Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում 2019 թվականին բացվել էր Արցախյան պատերազմի հերոս, Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, որտեղից Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ իր դուրս չի բերվել՝ որևէ մեկի մտքով չի անցել, որ Շուշին կընկնի, քանի որ հայ զինվորները մինչև վերջին պահը բերդաքաղաքի համար մարտնչում էին։
«Դուշմանի տուն-թանգարանից որևէ իր չի փրկվել։ Մեր մտքի ծայրով իսկ չէր անցնում, որ Շուշին կարող է ընկնել թշնամու ձեռքը, հետո այդ ժամանակ մենք այնքան զոհ ունեինք, որ նույնիսկ մտածել չարժեր մնացածի մասին։ Երբեք չէինք մտածում, որ Շուշին կարող է ընկել թշնամու ձեռքը։ Երկու սենյականոց տուն-թանգարանից որևէ բան թշնամու ձեռքում չի հայտնվել, մենք կադրերում փնտրում էինք, որպեսզի տեսնեք՝ թուրքը մտե՞լ է տուն, արդյո՞ք եղբորս նկարներից որևէ բան նրա ձեռքն ընկել է, տուն-թանգարանի ամբողջ շենքի այդ մուտքն ամբողջությամբ այրվել էր։ Սա մխիթարանք է, երևի եղբայրս է վերևից հոգացել, որ թուրքն իր ցուցանմուշներից ոչինչ չպղծի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այն ոչ թե թանգարան էր, այլ Վարդանի տունը, թանգարան ասվածը մի քիչ սառն է, իսկ այն Դուշման Վարդանի երազած տունն էր՝ ապրող ու շնչող։
«Այնտեղ պահվում էր այն ամենը, ինչ կապված էր Վարդանի հետ՝ նկարներ, իրեր, գրքեր։ Այնտեղ մենք օրեր էինք անցկացնում, հյուրընկալություններ կազմակերպում, այն Վարդանի տունն էր։
Նույնիսկ մեր հարևանը երեք աղջիկ ուներ, չորրորդը տղա ունեցավ և անունը դրեց Վարդան, այդ Վարդանն է գաղթական դարձել, հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Վարդանի երազանքն էր՝ Շուշիում տուն ունենար։ Խոջալուն՝ Իվանյանն ազատագրելու ժամանակ Արթուր Մկրտչյանը Վարդանին ասել է, որ կարող է ապրել այն տանը, որտեղ 80 նռան ծառ է եղել, Վարդանը հրաժարվել է՝ ասելով, որ իր տունը պետք է Շուշիում լինի։ Նրա այդ երազանքը կատարվեց, նույնիսկ մայրիկին ասել էր, որ նրան Շուշիում է հուղարկավորելու, ասել էր՝ երկար ապրի, բայց ես քեզ Շուշիում եմ հուղարկավորելու։
Վարդանի 50-ամյակի կապակցությամբ երիտասարդների նախաձեռնությամբ Շուշիից մինչև Ստեփանակերտ ճանապարհին յասամաններ տնկվեցին։ Հիմա չգիտեմ, այդ յասամանները ծաղկել են, չեն ծաղկել, ինչ վիճակում են։ Շուշիի հարցը շատ մեծ ու խորը ցավ է, այստեղ կարևորը՝ շուշեցիներն անտուն չմնան, սրա մասին պետք է հոգան, այն նորածին Վարդանը, որը 40 օրական էլ չկար՝ գաղթական դարձավ, թե չէ մնացածը…»,- նշեց Արմինե Ստեփանյանը։
44-օրյա պատերազմի ընթացքում՝ մինչև Շուշիի անկումը, կռվող տղաները, բժիշկները մնացել են Դուշման Վարդանի տանը՝ այն դարձնելով իրենց համար շտաբ։
«Այսքան մարդկային կորուստների մեջ, տուն-թանգարանի մասին այդքան չէի մտածում, հաշտվել էի դրա հետ, ասում էի՝ ոչինչ, գոնե Դավիթ Ամալյանի որդին՝ մեր մյուս Վարդանը, փրկվի, երբ նրան փնտրում էինք։ Ցավոք, երկրորդ Վարդանն էլ զոհվեց, Շուշին էլ ընկավ, հույս ունեմ, որ երևիցե ես ինքս լինելու եմ Շուշիում։ Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված ու ստորագրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է»։ Ամեն դեպքում թուրքը Վարդանի տուն չի մտել»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է Երևանում՝ Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Դուշման Վարդանի տուն-թանգարանին, Ա. Ստեփանյանն ասաց, որ այսօր՝ պայմանավորված համավարակով, թանգարանն ակտիվ չէ, պասիվության պատճառը միայն դա է։
Նշենք, որ Շուշիում կա նաև Դուշման Վարդանի անունով փողոց։ 1992 թվականին, երբ Դուշման Վարդանը մասնակցում է Շուշիի ազատագրմանը, և երբ արդեն Շուշին ազատագրված էր, ըստ մարտական ընկերների՝ Դուշման Վարդանը մտնում է հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից շիրիմ և գոչում՝ «մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
Զվարթ Խաչատրյան