Երգչուհի Մարգային (Մարգարիտա Օգանովա) հեռուստադիտողը բացահայտել է դեռ շատ վաղ հասակից. 13-14 տարեկանում նա մասնակցեց իր առաջին հեռուստատեսային նախագծին՝ «Իմ անունն է»-ին՝ ներկայանալով Մայլի Սայրուսի նմանակմամբ: Նախագիծը հաջողություն բերեց խանդավառ աղջկան, որը տարիներ անց վերադարձավ հայկական շոու-բիզնես՝ նոր անվամբ ու նոր ոճով:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարգարիտան պատմել է՝ ինչու է երկար ժամանակ Ռուսաստանում բնակվելուց հետո որոշել վերադառնալ Հայաստան, ինչ ցավի միջով է անցել ու ինչպես է ստեղծել իր նոր կերպարը:
Երգչուհին երկար տարիներ անցկացրել է Մոսկվայում, սակայն ընտանիքում պատահած ողբերգությունը նրան ստիպել է վերադառնալ Հայաստան: Ինչպես ինքն է նշել՝ այնտեղ ամեն բան իրեն հիշեցնում էր իր մեծ կորստի մասին. երկու տարի առաջ քաղցկեղի հետեւանքով կյանքից հեռացավ Մարգարիտայի ավագ քույրը՝ Մարիամ Հակոբյանը, որը եւս հեռուստադիտողի շրջանում հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Իմ անունն է» նախագծին մասնակցությամբ, որտեղ նմանակում էր Նիկոլ Շերզինգերին: Մարիամը դարձել էր նախագծի տվյալ եթերաշրջանի հաղթողներից: Մարգան մինչ օրս դժվարանում է խոսել իր ցավի մասին, բայց մի բանում վստահ է՝ քույրն իրեն ուղեկցում է կյանքի ցանկացած փուլում.
«Չեմ ուզում խոսել ցավի մասին, այն առանց այդ էլ շատ է մեր կյանքում: Այդ ցավ կոչվածը միայն իմն ու իմ հարազատներինն է: Այդ ցավից հնարավոր չէ փախչել ու ոչ էլ՝ պետք է: Գուցե, կգա մի ժամանակ, երբ կկարողանամ խոսել այս մասին, բայց հիմա նախընտրում եմ լռել: Կասեմ միայն, որ Մարիամս լույս է, ու որպես լույս՝ ինձ միշտ ուղղորդելու է»,-նշեց նա:
Ամբողջությամբ՝ style.news.am