Հետընտրական ամոթն ու «Բաքվի թեկնածուն». politik.am
Advertisement 1000 x 90

Հետընտրական ամոթն ու «Բաքվի թեկնածուն». politik.am

Հայաստանում ամփոփվեցին 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարական ընտրությունները: Հաղթեց նա, ով պտի չհաղթեր, հաղթեց նա, ով հայ ժողովրդի նորօրյա պատմության դառնագին ցավի ու կորստի պատճառն է: Եվ, ի վերջո , հաղթեց նա, ում միջազգային մամուլը անթաքույց, անկաշկանդորեն կոչում է «Բաքվի թեկնածու»:

Մասնավորապես, Քարնեգիի մոսկովյան կենտրոնն իր վերլուծականներից մեկը վերնագրել էր «Բաքվի, Մոսկվայի կամ Արևմուտքի թեկնածու….» : Ուշադրություն դարձրեք, վերնագիրը գրված է ոչ թե հարցականով, այլ՝ կամ-ով: Ընդ որում, Բաքուն էլ գրված է առաջինը:

Սա մեր հետընտրական ամոթն է, մեր՝ խորքային ժողովրդի, ոչ թե մակերեսային, անինտելեկտ, որպես կանոն, սեփական կենսագրությունն անգամ առանց կողմնակի օգնության գրել չկարողացող հայկական սեգմենտի համար: Չեմ խորանա վերլուծականի երկակի՝ համ նալին, համ մեխին ոճով, գրված բովանդակության մեջ, քանզի այն չի արտահայտում հետընտրական Հայաստանի տրամադրությունները:Սակայն,պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն անգամ օտարերկրյա վերլուծաբանների կողմից չի ընկալվում որպես ժողովրդի թեկնածու, այլ՝ դրսի ուժերի խամաճիկ, խաղալիք, կամակատար: Սա կրկնակի խայտառակություն է հայ ժողովրդի համար, որը վերջնականորեն թաղեց իր իմաստության մասին բոլոր պատմական հիշատակումները: Ցավոք, հայ ազգի մի մասի վարկաբեկիչ ընտրությունը երկրորդ անգամ ողջ ազգին տարավ կրկնապարտության: Հայերն ընտրեցին կործանման առաջնորդի:
Սպոյլերները՝ ընտրություններում․

Հետընտրական ամոթներից էր նաև մեծաթիվ սպոյլեր կուսակցությունների առկայությունը: Մինի իմաստներով այդ քաղաքական միավորները հստակ գիտեին, որ ձայն չէին հավաքելու,սակայն իրենց քաղաքական նշանակությամբ, պարտավոր էին փոշիացնել անգամ մեկտոկոսային ընտրաձայները:Պատրաստ էին փչացնելու իրենց ՝թեկուզ մեկամսյա կենսագրությունը՝հանուն հանրությանը մոլորեցնելու ու նրանցից ընտրափշրանք պոկելու:Փաստորեն, նրանք գնացին գիտակցած քաղաքական մահվան՝ այս ու այն քաղաքական ծանրաքաշային միավորի վարձուն դառնալով: Սա կոչվում է քաղաքական մանրադրամություն՝ политические копеечники:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ընդդիմության սպոյլերների որակը եւ քանակը էականորեն տարբերվում էր իշխանակից:Ընդ որում, ընդդիմության մեկ տոկոսանոց կուսակցությունները շատ ավելի գաղափարական էին ,խորքային, քան իշխանության սպասարկուներինը: Իսկ թե ովքե՞ր էին նրանք, պարզ դարձավ օրերս, երբ նրանց առաջնորդները հանդիպեցին դեռևս վարչապետի աթոռը զբաղեցնող ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Վերջինի ձեռքսեղմիչների ցանկը , թերևս, գուշակելի էր:Սակայն եղան այնպիսի «խոսողներ», որոնք ուղղակի զարմանք հարուցեցին: Նիկոլ Փաշինյանի լավագույն, անգերազանցելի քննադատը լինելու առաջնությունում դափնեկիրները ,փաստորեն, պարտակվել էին քննդատի քողի տակ: Պարզվեց՝ ազգային , պետական դավաճանության մեջ տեղավորված անձի ձեռքը սեղմողներ շատ կան: Ու եթե այժմ որոշ սպոյլերներ փորձում են արդարանալ , որ կառավարության շենք գնալու հրավերն ընդունել են բացառապես ազգի շահերից ելնելով, ապա հարց է առաջանում ՝ իսկ ու՞մ շահերից ելնելով էիք ընդամենը մի քանի օր առաջ քննադատում այդ նույն կառավարությանը եւ նրա ղեկավարին:Ինչպե՞ս կարող էիք Սև «ջրի» 30 տոկոսի համար չպատերազմողի ձեռքը սեղմել եւ ձեզ հորջորջել ազգային շահի ծառաներ: Ձեր միտքը, խիղճը, հավատքը եւ հավատամքը ինչպե՞ս թույլ տվեց հինգ հազարից ավելի հայ զինվորների խորտակված կյանքերի պատասխանատուին , Արցախը , Շուշին հանձնած գոյանքին, պատերազմի երրորդ օրը զորքի լրահամալրումը դադարեցրած էակին, պատերազմը հոկտեմբերի կեսին չդադարեցնողին դիմել «հարգելի պարոն վարչապետ» դիմելաձևով: Քաղաքականն ինչպիս՞ի շահ էիք հետապնդում այդ վարչապետին քննադատելու օրերին եւ նրա առանձնասենյակում՝ նրա ձեռքը սեղմելիս:

