Հայաստանի պատմության թանգարանում, մոտ մեկ տարի է, վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե այդ աշխատանքները ե՞րբ կավարտվեն, արդյո՞ք թանգարանային արժեքներն ապահով վայրում են պահվում, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում:
– Պարոն Պողոսյան, մեկ տարի է, ինչ ՀՀ պատմության թանգարանում շինարարական աշխատանքներ են ընթանում: Ե՞րբ կավարտվեն, և ի՞նչ փոփոխություններ են արվելու այս աշխատանքների արդյունքում:
– Ինչպես տեղյակ եք, Հայաստանի պատմության թանգարանը դեռևս նախորդ տարվանից արդիականացման մի փուլ է թևակոխել: Պետական միջոցների հաշվին փորձում ենք լուծել թանգարանի օդափոխության և ջերմախոնավային համակարգի կարգավորման հարցը, որը երկար տարիներ ծառացել է թանգարանի առջև, և դա թույլ կտա բարելավել թանգարանային արժեքների պահպանության և, ընդհանրապես, թանգարանային ծառայությունների խնդիրը:
Շինարարական աշխատանքները սկսվեցին նախորդ տարվա աշնանը՝ սեպտեմբերից, սակայն պատերազմական իրավիճակն ազդեց գրեթե բոլոր ոլորտների վրա: Շինարարների մեծ մասը մեկնել էր ճակատ, որոշակի դանդաղումներ եղան: Կար նաև նախագծերի ճշգրտման և վերամշակման խնդիրը, որովհետև գործ ունենք մի կառույցի հետ, որը հուշարձան-կառույց է, բաղկացած է տարբեր ժամանակաշրջաններում կառուցված մի համալիրից. հիմնական շենքը 1915-16թթ. մի կառույց է, որը հետո համալրվել է նոր շրջանի կառույցներով, և սա, բնականաբար, նորանոր խնդիրներ է առաջացնում: Նախատեսված է ունենալ կաթսայատուն, որը կապահովի ջերմախոնավային համակարգը: Հիմա փորձում ենք, որ գոնե մինչև տարեվերջ ավարտվեն շինարարական աշխատանքները:
Իհարկե, թանգարանն այս ընթացքում փակ է, բայց չի դադարել գործել: Այս ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացնում՝ սկսած Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մեր զոհված հերոս տղաների իրերի հավաքագրումից, վերջացրած դասախոսություններով: Թանգարանի բացումից հետո փորձում ենք ունենալ նաև ցուցադրության որոշակի արդիականացված հայեցակարգ՝ մշտական ցուցադրությունը մի քիչ նորովի ներկայացնել: Նախագիծը սկսեցինք հենց պատերազմի ավարտից հետո և ոչ թե գնացինք նպատակային հավաքելու, այլ մի նախաձեռնություն արեցինք, որպեսզի այդ տղաների հարազատները, ընկերները իրենց ցանկությամբ բերեն որոշակի հուշեր, մասունքներ, որոնք թույլ կտան ունենալ, արձանագրել սա, և հետո ցուցահանդես կլինի դա կամ միգուցե դասախոսությունների շարք, ընթացքը ցույց կտա: Ամեն դեպքում նախաձեռնությունը դրական է գնահատվել, ու շատերն են նյութեր բերում՝ նշելով, որ դրանց պահպանման տեղը հենց թանգարանն է: Եվ մենք ոչ միայն պետք է փորձենք իրենց հիշատակը վառ պահել, այլև մեր մեսիջն այն է, որ կարողանանք նրանց կիսատ մնացած երազանքները փոխանցել հաջորդ սերունդներին:
Ինչ վերաբերում է թանգարանում առկա իրերին, ապա այս ընթացքում առարկաները, որոնք մի քիչ ծանրաշարժ էին, տեղում ենք փորձել պահպանել, իսկ այն առարկաները, որոնք հնարավոր է եղել տեղափոխել, դրանք ապահով ֆոնդապահոցներում համապատասխանաբար պահպանվում են, անվտանգ վիճակում են:
– Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կորցրեցինք թանգարաններ, մեր մշակութային ժառանգության մեծ մասը մնաց թշնամու ձեռքում՝ նրանց կողմից օկուպացված տարածքում. որոշ իրեր, նմուշներ հնարավոր եղե՞լ է փրկել:
