Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո էր, երբ մեզ՝ Դաշնակցության երիտասարդներիս առաջնագծից բարեւներ հասցրին: Հարցին, թե ո՞վ էր բարեւողը, ասացին՝ անունը չգիտենք, նրան այնտեղ «կամանդիր» են ասում, բոլորը նրան ճանաչում են, ինքն էլ բոլորին, ապա ավելացրին՝ փոքրամարմին եւ ճարպիկ երիտասարդ է, որի մասին դեռ կլսեք:
Մի քանի օր անց հանրապետության բոլոր լրատվամիջոցներով, ի թիվս ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հերոսների, նա էր` 19 տարեկանում արդեն հերոս դարձած երիտասարդը, որին ՀՀ նախագահը հանձնեց երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» պարգեւը, ապա՝ շնորհվեց սպայի բարձր կոչում:
Այդ նկարներում եւ տեսանյութերում ճանաչեցինք մեր գաղափարական ընկերոջը՝ Արթուր Աղասյանին: Դեռ մեկ տարի առաջ նա ՀՅԴ պատանեկան միության պատանիներից էր, այսօր արդեն՝ «Մարտական խաչ»-ի ասպետ:
Մեկ ու կես ամիս հետո Արթուրն այցելեց մեզ՝ իր բարեւներն անձամբ հասցնելու: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հին ու նոր անդամները հավաքվել էին նրան դիմավորելու, զրուցելու ապրիլյան դեպքերից, դրան նախորդող օրերից եւ պարզապես՝ 19 ամյա սպային տեսնելու եւ լսելու:
Դեռ ոչ մոտ անցյալում շատախոս, աղմկոտ Արթուրը կերպարանափոխվել էր, իր ամեն մի արտասանած մտքին զուգահեռ՝ ավելի եւ ավելի էր հասունանում մեր աչքին, եւ նույնիսկ հարցերը որոշակի զգուշավորությամբ էինք նրան ուղղվում:
Ապրիլին դեռ 9 ամսվա ծառայող էր: Դիրքի ավագն էր: Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր Արթուրի մտերիմ ընկերը՝ Վլադիմիր Մելքոնյանը: Կրակոցները շարունակվել էին նաեւ գիշերը: Հասկացան, որ այս անգամ սովորականի պես չէ ամեն ինչ, թշնամին օգտագործում էր ամեն տեսակի զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր էր բարձրացրել օդ ու սկսել շրջանաձև հրետակոծել դիրքերը:
«Մենք եւս սկսեցինք կրակել: Գիշերվա 03:45-ից՝ մեկ ժամ շարունակ հրետակոծեցին մեր առաջնագիծը: Տղաներին իջեցրեցի ներքեւ եւ հրահանգեցի, որ պատսպարվեն: Հակառակորդը սկսեց հրետակոծել կացարանի տարածքը: Հրահանգեցի՝ չշարժվել եւ սպասել: Այդ ամենը տեւեց մոտավորապես մեկ ժամ: Մեկ ժամ մեր դիրքի ուղղաթյամբ տեւած հրետակոծությունից հետո նրանք երևի մտածեցին, որ ողջ մարդ չկա այնտեղ: Այնուհետեւ ձայներ լսեցինք, դուրս եկա՝ տեսնելու ինչ է կատարվում: Տեսա, որ մոտ 25-30 հոգանոց դիվերսիոն խումբն արդեն մոտեցել էր դիրքին եւ գալիս էր ուղիղ դեպի մեր կացարան: Վստահ լինելով, որ բոլորը զոհվել են՝ առաջ եկան: Երբ հասկացան, որ մարդ կա, ցանկացան կացարանի ուղղությամբ նռնակ նետել, ես ավելի արագ գտնվեցի եւ նռնակս պատուհանից նետեցի նրանց ուղղությամբ: Ցանկացանք մերոնց զգուշացնել, որ դիվերսիոն թափանցում է մեզ մոտ, սակայն նրանք հասցրին կտրել «տապիկի» լարը: Ստիպված էինք ինքնուրույն մարտ վարել: Այդ պահին դրանցից մեկը մտավ «բոդրուշի» փոսի մեջ: Բադալյան Հարությունը վիրավորեց դրան: Նռնակ տվեցի նրան, նետեց եւ վերջանականապես ոչնչացրեց: Այնուհետեւ կացարանի վերևում ոտնաձայներ լսեցի: Հասկացա, որ ուզում են վառարանի խողովակով նռնակ գցել: Ես ավելի շուտ նռնակ նետեցի, որից նրանց խմբի հրամանատարը վիրավորվեց: Մոտավորապես 20 րոպե տեւեց մարտը: Մի քանի հոգու սպանեցինք, մյուսներին վիրավորեցինք՝ խուճապահար ստիպելով ետ շպրտվել, թողնելով իրենց զոհերի դիակները: Դուրս եկանք, նրանց դիերից զենքերը սկսեցինք հավաքել: Նկատեցի, որ վիրավորներից մեկը, ով լեյտենանտ էր, նռնակ կա ձեռքին: Վերջինս ուզեց նետել, բայց չհասցրեց, ես առաջինը նռնակ նետեցի: Քիչ հետո կարմիր «ռոպ» արձակեցին. նրանց ձախողման ազդանշանն էր: Այնուհետեւ տանկով հինգ «սնարյադ» խփեցին մեր խրամատի ուղղությամբ: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը… Այսպես, բոլոր ուժերով պահել ենք մեր դիրքը՝ առանց զոհերի, միայն մեկ հոգի՝ Հարություն Բադալյանն է վիրավորվել…»:
Արթուրի՝ թշնամու գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ որոշումը փրկեց դիրքն ու տղաների կյանքը: Հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան սառնասրտությամբ եւ առանց խուճապի մատնվելու գործել, պատասխանեց.
«Դիվերսիայից ընդամենը մի քանի ժամ առաջ մահացու վիրավորվեց իմ մտերիմ ընկերը. նա իմ ձեռքերում զոհվեց: Այդ պահից մեջս վրեժի ցասում առաջացավ: Երբ թուրքերին տեսա, ինքս ինձ ասացի՝ վրեժս պիտի լուծեմ, ու հենց հիմա է ժամանակը դա անելու: Ուրիշ ոչինչ»:
Մի պահ բոլորս լռեցինք, ապա նա շարունակեց.
«Մեր դեմ դուրս էին եկել հատուկ պատրաստված դիվերսիոն խմբեր: Մեր պես 18-20 տարեկան չէին: «Յաշմա» հատուկ ջոկատայիններն էին՝ թմրանյութերի ազդեցության տակ: Մեզ հաջողվեց ջարդ տալ նրանց… Հնարավոր է, որ զենքով զիջում ենք, բայց դա չի նշանակում, որ չենք կարող հաղթել կամ էլ՝պետք է հուսահատվենք: Պետք է պարզապես ավելի կազմակերպվենք, իրար թիկունք լինենք:
Նորից լռություն տիրեց, ապա ներկաներից մեկը հարցրեց՝ քեզ հերոս զգու՞մ ես, Արթո՛ւր:
«Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի»: