ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսպես կոչված «պողպատե մանդատի» մասին, կրկին ասպարեզ իջավ գործող իշխանությունների սիրած թեման՝ վենդետտաները, թե ով է պլստալու եւ ով ոչ եւ այսպես շարունակ։ Իհարկե, իշխանությունները հիմա ֆորմալ առումով փորձում է հասնել հանրային համերաշխության եւ հաշտության, սակայն, քչերն են հավատում իշխանությունների եւ անձամբ Փաշինյանի անկեղծությանը, իսկ ավելի լայն իմաստով՝ չեն էլ հավատում։
Բոլորին էլ հասկանալի է, որ 70-80 տոկոսից մոտավոր 53-54 տոկոսի վստահության քվեի իջման պայմաններում Փաշինյանի տարփողած այսպես ասած երկաթե մանդատն այնքան էլ երկաթե լինել չի կարող։ Իհարկե, Փաշինյանը կուզենար ունենալ «աղջիկ վախտերի» հանրային վստահության քվեն, դրանից բխող բոլոր հետեւանքներով ու հնարավորություններով, սակայն մտածող մարդը հասկանում է, որ երկաթե մանդատն իրականում հերթական լոզունգն է, որով նա կերակրելու է իր ընտրազանգվածին։
Ու քանի որ քաղաքականությունը Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում լինում է տեսանելի եւ կուլիսային, ապա տեսանելի քաղաքականության մեջ հայտարարված երկաթե մանդատն իրականում արդեն իրական կամ կուլիսային քաղաքականության մեջ այնքան էլ երկաթե չէ։ Սա ունի իր օբյեկտիվ մի քանի պատճառները։ Նախ, արդեն ասացինք, Փաշինյանի վարկանիշն այն չէ եւ մշտապես նրա գլխին դամոկլյան սրի պես կախված է լինելու ճգնաժամի սրացման վտանգը։
Երկրորդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, իր բոլոր բաղադրիչներով հանդերձ, Փաշինյանի համար երկաթե մանդատի հնարավորություններ չեն ստեղծում։ Ավելին, այդ հայտարարությունների կատարման համար Փաշինյանի համար կենսական կարեւորություն է դառնում ոչ թե երկաթե մանդատը կամ վենդետտան, այլ հնարավոր հաշտությունն ու համերաշխությունը հասարակության տարբեր խմբերի ու համայնքների հետ՝ էլիտաներից մինչեւ մասնագիտական համայնքներ։
Փաշինյանը հասկանում է, որ ինքը իշխանության մնացել է զուտ մի բանի համար՝ ավարտին հասցնելու նշված երկու հայտարարությունների կատարման գործընթացը, որի շուրջ կա գլոբալ կոնսենսուս կարծես թե։ Իսկ այդ դեպքում, ավելորդ լարում ստեղծելը իրեն ձեռնտու չէ, որովհետեւ առաջին հերթին Ղարաբաղյան խաղաղության եւ ռեգիոնի թարմացման գլխավոր երաշխավոր Ռուսաստանին եւ մնացած ակտորներին պետք է խաղաղ ու հնարավորինս անցնցում Հայաստան։