«Տան Մյուս Կողմը»՝ «Օսկարի» ճանապարհին. auroraprize.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տան Մյուս Կողմը»՝ «Օսկարի» ճանապարհին. auroraprize.com

 Մայան ու Նարեն 40 րոպե շարունակ ճամփորդում են միասին. ժամանակին զուգահեռ, սակայն հակառակ ուղղություններով: Նրանք հայտնվել են միևնույն պատմության տարբեր կողմերում: Երկու կանանց միացնում է միևնույն տունը՝ հայկական Սեբաստիան (այժմ՝ Թուրքիայի Սիվաս քաղաքը), սակայն նրանք այդ տան տարբեր կողմերում են:

2016թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը հայտնվել է հաջորդ տարվա «Օսկարի» նախընտրական փուլն անցած և կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի լավագույն տասնյակում: Ֆիլմի ռեժիսորը Նարե Մկրտչյանն է, պրոդյուսերը՝ օսկարակիր Ռոբ Ֆրայդը:

«Տան մյուս կողմը» ֆիլմի սեղմաշարը

Կալիֆորնիայում բնակվող երևանցի ռեժիսոր Նարե Մկրտչյանը ցեղասպանության ժամանակ իր պապի սպանված ընտանիքի ու թուրք հարևանների շնորհիվ փրկված տատի ընտանիքի պատմությունները լսելուց հետո իրեն գտել էր տան մի կողմում, բայց ուզում էր բացահայտել, թե ով կա այդ նույն տան հակառակ կողմում:

«Երբ ես նայում եմ Արարատին, ինձ համար դա նշանակում է տուն: Երբ թուրքն է նայում Արարատին, այդ սարը նրա համար նույնպես խորհրդանշում է իր տունը: Եվ ինչպե՞ս է, որ երկու մարդ, որ գտնվում են բաժանող գծի հակառակ կողմերում հայտնվում են իրենց տան մյուս կողմում», – հարցնում է Նարեն:

Այս հարցի պատասխանը գտնելու փնտրտուքի ժամանակ է, որ Նարեն հանդիպում է Մայային: Մայան թուրք կին է, որը հասակ առնելուց հետո ընտանեկան գաղտնիքների գզրոցը փորփրելով պարզում է, որ իր տատը՝ Նուրիյեն, հայ է: Ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չէր խոսում, ի՞նչ իմաստ ունի այդ փաստը գաղտնի պահել. հարցին ոչ դպրոցական դասագրքերն են պատասխան տալիս, ոչ էլ մոր հետ զրույցները:

«Ինձ համար կարևոր էր գտնել մի մարդու, որն իր մեջ կարող է ունենալ թե՛ մթությունը, և թե՛ լույսը, ցույց տալ, որ երբ ինքնության շերտերը բացահայտվում են, մենք բոլորս նույնն ենք, ուրեմն իրականում մենք ո՞ւմ ենք սպանում, ինքներս մե՞զ: Դա էր պատճառը, որ փնտրում էի մի թուրքի, ով պարզում է, որ ունի հայի արյուն: Ես ուզում էի, որ նա մարմնավորեր կոնֆլիկտը, գտնել այնպիսի մարդու, ով կհամարձակվեր խոսել տեսախցիկի առաջ»:

maya-crying

Մայան. կադր «Տան մյուս կողմը» ֆիլմից

Հետագայում, երբ Մայան ծանոթանում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հասկանում է, թե ինչու էր մի կերպ փրկված տատը փոխել անունն ու դավանափոխ եղել:

«Ես չեմ փորձում մեկ անգամ ևս ապացուցել փաստը, որ սա ցեղասպանություն է: Այն, որ իմ նախնիների կյանքը հորինված պատմություն չէ, ապացուցման կարիք չունի: Ինձ հետաքրքրիր է, թե ինչպես է ցեղասպանությունը հարյուր տարի հետո ազդում երկու կողմերի վրա, ինչպես է ցեղասպանությունը շարունակվում և տանջում երկու կողմերին», – պատմում է Նարեն:

Ժխտման ցավը

Ֆիլմի հերոսուհին՝ Մայան, ով որոշում է հարգանքի տուրք մատուցել տատի հիշատակին և Հայոց ցեղասպանության հարյուրամյա հիշատակի օրը գնալ Ծիծեռնակաբերդ, տեսախցիկի առջև, սակայն, դժվարանում է արտաբերել «ցեղասպանություն» բառը:

«Նրա ժխտումը բացահայտ վախի արտահայտություն էր: Ես հայտնվեցի փակուղու առջև ու պետք է դրա լուծումը գտնեի: Տառապանքի երկար ճանապարհ անցա: Նպատակ դրեցի այս ֆիլմում ցույց տալ ժխտման ցավը: Ես ուզում էի, որ օտար հանդիսատեսն զգա հարյուրամյա ժխտման ցավը: Իմ կարծիքով՝ Մայան իսկապես մարմնավորում է կոնֆլիկտը, մի կողմը տառապում է, մյուս կողմը՝ ժխտում», – նշում է Նարեն:

rob-and-nareedited-0025

Նարե Մկրտչյանը (կենտրոնում), ֆիլմի պրոդյուսեր Ռոբ Ֆրայդը (աջից), գործադիր պրոդյուսեր Իլիանա Գուևարան (ձախից)

Ճանապարհ դեպի «Օսկար»

Ստամբուլի և Երևանի հիասքանչ պատկերներով ու մոգական երաժշտությամբ զուգորդված այս ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխության 89-ամյա պատմության ընթացքում Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմն է, որ այդքան մոտ է մրցանակին:

«Այն որ սա առաջին ֆիլմն է, որ վերջապես արժանացավ Օսկարի ուշադրությանը շատ կարևոր է ինձ համար, որովհետև սա հնարավորությոն է տալիս ցեղասպանության պատմությունը ներկայացնել մեծ թվով մարդկանց»:

Հունվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիան կհաստատի կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի հավակնորդների ցանկը, իսկ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:

Հեղինակ՝ Սարգիս Խանդանյան

auroraprize.com