Հայ և ֆրանսիացի հնագետները «Էրեբունի» ամրոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ և ֆրանսիացի հնագետները «Էրեբունի» ամրոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել. armeniasputnik.am

Աչքերը կուրացնող վառ արև, քարերին խփող բահերի ու աշխատող խոզանակների ձայներ․ հնագետները խնամքով մաքրում են գտածոները փոշուց։

Այս պատկերը կարելի է վաղ առավոտից տեսնել «Էրեբունի» ամրոցի տարածքում։ 2020 թ. գիտական արշավախումբը COVID-19 համավարակի պատճառով դադարեցրել էր պեղումները։ Այժմ հայ-ֆրանսիական արշավախումբը վերսկսել է աշխատանքը։

«Էրեբունին» Ուրարտու պետության հնագույն քաղաք-ամրոց է, որը Արգիշտի Ա-ն կառուցել է մ.թ.ա. 782 թվականին: ժամանակին այն ծառայել է որպես ռազմավարական հենակետ: Այժմ դրա ավերակները գտնվում են Երևանի ծայրամասի Արին բերդ բլրի վրա և գրավում են հնագետներին ամբողջ աշխարհից։

Առաջին պեղումներն այստեղ իրականացվել են դեռևս խորհրդային տարիներին։ 2008 թվականից այստեղ աշխատում է հնագետների հայ-ֆրանսիական թիմը։ Այդ ընթացքում հայտնաբերվել են որմնանկարների, կավե կարասների բեկորներ (այդ թվում՝ սեպագրերով ու անոթների ծավալների մասին տեղեկություններով), կերամիկական իրերի մասեր։

Այս տարի արշավախմբի համանախագահները որոշել են պեղումներն իրականացնել ոչ միայն ամրոցի տարածքում, այլև դրա սահմաններից դուրս: Նրանք վստահ են, որ ամրոցի այն կողմում էլ չբացահայտված շատ բաներ կան։

Ի՞նչն է գրավում ֆրանսիացիներին

Ուրարտուն մի շրջան է, որն առանցքային է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, այլև ողջ մարդկության համար։ Հնագիտությունը հաճախ օգնում է հասկանալ՝ ինչպես է զարգացել հասարակությունը, ինչ պատմական գործընթացները տեղի են ունենում տարածաշրջանում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայ-ֆրանսիական արշավախմբի համանախագահ, ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը։

Դեշամպը Հայաստանի տարածքում արշավախմբի կազմում աշխատում է 1998 թվականից։ Այն ժամանակ նա մասնակցել է Գյումրուց հարավ գտնվող Բենիամին գյուղի մոտ իրականացվող աշխատանքներին։ Դրանից հետո ձեռնամուխ է եղել Էրեբունու գաղտնիքի բացահայտմանը։ Հնագետը բերդի տարածքում և «Էրեբունիում» պեղումները կարևոր է համարում ինչպես երևանցիների, այնպես էլ ողջ աշխարհի համար:

«Այժմ փորձում ենք հասկանալ ու վերականգնել Ուրարտուի անկումից մինչև Աքեմենյան թագավորության կայացումն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների ժամանակագրությունը։ Սա շատ կարևոր և քիչ ուսումնասիրված ժամանակաշրջան է», – ասաց Դեշամպը։

Նրա խոսքով՝ «Էրեբունիում» հայտնաբերված գտածոները կարող են բանալի դառնալ այն հարցի համար, թե ինչ է տեղի ունեցել տարածաշրջանում մ.թ.ա. VII-VI դարերում։ Հնագիտական աշխարհը գլուխ է կոտրում է այս հարցի շուրջ։

Նա նշեց, որ արդեն իսկ շատ հետաքրքիր բաներ են հայտնաբերվել։ Բայց նրան ամենից շատ գրավում են ոչ թե գտածոները որպես առանձին վերցրած առարկաներ, այլ այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների շղթայի վերականգնումը։ Բացի այդ, Դեշամպը հետաքրքրվում է ճարտարապետությամբ՝ ինչպես են ուրարտացիները կառուցել պատերը։ Հավաքված բոլոր փաստերը 2022 թվականին կհրապարակվեն աշխարհի առաջատար ամսագրերում։

Իսկ Երևանին սա ի՞նչ է տալիս

Պեղումների իրականացումն ու գտածոները կարևորեց նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որը նաև հայկական կողմից գիտարշավի ղեկավարն է:

Նրա խոսքով՝ հիմա իրենք փորձում են վերականգնել Ուրարտուից հետո մինչև Աքեմենյանները (VII-VI դդ.) ընկած «կորուսյալ ժամանակաշրջանը»։

«Հայ-ֆրանսիական արշավախումբն աշխատում է 2008 թվականից, իհարկե, եղել են տարիներ, երբ որոշակի պատճառներով պեղումներ չեն իրականացվել։ Սակայն այս տարի կարևոր է այն, որ մենք դուրս ենք եկել ամրոցի սահմաններից և այժմ ուսումնասիրում ենք այն, ինչ տեղի է ունեցել Էրեբունու տարածքից դուրս, այսինքն՝ ուզում ենք հասկանալ, թե ինչպես են ապրել վերնախավը և հասարակ մարդիկ», – ասաց նա։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ամրոցը հապշտապ է ուսումնասիրվել։ Դրա վրա ազդել է 1950 թվականին հայտնաբերված` Երևանի հիմնադրման տարեթվի վկայականը։ Իշխանությունն ու գիտական աշխարհը որոշել են, որ եթե 1968 թվականին քաղաքը 2750 տարեկան է դառնալու, ապա պետք է հասցնեն մինչ այդ պեղումներն ավարտել: Հետևաբար, որոշ գտածոներ խեղաթյուրված են մեկնաբանվել, տարբեր շերտերը ոտքի վրա են պեղել, ինչը նաև դրանց վնաս է հասցրել։

Այսպիսով, տեսադաշտից դուրս է մնացել Ուրարտուի անկումից մինչև Աքեմենյաններն ընկած ժամանակահատվածը։ Սակայն այն կարևորներից մեկն է, քանի որ, ըստ էության, այս դարաշրջանում սկսվում է Երվանդունիների տոհմի ձևավորումը։

Ամբողջությամբ՝ armeniaputnik.am