Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Կովկասյան տուրնեն՝ մայիսի 5-6-ին Երեւան, եւ մայիսի 10-11-ին Բաքու կատարած այցերը, կարելի է համարել Ռուսաստանի համար լիովին հաջողված։ Որքան էլ գուցե առաջին հայացքից հնչի տարօրինակ, սակայն այդ այցը բավական ասելիք ունի նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող զարգացումների առումով։
Փորձենք հատկապես այս առումով ավելի մանրամասն արձանագրումներ կատարել․
• Եվ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իրանը, եւ Արեւմուտքը ՀՀ նոր ԱԺ-ից, որը ձեւավորվելու է հունիսի 21-ին, մեծ ակնկալիքներ են ունենալու։ Սա արդեն պարզ է այսօրվանից, հետեւաբար, ընտրությունները պետք է լինեն «հավուր պատշաճի», որպեսզի ոչ խորհրդարանի լեգիտիմությունը, ոչ կազմը ոչ այլ հանգամանք հանկարծ հարցեր չառաջացնի
• Եթե արդեն արձակված խորհրդարանն ուներ առաքելություն սատարել Նիկոլ Փաշինյանին բավականին բարդ շախմատային այս պարտրիայում, որը անվանենք Կովկասի վերաձեւավորում, ապա ապագա խորհրդարանի կոչումը կլինի այդ վերաձեւավորումների՝ Հայաստանի մասով լեգիտիմացումը
• Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կազմ կունենա նոր խորհրդարանը, սակայն այն առաքելությունը, որը ստանձնելու է այն ենթադրաբար, պահանջում է, որ լինի չափազանց ներկայացուցչական, որպեսզի արտացոլի իրական պատկերը Հայաստանում տիրող հասարակական-քաղաքական տրամադրությունների եւ ապահովի իրական կոլեկտիվ պատասխանատվություն
• Իսկ այդ ամենը անհրաժեշտ է, որպեսզի առաջիկա գործընթացները Հարավային Կովկասի մասով, գոնե Հայաստանի հետ կապված հարցերում ընթանա հարթ․ խոսքը Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ պայմանագրի կամ համաձայնագրի մասին կարող է լինել, սահմանների բացման, եւ այս ամենի հետ կապված բոլոր հարցերի, ներառյալ նաեւ Թուրքիայի հետ սահմանների բացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը թե Անկարայի եւ թե Բաքվի հետ։
• Պետք է հասկանալ, որ աշխարհը որոշել է օգտագործել Հարավային Կովկասի լոգիստիկ եւ տնտեսական հնարավորությունները եւ ըստ այդմ էլ պետք է կարողանանք կազմակերպել մեր հետագա կյանքն ու անելիքները։