«Հրապարակի» զրուցակիցը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։
– Տիկին Հակոբյան, այժմ ինչպիսի՞ն է կյանքը հետպատերազմական Արցախում:
– Ինչպես վիրավոր մայրը, ինչպես որդուն կորցրած ծնողը.․․, անասելի է, ցավոտ է, բայց արցախցին սպասում է հույսով, որ արդարությունը վերականգնվելու է, և նորից կարողանալու ենք ապրել մեր հայրենիքում։ Արցախցին գիտակցում է, որ որևէ կերպ, որ, ցավոք, չենք կարող վերադարձնել մեր զոհված քաջորդիներին, բայց Արցախի հարցը լուծված չէ, և դեռևս մենք պայքարելու ենք։ Մոտ 6 ամիս անցել է պատերազմի ավարտից, և Արցախում լավ առումով որևէ առաջընթաց չկա։ Բազմաթիվ են սոցիալական խնդիրները, և իշխանությունները հասցրել են այն աստիճանի, որ շատերի մոտ ուղղակի նպատակ է դարձել սոցիալական խնդիրները լուծել։ Արցախում կա խուճապ, որը չկար պատերազմի ընթացքում, կա խուճապ, որովհետև հստակեցված չէ որևէ կարգավիճակ, որևէ մեկը չի երաշխավորում անվտանգությունը։ Օրերս ոչ թե պատահական կամ օդ էին կրակում թշնամիները, այլ հենց թիրախավորված էր, և դա, բնականաբար, ներկայիս հոգեվիճակում գտնվող արցախցու մոտ չէր կարող հենց այնպես անցնել։ Խուճապը ավելացավ նաև այն պատճառով, որ իշխանություններն ուղղակի լռեցին կամ փորձեցին էլի ուղղակի սուտ ինֆորմացիայով շեղել, չասել, որ, օրինակ, թշնամին բավականին մոտեցել էր Ստեփանակերտին, և մոտիկից էր եղել այդ կրակոցը։ Միայն հայտարարեցին, թե ո՞վ չի ճանաչում ադրբեջանցիներին, պատկերացրեք, որ նմանատիպ հայտարարություններով փորձում են արցախցուն երաշխիքներ տալ։
– Այսինքն՝ նորմա՞լ են համարում, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո շարունակում են Ստեփանակերտի վրա կրակել։
– Իրենց ասելով` նորմալ է, որովհետև մենք պիտի ճանաչենք ադրբեջանցուն, համենայնդեպս` դեռևս միայն այդպես է մեկնաբանությունը կատարվել, իսկ խաղաղապահների վերաբերյալ՝ իրենք արձագանքում են և ցանկացած երևույթից հետո, ինչքանով ես եմ տեղյակ, փորձում են այդ մասում կարգավորումներ մտցնել՝ հետագա խախտումներից ուղղակի խուսափելու համար, և երբ ես փորձեցի ճշտումներ անել, ասացին, որ աշխատանքներ տարվում են, թե ինչ կերպ հետագայում խուսափեն։ Բնականաբար, իրենք ոչ մի այլ գործողություն չեն կարող անել, որովհետև իրենց գործառույթը չէ ինչ-որ մեկին բռնել-լպատժելը, ուղղակի իրենք, ավելի ուժեղացնելով վերահսկողությունը, այնպիսի պայմաններ պիտի ստեղծեն, որպեսզի հակառակորդը չկարողանա անցնել, շրջանցել։ Խոստացել են, որ դա մոտ ժամանակներում կլուծվի։ Մենք՝ ինքներս, նաև գիտակցում ենք, որ թշնամին չի պատրաստվում որևէ մեկի կյանքին վերջ դնել, որովհետև իրենք ևս հասկանում են հետևանքները: և իրենց էլ ձեռք չի տալիս, իրենց ուղղակի պետք է խուճապ։
– Նպատակը մշտապես վախի մթնոլորտ ապահովե՞լն է։
– Այո, ինչին նաև նպաստում են իշխանությունները՝ իրենց հանցավոր անգործությամբ, տկարությամբ, և կարծես այնպես է ստացվում, որ նույն դաշտում են սկսում գործել, միահամուռ ուժերով խուճապ առաջացնելով Արցախում։ Ինչքան էլ իշխանությունները հակառակվեն, ինչքան էլ փորձեն մեզ անվանել դավադիր ուժեր կամ դավաճան ուժեր․․․, մի անգամ ևս փաստում եմ, որ իրենց այդ գործողությունների արդյունքում մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք հայաթափված Արցախ։
– Գոնե Արցախի ներքին կյանքում իշխանություններն ազդեցություն ունե՞ն, թե՞ խաղաղապահներն են ամեն բան կարգավորում։