Փաստորեն , այդ ուժերը քաղաքական դաշտում ստեղծված էին ոչ թե էլեկտորատի ձայները , այլ հենց էլեկտորատին՝ ընտրողին, փոշիացնելու համար:

Ամենաապշեցնողն այն է, որ այս իրավիճակում իրեն արմատական ընդդիմական ուժ համարող «Պատիվ ունեմ» դաշինքը, որն ուղղակի չընտրվելով, դարձավ խորհրդարանական երրորդ ուժ, կարծես, հեչ դեմ էլ չէ ընդունելու Նիկոլ Փաշինյանի առաջատարությունը: Վկա՝ Սերժ Սարգսյանի ՝ BBC-ին տված հետընտրական հարցարույցը եւ նրա քաղաքական կցորդ՝ Արթուր Վանեցյանի ասուլիսում հնչեցրած մտքերը:

Տեսանելի սխալներ, որոնք չշտկվեցին

Ինձ, որպես «Հայաստան» դաշինքի սատարողի, իրավունք վերապահեմ ի ցույց դնել այն սխալները, որոնք տեսանելի էին, բայց չվերածվեցին:

Թերագնահատվեց հակառակորդի ՝ընտրություններում խաղալու պոտենցիալը: Իմանալով, որ գործի կդրվի վարչական ռեսուրսը, տեսանելիորեն փորձ չարվեց խորանալ եւ ուսումնասիրել այդ ռեսուրսի կիրառման մեթոդները: Շրջիկ խմբերի, զինվորականներին իշխանական ընտրաթերթիկ մատուցելու, հայտնի «կառուսելի» , անձնագրերով մանիպուլյացիաների դեմը չառնվեց: Կարծես, դա թողնված էր անելու, որպեսզի հետո հիմք ստեղծվի դիմելու ՀՀ ՍԴ: Սակայն, քաղաքական տեխնոլոհգիաների առումով, կարծում եմ, դա սխալ էր:

Կար մեծ վստահություն, որ հաղթանակը աներկբա է, անվիճելի: Սակայն իրականում՝ տեղերում, մարդկանց հետ շփումներում, պարզ էր՝ տատանվողները մինչև վերջին օրը տատանվում էին: Ոչ մեկը ջանք, տեխնոլոգիա, մեթոդ չկիրառվեց նրանց տոկոսը իրապես մաշեցնելու ուղղությամբ: Կար դաշինքի կայուն ընտրազանգված: Այն , թերևս, համարվեց ֆունդամենտալ էլեկտորատ, այսպես ասած, «գրպանում դրած»: Իսկ թե կողքից ին՞չ «կկպնի», կհամարվի բոնուս:

Հուսադրվել հանրահավաքային էներգետիկայով ու գելլափային տոկոսներով, նշանակում էր՝ չտեսնել, այսպես ասած, գետնի վրա տիրող իրավիճակը: Ոչ միայն գյուղերում ,նաև քաղաքաներում , ընտազանգվածի հետ պատշաճ աշխատանք չտարվեց: Մինչդեռ, փոքր քարոզչական խմբերի աշխատանքը այստեղ է,որ պտի տար իր ընտրական «բերքը»: Ցավալի է, որ առկա մտավոր կարողությունների պաշարը գործի չդրվեց՝ ընտրական տրամադրությունները խորքում փոոխելու համար:

Անկասկած հաղթակի մեջ ինքնավստահությունը եւ դրա մասին հրապարակային հայտարարությունը ,ըստ իս, ավելի ագրեսիվ դարձրեց հակառակորդին: Ու ծնվեց հանրահայտ «մուրճով նկարը»: Փորձ արվեց դա չտեսնելու տալ, անտեսել այն ուղերձը, որը բովանդակում էր այդ «մուրճը»`համարելով , որ մարդիկ կհասկանան անառողջ երևույթը:Սակայն, հենց այն մարդիկ,որոնց ընտրական տատանումները պետք էր մաշեցնել, խանդավառվեցին այդ անառողջ տեսարանից: Ու , եթե պարզ էր, որ գյուղի ընտրողի հետ կապը բաց է թողնված, հարկավոր էր՝ քարոզարշավի կեսից, նոր ռազմավարություն մշակել, փոխել քարոզարշավի մեթոդոլոգիան: Դա ևս չարվեց:

Մարդկանց պետք էր հիշեցնել դաշինքի առաջնորդի՝ժամանակին իրագործած ռեգիոնալ զարգացման ծրագրերը: Չկային համապատասխան տեսահոլովակներ, որոնք ցույց կտային, թե ինչից ինչ է դարձել այս կամ այն շրջանը, տարածքը: Շեշտը դրված էր իմիջային տեսաուղերձների, անձի բրենդը ներկայացնելու վրա:

Արդյունքում, քարոզարշավի, իմ ընկալումներով , մարտավարական բացթողումները, կայունացրեցին հակառակորդի ընտազանգվածի քաղաքական նախընտրությունը:Մինչդեռ դաշինքի առաջնորդը ինքնին իրապես անմրցելի էր՝իր քաղաքական բագաժով, խարիզմայով:

Եվ վերջինը. ըստ իս, ակնհայտ էր դաշինքի շտաբային աշխատանքի բացը:

Այս ամենի համակցությունը հանգեցրեց նրան, որ ուժեղ թեկնածուն պարտվեց պարտվածին:

Հայ ազգի թշնամի՝ Ալիևի, հրճվանքն ու անսքող ուրախությունը՝ մեր հետընտրական ազգային ամոթն է:

politik.am



Նման նյութեր