ՄԻԱՎ ունեցող 36 ամյա պացիենտը 216 օր տառապել է COVID-19-ով, եւ վիրուսը նրա օրգանիզմում այդ ընթացքում մուտացիայի է ենթարկվել ավելի քան 30 անգամ։ Այս եզակի դեպքը նկարագրել են Հարավային Աֆրիկայի մասնագետները։
Հաշվետվության համաձայն՝ պացիենտը 2006 թվականից ՄԻԱՎ կրող է, եւ այդ ժամանակվանից նրա իմունային համակարգը անշեղորեն թուլանում էր։ Անցած տարվա աշնանը կինը վարակվեց կորոնավիրուսով, ինչից հետո թեստերը 216 օրվա ընթացքում հաստատել են վարակի առկայությունը նրա օրգանիզմում։
Գիտնականները սեքվենավորել են վիրուսի գենոմը ժամանակի տարբեր փուլերում եւ հայտնաբերել, որ կես տարվա ընթացքում պաթոգենը ենթարկվել է փշանման S-սպիտակուցի 13 մուտացիայի, ինչպես նաեւ 19 գենետիկ շեղումների, որոնք կարող են փոխել նրա հատկությունները։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հայտնաբերված որոշ փոփոխություններ նկատվել են SARS-CoV-2-ի նոր տարբերակներում, որոնք մտահոգում են հետազոտողներին, ինչպիսին են E484K-ն, որը B.1.1.7 («բրիտանական շտամ») տարբերակի մասն է, եւ N510Y մուտացիան՝ B.1.351 տարբերակի մաս, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Հայտնի չէ՝ փոխանցե՞լ է արդյոք պացիենտը այդ մուտացիաներն այլ մարդկանց։ Բայց հայտնի է, որ SARS-CoV-2-ի նոր տարբերակների մեծ մասը ի հայտ է եկել Հարավային Աֆրիկայի այն շրջաններում, ինչպիսին է Քվազուլու Նաթալը, որտեղ 4 մեծահասակից 1-ը ՄԻԱՎ վարակակիր է։
Հետազոտողների խոսքով՝ բժիշկները պետք է ամենամեծ ուշադրությունը հատկացնեն իմունային անբավարարություն ունեցող պացիենտներին, քանի որ նրանց օրգանիզմը կարող է դառնալ «կորոնավիրուսի նոր տարբերակների ֆաբրիկա ամբողջ աշխարհի համար»։
news.am