– Բոլորս գիտակցում ենք, որ իրավիճակը փոխվել է, և բոլորս Արցախում դեռ հարմարվում ենք ռուս խաղաղապահների հետ ապրելուն, դեռ փորձում ենք հասկանալ, թե որոնք են իրենց գործառույթները, թե իրենք որտեղ ունեն իրավասություններ ու պարտականություններ, բայց Արցախի իշխանությունների մոտ որևէ փոփոխություն չկա։ Բավական է մեկ օր լինել Արցախում, և դա պարզ երևում է․ պատերազմից առաջ ինչ գործելաոճ ունեին, նույն գործելաոճն է հիմա․ սոցիալական ընդգծված անարդարություն։ Օրերս Ազգային ժողովում մի տարօրինակ և տգեղ վեճ եղավ, երբ ես հարց բարձրացրի, թե ինչ տրամաբանությամբ են օր-օրի ավելանում Արցախի նախագահի, գերատեսչությունների ղեկավարների խորհրդականներն ու օգնականները, Ազգային ժողովի նախագահը հոխորտաց, որ պարտավոր ենք կեղծ աշխատատեղեր ստեղծել և մարդկանց ապահովել աշխատանքով։ Իրենք որոշել են, որ այդ կեղծ աշխատատեղերը պիտի լինեն խորհրդականներ և օգնականներ, որոնք բացառապես ընտրվում են Արայիկ Հարությունյանի նեղ շրջանակներից՝ ծանոթ-բարեկամներ, ընկերներ, համակիրներ։ Չթողեցին միտքս շարունակեի, որովհետև հաջորդ հարցը պիտի լիներ, թե ինչ տրամաբանությամբ է ԱԱԾ նախկին տնօրենը որպես խորհրդական տեղակայվել Երևանի կենտրոնում՝ շքեղ գրասենյակում՝ շքեղ կահավորմամբ, այն մարդը, որն իր գործառույթներն իրականացնելու փոխարեն Շուշին հանձնելուց ընդամենը 1 կամ 2 օր առաջ ֆիլմ էր նկարահանում Շուշիում, թե ինչպես է ինքը մոմ վառում, և այդ մարդն այսօր պետբյուջեից վճարվում է, հանգիստ շրջում է և որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս է իշխանությունների պահվածքը․ նորից անել այն, ինչն իրենց գրպանին է շահավետ՝ դրա փոխարեն տեղահանված մեր հայրենակիցներին զրկելով աշխատավարձ ստանալու հնարավորությունից։
– Արցախում կա՞ նոր իշխանություն ձևավորելու պահանջ։
– Իրավիճակը նույնն է, ինչ Հայաստանում, որովհետև Արցախի և Հայաստանի ղեկավարները ունեն նույն գործելաոճը։ Իրենք ինչպես սկսեցին իրենց համագործակցությունը և դեռևս ավելի շուտ, այդպես էլ շարունակում են հիմա։ Իրենք համահունչ են, համակարծիք են և նույն գիծը բռնած գնում են։ Ունեին գրած սցենար, որի շուրջ իրենք դեռևս շարունակում են աշխատել և իրականացնել այդ սցենարը։ Այստեղ բոլորը հասկանում են, որ Հայաստանում արտահերթ ընտրություններից է կախված Արցախի ապագան, լինել-չլինելը և նաև Արցախում դրան համահունչ իշխանությունների ձևավորումը։ Արայիկ Հարությունյանը ևս դա գիտակցում է և գիտակցում է նաև, որ իրենց ձեռք է տալիս Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Իրենք չեն մտածում, թե ինչն է այսօր ձեռք տալիս Արցախին, այլ ինչն է իրենց ձեռք տալիս։ Արայիկ Հարությունյանը սկսել է Արցախում ինչ-որ խաղեր իրականացնել, վերջերս իր արած հայտարարությունը։
– Նոյեմբերի 9-ի հայտարարությունից արդեն կես տարի է անցել, բայց Փաշինյանը Արցախ ոտք չի դրել այդ օրվանից, ի՞նչ ընդունելության կարժանանա, եթե գա։
– Նախ` Նիկոլ Փաշինյանը չի այցելի Արցախ, քանի որ իր ադրբեջանցի գործընկերը իրեն դա արգելել է, երկրորդը՝ ուղղակի ինքը, չեմ կարծում, որ հասարակ քաղաքացու կամ այն փոքրիկ երեխայի քաջությունն ունի, որ անցնում է Շուշիի կողքով, և ընդամենը 1-2 մետրի վրա ադրբեջանցիները տասնյակներով կանգնած են, և ամեն անցնող կփաստի, թե ինչ պահվածք են դրսևորում։ Ինքը չի կարող անցնել, որովհետև հասարակ վախկոտի հոգեբանությամբ մարդը չի կարող անցնել այդ մասով։ Այսօր ինքը չի կարող գալ Արցախ, և իր ֆիզիկական գոյությանը ուղղակի վտանգ չսպառնա։ Շատ մեծ հարց է, որ եթե ինքը ոտք դնի Արցախ, ապա հետ կվերադառնա՞, թե՞ ոչ։