«Երկրներ կան, որոնք միայն 4-5 հեռուստաալիք ունեն, ու ամեն օր միայն հնչում է իրենց ազգային երաժշտությունը, և երեխան դեռևս մանկուց սկսում է լսել ու ճանաչել իր ազգային երգն ու երաժշտությունը, իսկ մեզ մոտ նման բան չի եղել ու չկա»,- ցավով նշում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ, դափահար Արամ Մովսիսյանը, ում հետ զրուցել ենք ժողովրդական երգի, դրա տարածման և այլ հարցերի շուրջ:
– Սովորաբար, երբ մեկը գուսանական և ժողովրդական երգ է երգում, շատերը միանգամից մտածում են, որ մշեցի է կամ սասունցի: Ձեր դեպքում ևս այդպե՞ս է:
– Մենք՝ հայերս, լինելով տաղանդավոր ազգ, ժողովրդական երգը ժառանգել ենք մեր նախնիներից: Երգ-երաժշտության տարբերությունը պայմանավորված է եղել տարածաշրջաններով՝ Համշենի, Բալուի, Սասնա, Մշո և այլն: Այսինքն, ժողովրդական երգը եղել է և՛ Սասունում, և՛ Մուշում, և՛ հայկական մյուս շրջաններում: Ես ծնվել եմ Երևանում, բայց արմատներով սյունեցի եմ, իսկ ժողովրդական երգը հոգեհարազատ է ինձ դեռ մանկուց:
– Սովորել եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Որքանո՞վ եք կարևորում մասնագիտական կրթությունը:
– Կատարելով ժողովրդական տարբեր երգեր՝ հասկացա, որ ուզում եմ մասնագիտանալ այս ոլորտում: Ժողովրդական երգերը փոխանցվելով սերնդեսերունդ, հնչում են այնպես, ինչպես հասել է մեզ: Բավական է ունենալ ձայնային տվյալներ, ու վերջ. կատարումը հնչում է հոգուց: Բայց լինում են երաժշտական նախագծեր, համագործակցություններ, որոնց դեպքում անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում, մեկը մյուսի հետ երաժշտական փոխըմբռնում: Ուստի ես շատ եմ կարևորում մասնագիտական կրթությունը:
– 2002-2007թթ. սովորել եք «Ժողովրդական երգեցողություն» բաժնում: Այդ բաժնում շա՞տ էին դիմորդները:
– Դիմորդները շատ չէին: Բազմիցս խոսել եմ այն մասին, որ պետության կողմից պետք է խրախուսվի և տարածվի մեր հայկական մշակույթը։ Պետք է կարևորվեն թե՛ երգը, թե՛ ազգային նվագարանները, թե՛ ուսուցումը: Անհրաժեշտ է սա դարձնել ազգային գաղափարախոսություն, իսկ դիմորդը, ընտրելով այս ուղին՝ գումար վաստակելու խնդիր ևս չպետք է ունենա:
– 2018 թվականին հիմնել եք «Եռախոսություն» բենդը: Ովքե՞ր են ընդգրկված, և ինչո՞ւ հենց այդ անունը:
– «Եռախոսություն» նախագծում ընդգրկված եմ ես ու թառահար Ալեքսանդր Սահակյանը: Երբ սկսեցինք միասին նվագել՝ հասկացանք, որ ծնվում է մի նախագիծ, որտեղ խոսուն էին մեր նվագն ու երգը, և այն կոչեցինք «Եռախոսություն»՝ թառի, դափի և երգի միջև: Դարեր առաջ մեր աշուղներն ու գուսանները թառի, դափի ու քամանչայի նվագակցությամբ, փոքրաթիվ կազմով կամ որպես մենակատար, հանդես են եկել համերգներով կամ խնջույքներին: Մեր նախագիծը տիպիկ ավանդական պահպանման ձևով է` թե՛ հնչողությամբ, թե՛ կազմի քանակով:
– Կատարում եք Համշենի երգեր: Դո՞ւք եք փնտրում ու գտնում, թե՞ որևէ մեկն օգնում է:
