. զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի մոր գրառումը

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի մոր՝ Մելանյա Հարոյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

«Իմ սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ և հետևորդներ…

Շատերը գիտեն, որ որդու կորստից սարսափելի բան չկա աշխարհում և´ մոր, և´ հոր համար:

Նման վիշտ ոչ ոք իր թշնամուն չի ցանկանա և շատ նորմալ է , որ անտանելի ծանր են տանում այդ փաստը ծնողները:

Ես հպարտ եմ, որ Ազիզի մայրն եմ, Ազիզի նման տղա ունեմ: Ազիզը իր կարճ (19տարեկան), բայց շատ բովանդակալից կյանքում կարողացել է անչափ շատ սեր տալ, հարգանք վաստակել թե ընտանիքում, թե դպրոցում, թե իրեն ճանաչող մարդկանց մոտ:

Ազիզը գիտակցելով իր կյանքը նվիրել է հայրենիքին:

Լինելով հզոր անալիտիկ մտքի տեր` նա անչափ զորեղ կռիվ է տվել, թշնամուն հետ մղելով, տասնյակ կյանքեր փրկելով` հերոսաբար փառքով անմահացել է: Նա հաղթել է այս պատերազմը: Հաղթել է այս կյանքը:

Բայց ցավոք շատ վախկոտների և անուղեղ ղեկավարների պատճառով պարտվեցինք:
Երբ Ազիզը պիտի կռվի գնար, նա իր ընկերների հետ շատ է ուրախացել, որ պիտի հայրենիքը պաշտպանի, այլ ոչ թե շատերի նման իրեն վնաս է տվել, որ խուսափի պատերազմ գնալուց և ոչ էլ փախել է:

Իսկ ես` որպես մայր, այո՛, շատ ծանր եմ տանում որդուս բացակայությունը, բայց անչափ հպարտ եմ, որ ունեմ հերոս, անմահ հերոս, գիտակցաբար իր երջանիկ կյանքը թողած` հավերժացած հերոս:

Եվ հետևաբար, որպես մայր ես ամեն գնով, ինչ կարող եմ պիտի անեմ, որ բոլորը ճանաչեն իմ Հերոսին, իմ Ազիզ Սամվելի Աղաջանյանին: Եվ ուզում եմ, որ բոլոր այս կարճ կյանքում ապրող հասարակ մահկանացուները հասկանան, որ իրենք ապրում են` հավերժ պարտք լինելով իմ որդուն և իմ որդու պես քաջաբար կռված ու անմահացած հերոսների կյանքի գնով:

Ու այո´, ես հպարտ եմ, որ իմ որդու առաջ բոլորն են խոնարհվում, հիշում, մեծ ցավ ապրում և իմ ձեռքը համբուրում»: