Այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան մեդիա-փորձագիտական դաշտում, բավական հետաքրքիր է։ Աստիճանաբար սկսել են շատանալ այն հրապարակումները, որոնցում խոսվում է այն մասին, թե ինչ է լինելու հետո։
Իսկ այդ «հետո»-ն արդեն մոտ ապագայում սպասվելիք իրադարձությունների մասին է։ Մենք արդեն գրել էինք մեր պատկերացումը այդ «հետո»-ի մասին, կապված հայ-ադրբեջանական համաձայնագրի, սահմանների ճշգրտման, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մի խոսքով այն ամենի մասին, ինչը հնարավոր է, որ տեղի ունենա եւ ինչի շուրջ կարծես թե կա գլոբալ կոնսենսուս։
Զարմանալի է սակայն, որ այս ամենը ասվում է հիմա՝ ընտրություններից հետո, եւ չասվեց ընտրապայքարի ժամանակ, ինչպես որ հարկն էր, չասվեց նախընտրական ելույթների ժամանակ։
Ցավալի է, որովհետեւ դրանով երեւաց, թե որքանով են անկեղծ թեկնածուներն ու քաղաքական ուժերը ժողովրդի հետ կամ եթե նման առկայծումներ անկեղծացման եղան էլ, դրանք արդյոք նկատվեցին, թե ընդհանուր աղմուկի եւ «աղբի» մեջ պարզապես խլացան ու կորան-գնացին։
Հիմա արդեն, հետին թվով նախազգուշացումները մեծ հաշվով շատ բան չեն փոխում, եթե միայն հիմքեր են ստեղծում նոր զարգացումների եւ խմորումների համար։ Մինչդեռ եթե քաղաքական ուժերը, թեկնածուները լինեին անկեղծ իրենց ընտրողների, առհասարակ ժողովրդի հետ, պետք է պատասխանեին ամենակարեւոր հետեւյալ հարցերին
- Կա արդյոք գլոբալ կոնսենսուս Հարավային Կովկասի նոր ճարտարապետության հարցում
- Հարավային Կովկասի նոր ճարտարապետության հարցում ինչ դերակատարություն ունի Հայաստանը
- Հարավային Կովկասի նոր ճարտարապետության հարցում ինչ դերակատարություն է սահմանված Լեռնային Ղարաբաղյան խնդրին
- Երբ է սկսվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված հաշտության մեծ պայմանագրի ստորագրումը • Ովքեր են ներգրավված այդ պայմանագրի նախապատրաստման գործընթացում
- Այս պահին այդ պայմանագիրը արդեն որքանով է պատրաստ կամ համաձայնեցված
- Երբ է սկսվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտումը դրանից բխող բոլոր հետեւանքներով
- Երբ է սկսվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսպես կոչված «հաշտեցումը»։ Ուզենք կամ չուզենք, այս ամենն աստիճանաբար, կապ չունի թե ինչ սոուսի տակ կամ ինչ փաթեթավորմամբ, ուղտի պես չոքելու է մեր դռանը։
Այնպես, որ հետին թվով հասարակությանը արթնացնելը միայն նրանով կարող է կարեւոր լինել, որ այն կարող է դառնալ «թթխմորը» նոր խմորումների համար։
politik.am