Արարարտյան դաշտում առկա ջրային դեֆիցիտի աղետալի ծավալները պարզելու համար «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը երկարատև ուսումնասիրություն էր իրականացնում, որի ավարտին այսպիսի պատկեր ներկայացրեց:
Նշենք, որ այս վիճակն առաջացել է 2008 թգ-ից, երբ ձկնարդյունաբերությունը մեր երկրում արդյունաբերության գերակա ճյուղ հայտարարվեց և Սերժ Սարգսյանի կառավարության թողտվությամբ սկսեցին գերշահագործել ստորերկրյա ջրային պաշարները։ Արդյունքում ցամաքեց Արմավիրի մարզի միակ գետը՝ Սեւջուրը կամ Մեծամորը, որը եղել է Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը: Արարատյան դաշտի ջրապահանջարկը բավարարելու համար ամեն տարի մեծ քանակի ջուր է վերցվում Սևանա լճից, որի հետևանքով առաջացել է երկրորդ թնջուկը՝ Սևանը ճահճանում է:
Կուսակցությունների նախընտրական ծրագրերում, բնականաբար, փնտրում ենք, թե երկրում առջնահերթ լուծում պահանջող, հանրությանն ամենից շատ հուզող հարցերից որոնք են կարևորվել և ինչ լուծումներ են առաջարկվում: Ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից և դաշինքներից նախընտրական ծրագիր են հրապարակել մեկ տասնյակը, իսկ նրանցից միայն 6-ն են անդրադարձել ջրային ռեսուրսների պահպանման և գյուղատնտեսության զարգացման հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները:
Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացնում է, թե իր կառավարման շրջանում ինչ է արել այս ուղղությամբ: «Արարատի և Արմավիրի մարզերում իրականացրել ենք 10 խորքային հորի լուծարման և 47-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել շուրջ 50 խորքային հոր։ Խնայվել է 4500 լ/վրկ ջրաքանակ: Ձևակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի և արդյունաբերական նպատակով»,- ասվում է ՔՊ-ի նախընտրական ծրագրում:
Մեկ տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության հերթական ձեռքբերումները, հայտնեց, որ ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու, կանոնակարգելու եւ նորմավորելու համար իրականացվող աշխատանքների արդյունքում 2019թ.-ին խնայվել է 3017,8 լ/վրկ ջուր: Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ սա ավելին է, քան Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները:
Երբ Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալներով ուսումնասիրեցինք, թե ինչի արդյունքում է «խնայվել» 3010 լ/վրկ ջրաքանակը, պարզվեց, որ հաշվարկի մեջ մտցրել են 2013թ.-ից ցամաքած ու լքված խորքային հորերից ջրառի ցուցանիշները: Ջրախնայողության հաշվարկը կատարվել է նաև 2016թ.-ից ջրօգտագործման թույլտվություն չունեցող եւ ձկնաբուծական տնտեսության գործունեությունը դադարեցրած ընկերությունների նախկինում օգտագործած ջրաքանակի ծավալը (մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով): Փաստերը վերլուծելու արդյունքում հանգեցինք հետևության, որ ձեւական ցուցանիշներ գրանցելով՝ նախարարությունը շարունակում է կոծկել ջրի կորուստները: Հետևաբար, այսօր ներկայացվող ցուցանիշը՝ խնայվել է 4500 լ/վրկ ջրաքանակ, հավաստի չի կարող համարվել:
Դեռևս 2013թ.-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել էր, որ Արարատյան դաշտում շահագործվող 1379 խորքային հորից ջրօգտագործման թույլտվություն ունեն 467-ը, իսկ 912-ն՝ ապօրինի են: Ապօրինի հորեր շահագործող ընկերությունները, բացառությամբ մեկ-երկուսի, դուրս են մնացել նախարարության կոնսերվացման եւ փականային ռեժիմի բերելու աշխատանքների ցանկից: Արարատի մարզի քննչական բաժնում 6 հատոր քրեական գործ էր քննվել, պարզել էին ապօրինի խորքային հորեր շահագործողներին և գործը կարճել էին 2016թ.-ին: Բողոքների արդյունքում գործը վերաբացվեց 2019թ.-ին, քննվեց ևս 4 հատոր և դարձյալ կարճվեց:
Մեկ տարի առաջ մեր հրապարակած հետաքննությունը ավելյալ օգնություն էր իշխանությանը, որպեսզի լուծումներ գտնի արտեզյան ավազնի ջուրն անխնա սպառող հարյուրավոր ձկնաբուծարանների համար: Ծավալուն հետաքննությամբ փաստել էինք, որ Արարատյան դաշտում մեծ թվով ձկնաբուծարանների հիմնումը հնարավոր է եղել այն պատճառով, որ դրանց սեփականատերերին հաջողվել է փոքր ներդրումներով ձկնաբուծական տնտեսություններ ստեղծել։ Այս բիզնեսում կենսունակ են, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները, որովհետեւ կարողացել են անվճար կամ չնչին գներով մեծ հողատարածքներ ձեռք բերել: Ձկնաբուծական տնտեսությունների վերածելուց հետո էլ հողերի դասակարգման փոփոխություն չեն կատարել, տասնյակ հեկտարներով ինքնակամ կառուցած շինությունները չեն օրինականացրել, որպեսզի համայնքային բյուջե գումարներ չվճարեն:
Ամբողջությամբ՝ hetq.am