«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են։
Վանեցյանը նման հայտարարություն է արել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությանը։
Նշենք, որ Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար դաշինք է կազմել ՀՀԿ–ի հետ։
ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով ՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը գուցե շատերի համար անսպասելի էր, բայց իրականում կանխատեսելի։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների։ Այդ զոհերի կյանքերը հետ բերել հնարավոր չէ»,–ասել է նա։
Վանեցյանը կարծում է, որ երկու կուսակցությունների գաղափարական հիմքում էլ ազգային պահպանողական արժեքներն են, որոնք երկուսի կողմից էլ կարևորվում են։ ԱԱԾ նախկին տնօրենը վստահ է, որ իր գլխավորած դաշինքն անպայման հաղթելու է ընտրություններում։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից։