Առաջին անգամ հայկական ծիրանը մեծ քանակությամբ արտահանվել է Ֆրանսիա։ Ֆրանսիայում գործող «Complex International» ընկերության հիմնադիր Արեգ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախկինում էլ էր Հայաստանից ծիրան բերվում, բայց ինքնաթիռներով, այսինքն` հարյուր կամ մի քանի հարյուր կիլոգրամով։
Արեգի ընկերությունը Հայաստանից ներմուծել է մեկ բեռնատար մեքենա` շուրջ 20 տոննա ապրանք։ Եկող տարիներին Արեգը ցանկանում է ծիրանի սեզոնին Հայաստանից բերել տասնյակ բեռնատարներ։
Ծիրանը արագ է փչանում, իսկ մինչև Ֆրանսիա ճանապարհը տևում է մոտ 10 օր։ Բայց Արեգը և իր թիմակիցները բոլորին հայտնի հնարք են կիրառել, որով ծիրանի կյանքը երկարացրել են մինչև 20-25 օր։ Արտահանման համար վերցրել են այնպիսի ծիրան, որն արդեն կանաչ չէ, բայց ուր որ է կսկսի դեղնել։
Այդպիսով ծիրանը պիտանի է մնում 10 օր քաղելու և տեղափոխելու և ևս 10-12 օր վաճառքի ընթացքում։
Ավել սպասելու կարիք չի եղել. ապրանքի ամբողջ քանակը հաշված օրերի ընթացքում վաճառվել է. մեծ մասը` հայկական խանութներում, Փարիզի հայաշատ արվարձաններում (Իսի Լե Մուլինո, Կլամար, Ալֆորվիլ), մի փոքր մասն էլ` գյուղատնտեսական շուկաներում։ Դրանք Փարիզում ավելի քան 80-ն են, ու հենց այստեղ է, որ Արեգը նախատեսում է ավելացնել վաճառքները։ Ապրանքը մատակարարվում է Ռանժիս (Rungis) քաղաքի մեծածախ շուկայից, որն աշխատում է Հովտաշատի («Մեյմանդարի») շուկայի պես, բայց, բնականաբար, տասնյակ անգամ ավելի մեծ է։
«Հեռանկարում նախատեսում ենք աշխատել «Leclerc»-ի կամ «Carrefour»-ի պես խոշոր առևտրային ցանցերի հետ։ Մեկ է` նրանց պահանջած ծավալներն ապահովելը դեռ իրական չէ ։ Այս պահին հայկական խանութներն ու գյուղատնտեսական շուկաները մեծ իրացման խողովակ են մեզ համար», – ընդգծում է Արեգը։
Հավելենք` վաճառքը հաջողությամբ կազմակերպվել է ոչ միայն հայկական, այլ նաև հունական և ռուսական խանութներում (վերջիններում ավանդաբար վաճառվում են նաև հետխորհրդային երկրների ապրանքներ)։
Բերված մրգի մի մասն էլ նվիրվել է Հայ առաքելական եկեղեցուն։ Տեղի եկեղեցիներից մեկում վերջին կիրակնօրյա պատարագներից մեկի ավարտից հետո այն բաշխվել է հավաքված հայության միջև, իսկ հանգանակած գումարն էլ կուղղվի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բարեկարգմանը։
Այս անգամ ծիրանը վաճառվել է համեմատաբար բարձր գնով, բայց հետագայում, երբ ծավալները մեծանան, կարելի է տեղավորվել 5-7 եվրո միջակայքում։ Իսպանականից կամ որոշ ֆրանսիական սորտերից մի քիչ թանկ կլինի, բայց Արեգը հիշեցնում է` պետք չէ մոռանալ համային հատկանիշների մասին։
Նշենք, տարիներ առաջ Ֆրանսիայի սպառողական կազմակերպություններից մեկը հարցում ու «կույր» համտեսներ էր կազմակերպել, որոնց արդյունքներով սպառողների միայն մեկ երրորդն էր գոհ մնացել ծիրանի համից։
Ֆրանսիայում հիմնականում իրացվում է շատ մեծ քանակի իսպանական, ինչպես նաև տեղական ու ավելի քիչ` իտալական ծիրան (աննշան քանակներով` նաև թուրքական)։ «Եվրոպականներն ավելի գեղեցիկ են` միատեսակ, վառ նարնջագույն, սակայն հայկական հետ համային տարբերությունն ակնհայտ է», – ընդգծում է Արեգը։
Նրա խոսքով` այս ամենն ավելի հեշտ կգնահատվի, եթե հայկական ծիրանի պատմությունը ճանաչելի դառնա ֆրանսիացի սպառողներին։ Մանավանդ որ ծիրանը բավականին մեծ քանակությամբ է սպառվում Ֆրանսիայում (հատկապես սեզոնին` հունիս–հուլիսին)։
Այդ պատճառով արկղերի վրա «Les meilleurs abricots du monde» («Աշխարհի լավագույն ծիրանները») ֆրանսերեն գրության կողքին նշվել է նաև ծիրանի լատինական անվանումը` «Prunus armeniaca» («հայկական սալոր»)։ Որոշ չափով սա աշխատել է, բայց դեռ մեծ աշխատանք է պետք։ Առավել ևս սա դժվար է իրագործել առանձին վերցրած բիզնեսի համար (պետությունն այս խնդիրը տասնյակ տարիներ ուշադրության չի արժանացրել)։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am