Ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է: Սրա մասին շատ եմ գրել:
Ժամանակը ունի գին և այն գնելու հնարավորություն պետք է լինի: Կթվա թե երևակայական բան եմ ասում, բայց՝ ոչ:
Համակեցությունը՝ մեկ տարածքում մեծ թվով մարդկանց բնակություն և գործունեություն, մեր բոլորիս ժամանակը ավելի կարճ է դարձնում: Դրանցից են խցանումները, հերթերը, հանրային ծառայությունների տրամադրման ժամկետները:
Չնայած նրան, որ համակեցությունը ունի շատ դրական կողմեր, ունի նաև բացասական: Որոնցից գլխավորը ծախսված ժամանակի մեծ գինն է: Օրինակ, ժամը 7-ին Երևանի մի ծայրից մյուսը հնարավոր է հասնել 15 րոպեում, իսկ ժամը 9-ին դրա համար մեկ ժամից ավել կպահանջվի: Մենք բոլորս պետք է ունենանք այդ ժամանակը գնելու հնարավորություն, սա են անում գրեթե բոլոր բարեկեցիկ ապրող հանրույթները:
Այդ ինչպե՞ս կարելի է ժամանակ գնել: Օրինակ, եթե պետությունը սահմանի ժամային սահմանափակումներ բեռնատարների, արտադրական գործունեության մեջ ներգրավված այլ մեքենաների, խանութներ մթերումներ անողների համար (օրինակ՝ թույլատրում են քաղաքում երթևեկել միայն գիշերը 11-ից մինչև առավոտյան 8-ը), ապա սա բոլորիս համար որոշակի ժամանակ կխնայի, որ այլ պարագայում կծախսեինք խցանումների մեջ: Կամ, եթե որևէ հանրային ծառայություն տրամադրելը հնարավոր է կազմակերպել հինգ րոպեում (որևէ տեղեկանքի ստացում), ապա ցանկացած անձ պետք է այդ հնարավորությունն ունենա և կարողանա վճարել դրա համար: Եթե այս հնարավորությունը չի լինում ապա կոռուպցիոն ռիսկերն ավելի են մեծանում:
Գնելով մեր իսկ անհատական ժամանակը հանրությունից՝ պետական համակարգի միջոցով, մենք շատ ավելի ժամանակ կունենանք բարիք ստեղծելու և մեր սիրելի ու ցանկալի մարդկանց հետ ապրելու համար:
Այլապես, ինչ-որ պահի համակեցությունը կդառնա տհաճ, իսկ դրա այլընտրանքային ծախսը շատ մեծ: Ուստի մեզ «կսպառնա» ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական միայնություն: Սա կլինի կամովի, սակայն նաև պարտադրված ընտրություն:
Ժամանակս հանրությունից գնելու հնարավորություններ եմ ուզում: