«Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում 168.am-ը զրուցել է Արիկ Գրիգորյանի հետ:
Սա իմ կյանքում երրորդ աղետալի դրվագն էր
Լինելով ծնունդով լենինականցի, այժմ՝ գյումրեցի, ցավով կնշեմ, որ սա իմ կյանքում երրորդ աղետալի դրվագն էր` երկրաշարժ, արցախյան առաջին պատերազմը և արցախյան երկրորդ պատերազմը, հուսամ՝ վերջինը: Չնայած, որ առաջին երկուսի ժամանակ փոքր էի և ինքս շատ հոգսեր իմ վրա չէի վերցրել, իսկ վերջին պատերազմը, այո, մեծ դեպրեսիայի աղբյուր էր իմ համար: Ինքս չեմ մասնակցել զինվորական գործողություններին, բայց, ինչպես բոլորը, օգնում էի, ինչպես որ կարող էի:
Հետպատերազմյան շրջանը հաղթահարում եմ հիմնականում չկանգնացնելով ստեղծագործական գործունեության շարժիչը: Կոնկրետ իմ համար շատ կարևոր է գործին չվերաբերվել չափից շատ էմոցիոնալ, քանի որ, երբ էմոցիաները գլուխ են բարձրացնում, տուժում է գործդ, և հնարավոր է՝ գժվես… այս պարագայում:
Արվեստագետը պիտի մտքով առաջնորդվի
Ստեղծագործական մարդիկ` հատկապես արվեստում կամ երաժշտության մեջ, նուրբ հոգի ունեն, ու ամեն ողբերգություն կամ աղետ կարող է ճակատագրական լինել, եթե, կրկնեմ, էմոցիաները գլուխ բարձրացնեն: Արվեստագետը պիտի մտքով առաջնորդվի, իմ համար դա էդպես է:
Ես ինքս շարունակում եմ իմ գործը, իսկ թե որքան հանճարեղ կամ հաջողակ կլինի, կորոշի ժամանակը:
Չէ՞ որ մշակույթն ամենահզոր զենքն է
Դեռ երբեք և ոչ մի պարագայում չեմ հիասթափվել իմ մասնագիտությունից:
Ավելին, դժվարություններն ավելի են ուժեղացրել իմ կամքը:
Չէ՞ որ մշակույթն ամենահզոր զենքն է:
Կարծում եմ՝ պիտի ավելի շատ ուշադրություն դաձնի մեր պետությունը մշակույթի և ստեղծողների վրա՝ տալով ավելի շատ հնարավորություններ, և ստեղծի բարենպաստ պայմաններ՝ այդ «զենքը» կատարելագործելով:
Դա միակ ելքն է ինքնաճանաչողության
Սստեղծագործող մարդն ամեն պայմաններում էլ ստեղծագործում է: Վատ թե լավ: Դա միակ ելքն է ինքնաճանաչողության:
Իսկ ինչ վերաբերում է՝ Հայաստանում ապագա կա՞, թե՞ չկա, պիտի մեր կառավարության գլուխներին հարցնեք:
Բամբիռի ու Թմբաթայի մասին
Բամբիռն ու Թմբաթան շարունակելու են իրենց ուղին՝ նվագելով, ստեղծելով, ճանապարհորդելով ու տարածելով իրենց գործունեության պտուղներն ամբողջ աշխարհով:
Անի Գաբուզյան