– Այո, առաջին տեսահոլովակը Համշենի երգերից մեկի՝ սիրված ու հետաքրքիր «Մոնա-մոնա»-ի հիման վրա է նկարահանված: Երգի ընտրությունն ու գործիքավորումը Նորայր Քարտաշյանինն է: Երգն ընդգրկված էր «Վան պրոջեկտ»-ի ծրագրում, որի մեներգիչն եմ: Այո, Համշենի բարբառը մեր ամենադժվար հասկացվող բարբառներից է, բայց կան մասնագետներ, որ այդ հարցով զբաղվում են, եթե դիմում ես՝ մեծ սիրով օգնում են: Ի դեպ, համերգային ծրագրով հանդես եմ եկել Արևմտյան Հայաստանում, Համշենում:
– Նշեցիք, որ աշուղները շրջել են ամենուր, ու հիմնականում մեկ աշուղն է և´ երգել, և´ նվագել։ Դուք հաճա՞խ եք շրջում Հայաստանի գյուղերում: Կա՞ն երգեր, որ հենց գյուղի բնակիչներից եք լսել, եկել եք, փնտրել ու սկսել կատարել:
– Շրջաններ այցի մեր նպատակը ոչ թե հին ժողովրդական երգեր փնտրելն է, այլ արդեն իսկ պեղված ու հատորներ դարձած երգերը մատաղ սերնդին ներկայացնելը՝ համերգների, դասընթացների միջոցով:
– Երիտասարդ երաժիշտ եք, եթե մեծահասակները պնդում են՝ հեռու են ժամանակակից տեխնոլոգիաներից ու չեն կարողանում տարածել գուսանական և ժողովրդական երգը սոցիալական ցանցերում կամ Youtube-ում, Ձեր դեպքում, կարծում եմ՝ այլ է: Այդ ուղղությամբ աշխատանք տանո՞ւմ եք: Որովհետև շատ երիտասարդներ դժգոհում են, որ ոչ թե իրենք չեն լսում այդ երգերը, այլ չեն գտնում:
– Կարծում եմ՝ չեն փնտրում: Իսկ այն՝ ես տարածո՞ւմ եմ, թե՞ ոչ, ապա իմ գործը երգելը, տեսահոլովակով հանդես գալն է: Մնացածը մասնագետներն անում են, ու հավատացնում եմ՝ սոցիալական ցանցերում, Youtube-ում մեծ ինֆորմացիա կա: Եթե փնտրեն՝ անպայման կգտնեն:
– Շատ գիտնականներ գնում են դպրոցներ, փորձում են սեր արթնացնել դեպի գիտությունը, իսկ ի՞նչ են անում ժողովրդական երգիչները:
– Հաճախ այցելել եմ տարբեր դպրոցներ, դասընթացներ անցկացնելով՝ փորձել եմ ներկայացնել հայկական ավանդական երգն ու երաժշտությունը: Երբ հանդիպում եմ դպրոցականների կամ ուսանողների՝ նախ հարցնում եմ՝ սիրո՞ւմ եք ժողովրդական երգը: Ցավոք, մեծամասնության պատասխանն ինձ տխրեցնում է, երգերը համարում են հին և ոչ նորաձև ու իրենց կարծիքով՝ միայն մեծահասակներն են սիրում ավանդական երգն ու երաժշտությունը: Այդ հարցին ոմանք մոտենում են նորաձևության տեսանկյունից և չեն դիտարկում՝ որպես ազգային արժեք: Սակայն, երբ ներկայացնում եմ երգը ու միասին կատարում ենք, արդյունքում հետաքրքրություն առաջանում է հայկական ժողովրդական երգի հանդեպ: Փորձը ցույց է տալիս, որ նախաձեռնությունը բավականին արդյունավետ է, ուստի այն լինելու է շարունակական: Կարծում եմ՝ կարելի է խթանել սերն առ հայրենի մշակույթը, չէ՞ որ այն մեր ազգի գենն է, տարբերանշանը, և յուրաքանչյուր հայի հոգու խորքում այն թաքնված է:
– Սովորաբար եկամտաբար համարվում է էստրադան, ավելին, էստրադային երգիչներն ավելի շուտ են հայտնի դառնում: Կարծես երբեմն նաև ոչ ժողովրդական երգեր եք կատարում: Դուք Ձեզ այդ ոլորտում պատկերացնո՞ւմ եք: Երբևէ մտածե՞լ եք միանգամից հայտնի դառնալու ու առավել շատ գումար վաստակելու համար այս ոլորտ տեղափոխվել:
– Փորձել եմ ու միգուցե լինեն երգեր այդ ոճում՝ զուտ կոմերցիոն նպատակներով: Սակայն շարունակելու եմ ներկայացնել ու իմը համարել ժողովրդականը, ազգայինը: Ու եթե ստացվի այդ ասպարեզում միանգամից հայտնի դառնալ, այդ փաստը կօգտագործեմ միայն ի նպաստ հայ մշակույթի տարածմանը:
Անի Կարապետյան