Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում. armeniasputnik.am

Երևանի Հյուսիսային պողոտայում պատվաստման շարժական կետի մոտ երկար հերթ է գոյացել։ Գույնզգույն անձնագրերին, յուրօրինակ գլխարկներին և այլ դետալներին նայելով հեշտ է հասկանալ, որ այստեղ ոչ միայն մեր հայրենակիցներն են հավաքվել, այլև՝ բազմաթիվ արտասահմանցիներ։

Նրանց հետ զրուցելու փորձը սկզբում հաջողությամբ չպսակվեց․ շատերն ուղղակի մերժում էին, ուրիշներն էլ ներողություն խնդրում՝ կներեք, առանց այդ էլ նյարդայնանում ենք։ Բայց համառությունը պատ է ծակում, ուստի վերջիվերջո մեզ հաջողվեց զրուցելու տրամադրված հյուրեր գտնել։

«Ես Հարավային Աֆրիկայից եմ, բայց չեմ ասի, թե ինչի համար եմ եկել։ AstraZeneca դեղամիջոցով եմ պատվաստվում»,-պատմեց կանանցից մեկը, ապա մոտեցավ բժիշկներին։

Բժիշկները նրա տվյալները գրանցում են հատուկ ցուցակում, մի քանի հարց են տալիս ալերգիկ ռեակցիաների, քրոնիկական հիվանդությունների մասին, այնուհետև ուղարկում են բուժքրոջ մոտ, որն էլ հենց կատարում է ներարկումը։

Մեկ այլ կնոջ հետ զրույցում պարզվեց, որ նա որոշ դեղամիջոցների նկատմամբ ալերգիաներ ունի, բայց դա չխանգարեց նրան պատվաստվել։

Պատվաստվում են թե՛ իրանցիները, թե՛ կուբացիները

Պատվաստման ամբողջ գործընթացն առավելագույնը տասը րոպե է տևում, ներառյալ ճնշումը, ջերմությունը չափելն ու մյուս գործողությունները։

Բայց հերթը ոչ մի կերպ չի պակասում։ Տպավորություն է, որ յուրաքանչյուր պատվաստվածին անմիջապես փոխարինում է երկու չպատվաստված։

«Ես ուզում եմ «Սպուտնիկ V» ստանալ, բայց թույլ չտվեցին, որովհետև 54-ս վաղուց անցել է։ Ստիպված կլինեմ հերթագրվել պոլիկլինիկայում»,-գանգատվում է մեր հայրենակիցներից մեկը։

Այդ պահին մի խումբ իրանցիների ենք նկատում։ Մի շարք ճշտումներ անելուց հետո նրանք էլ են հերթ կանգնում։

Մուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ուրախ է այդպիսի հնարավորության համար։ Նա Հայաստան է եկել ընդամենը երկու օր առաջ, իսկ ՀՀ իշխանությունների նման նախաձեռնության մասին միանգամայն պատահաբար է իմացել։

«Ես վստահում եմ հայ բժիշկներին, Հայաստանի հետ վաղուց եմ ծանոթ, այդ պատճառով որոշեցի պատվաստվել»,-ասաց Շաֆիղխաթիբին։

Պատվաստվելու, այն էլ՝ անվճար պատվաստվելու հնարավորությունը ոգևորել է նաև Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսին և Ջորջինա Ռոդրիգեսին։

Զույգը Հայաստան է եկել ապրիլի կեսերին։ Ալվարեսը խոստովանում է, որ մեր երկրի մասին այնքան էլ շատ բան չի լսել։ Գիտեր, որ այստեղ լեռներ կան, և կնոջ հետ միասին որոշել է գալ դրանք տեսնելու։ Այսօր զբոսնում էին քաղաքում և տեսան շրջիկ կետը, մոտեցան, գրանցվեցին և ստացան պատվաստանյութի առաջին ներարկումը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am