– Այո, ժառանգության որոշակի մասը մնաց թշնամու ձեռքի տակ, սակայն հավաքածուների որոշակի մաս փրկել հաջողվել է: Շատ փակագծեր հիմա չեմ բացի:
– Վերանորոգումից հետո թանգարանում գնային փոփոխություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
– Մենք հակված ենք դա չանել՝ ելնելով սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներից: Եվ, ընդհանրապես, ինչքան թանգարանը մատչելի լինի, այնքան մեր օգուտն է: Ամեն դեպքում ուսանողների, աշակերտների, տարբեր խմբերի համար նույնը չէ տոմսի արժեքը: Մենք կշարունակենք այդ քաղաքականությունը, որը շատ կարևոր ենք համարում, և պետք է հնարավորությամբ ապահովել բոլորին, որպեսզի շփվեն մշակութային ժառանգության հետ: Եթե հասկանանք, որ շատ բարդ է որոշակի շերտերի համար, միգուցե փորձենք քաղաքականություն մշակել առանձին թիրախային հատվածների մասով: Հայաստանի պատմության թանգարանի տոմսի արժեքը կարող է մեր ազգաբնակչության համար խնդիր լինել, սակայն, երբ համեմատում ենք միջազգային թանգարանների հետ, շատ չնչին գումար է:
– Թանգարանն ունի նաև վաճառասրահ. կան զարդեր, տարբեր իրեր: Հնարավո՞ր է, որ այցելուն, ով հավանել է, օրինակ, 18-րդ դարի զարդը, խնդրի պատրաստել, եթե վաճառասրահում չկա դրա նմանը:
– Թանգարանի հուշանվերային խանութը Հայաստանի թանգարանների մեջ այն եզակիներից է, որը թանգարանի ապրանքանիշով է, արդեն երկար ժամանակ է, ինչ գործում է: Հիմնականում հնագիտական իրերի կրկնօրինակներով հուշանվերներ են պատրաստվել: Դրանք բուն պատճենները չեն, որոշակի տարբերություններ կան, սակայն այնպես են պատրաստվում, որ շատ չխեղեն: Հուշանվերները ևս հանրահռչակման քաղաքականության մի մասն են, աշխարհում ընդունված ձև է: Պատվերով փորձառություն չունենք, հիմա հաստիքային մի մաս ստեղծեցինք մարքետինգի գծով, և մասնագետներով հավաքվում, փորձում ենք հասկանալ, թե մեր ժառանգության հիման վրա ինչ տեսականի կարելի է ստեղծել, որը մեր հանրության համար կլինի մատչելի, կիրառելի: Օրինակ՝ ունենք 19-րդ դարից եկող քունքազարդեր՝ շքեզ զարդեր, որոնք, բնականաբար, այսօր դժվար թե մարդիկ կրեն, բայց քունքազարդերի առանձին դետալներ կտեսնեք, որ վերածվել ականջօղերի, որը կիրառելի կլինի: Մարդիկ կրելով՝ կհանրահռչակեն մեր մշակութային ժառանգությունը:
– Կա՞ն վնասված նմուշներ, որոնք անհրաժեշտ է վերականգնել. աշխատանքներն արվում են Հայաստանո՞ւմ, թե՞ դրսից են մասնագետներ բերվում:
– Սա մի մեծ խնդիր է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Ռեստավրացիայի հարցը երկար տարիներ ունենք: Բուհերն այդպիսի մասնագետներ չեն էլ պատրաստում: Վերապատրաստումների միջոցով են կայանում՝ որպես այդպիսին: Հայաստանի պատմության թանգարանն ունի ռեստավրացիոն մի ենթաբաժին, որտեղ աշխատում է 5-6 մասնագետ:
Կան առարկաներ, որոնց հետ կապված հատուկ միջոցառումներ են պետք: Հիմա մտածում են հնարավոր համագործակցությունների, դրսից մասնագետների, հովանավորների մասին: Դա բարդ և թանկ գործընթաց է, կարելի է ասել՝ թանգարանային շքեղություն է, իսկ թանգարանը ունի տարբեր նյութեր՝ սկսած թղթից մինչև քար, որոնք բոլորն էլ պահանջում են հատուկ մոտեցում, պահպանություն: Նաև միջոցներ ենք փնտրում, որպեսզի առանձին առարկաների պահպանության, վերականգնման հարցը կարողանանք լուծել:
Անի Կարապետյան