Նախ, եթե երթևեկում եք քաղաքային տրանսպորտով, ու չեք ուզում զիջել ձեր հարմար տեղը, միշտ կարող եք բացել թերթը և ձև անել, թե շատ կարևոր հոդված եք կարդում և ձեր շուրջը ոչինչ չեք նկատում։ Ռադիոյով հո չե՞ս կարող ծածկվել ու փրկել տաքուկ տեղդ երթուղայինի պատուհանի մոտ։ Եվ երկրորդ, թերթով առնվազն կարող ես նյարդերիդ վրա ազդող ճանճին սպանել։ Չեմ կարծում, թե որևէ մեկը երբեւէ փորձել է նույնն անել ռադիոյի օգնությամբ։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռադիոն նաև աշխատանքով է ապահովել Ամերիկայում ապրող հնդկացիներից ոմանց։ Այո՛, այո՛, երբ ԱՄՆ-ը պատերազմում էր Ճապոնիայի հետ, Միացյալ Նահանգների բանակի հրամանատարությունն աշխատանքի ընդունեց նավահո ցեղի մի քանի տասնյակ ներկայացուցիչների, որոնց պարտականությունն էր գաղտնի ռադիոհաղորդագրություններ ուղարկել և ընդունել իրենց մայրենի լեզվով։ Տոկիոյում այդ հաղորդումներն, իհարկե, լսում էին, բայց բան չէին հասկանում շատ պարզ պատճառով՝ ողջ Ճապոնիայում նավահո ցեղի գեթ մի ներկայացուցիչ չգտնվեց, որը կարողանար թարգմանել հույժ գաղտնի հաղորդագրությունները։
Էլ չեմ ասում, որ հենց ռադիոյի շնորհիվ մինչև հիմա Փարիզի կենտրոնում կանգուն է մնացել Էյֆելյան աշտարակը, որի վրա, համոզված եմ, շատերդ բարձրացել եք։ Ինչպես գիտեք, այդ աշտարակը հատուկ կառուցվել է 1889 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի համար և երկու տասնամյակ անց պիտի ապամոնտաժվեր։ Բայց երբ այդ 20 տարին անցել էր, և ռադիոն արդեն բավական լայն տարածում էր ստացել, Ֆրանսիայի իշխանությունները գլխի ընկան՝ ախր այս աշտարակը ուղղակի իդեալական կառույց է անտենաներ տեղադրելու համար։ Ահա այսպես ռադիոն փրկեց Էյֆելյանը, որը վաղուց արդեն Փարիզի խորհրդանիշն է դարձել։
Ի դեպ, մենք, հայերս էլ ենք պարտական ռադիոյին, որովհետեւ տասնամյակներ շարունակ այսպես կոչված Հայկական ռադիոն մեծ ժողովրդականություն էր վայելում ոչ միայն Սովետում, այլև Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Ինքս եմ գնել Հայկական ռադիոյի անեկդոտների հավաքածուն Պրահայի Վացլավի հրապարակի գրախանութներից մեկում։ Սովորաբար Հայկական ռադիոյի կատակները ներկայացվում են հարց ու պատասխանի տեսքով։ Օրինակ։ Հայկական ռադիոյին հարցնում են. «Արդյոք ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը վիճակախաղով 1000 ռուբլի է շահել»։ Պատասխան. «Իհարկե, ճիշտ է, բայց դա ոչ թե շախմատիստ Պետրոսյանն էր, այլ «Արարատի» խաղացող Հակոբյանը և ոչ թե 1000 ռուբլի է շահել, այլ 10 հազար, եւ ոչ թե ռուբլի, այլ դոլար և ոչ թե վիճակախաղով է շահել, այլ խաղաթղթով և ոչ թե շահել է, այլ տարվել»։
Շատ ճիշտ եք, սովորաբար Հայկական ռադիոյի պատասխաններն այսքան երկար չեն լինում, այլ կարճ ու դիպուկ։ Մոտավորապես այսպիսին։ «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա»։ Պատասխան. «Չէ՛, այնտեղ էլ կյանք չկա»։ Եվ քանզի ի վերջո Մարսին հասանք, ուզում եմ շատ հակիրճ անդրադառնալ ռադիոյի վտանգավոր հնարավորություններին։ Այո՛, խոսքը 1938 թվականին ամերիկյան ՍիԲիԷս ռադիոկայանով հայտնի ռեժիսոր Օրսոն Ուելսի բեմադրած «Աշխարհների պատերազմ» ներկայացման մասին է։ Գիտեք իհարկե, որ այդ վեպը գրել է Հերբերտ Ուելսը, որը նկարագրել է, թե ինչպես են Մարսի բնակիչները ներխուժում Երկիր և նույնիսկ այրում Սպիտակ տունը Վաշինգտոնում։
Օրսոն Ուելսը, որն ի դեպ, ժամանակին մի քանի հարցումների արդյունքներով ճանաչվել էր աշխարհի թիվ մեկ ռեժիսոր, լիուբոլ օգտագործել է ռադիոյի հնարավորությունները՝ այնպիսի տպավորություն է ստեղծել, իբր մարսեցիների հարձակումը տեղի է ունենում ուղիղ եթերում, և նույնիսկ այն դերասանը, որը կարդացել է Ամերիկայի նախագահի՝ սյուժեով նախատեսված ուղերձը քաղաքացիներին, զարմանալի հմտությամբ կարողացել է իր ձայնը նմանեցնել Ֆրանկլին Ռուզվելտի ձայնին։ Դե ինչպե՞ս չհավատաս, որ Մարսից ժամանած օկուպանտների դեմ պայքարը իսկապես տեղի է ունենում Նյու Յորքի մոտակայքում։ Եվ խուճապ է սկսվել. տասնյակ հազարավոր ամերիկացիներ շտապ հեռացել են Նյու Յորքից ու Ֆիլադելֆիայից։
Տեսնո՞ւմ եք, ինչ ուժ եւ ազդեցություն ունի ռադիոն։ Ճիշտ է, հրաշալի գրող Իլյա Իլֆը մի անգամ փաստել է. «Ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակները ժամանակին կանխատեսում էին, որ հենց ռադիոն կվերափոխի աշխարհը, ավելի երջանիկ կդարձնի մարդկանց։ Ահա՝ ռադիոն շարունակում է իր հաղթարշավը, իսկ երջանկությունը, կներեք, չկա ու չկա»։ Բոլոր դեպքերում՝ եկեք միասին շնորհավորենք Հայաստանում հեռարձակվող բոլոր ռադիոկայանների իմ գործընկերներին։