Ո՞ր ըմպելիքներն են բորբոքային պրոցեսներ առաջացնում օրգանիզմում
Advertisement 1000 x 90

Ո՞ր ըմպելիքներն են բորբոքային պրոցեսներ առաջացնում օրգանիզմում

Որոշ հայտնի ըմպելիքներ կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա եւ նպաստել օրգանիզմում բորբոքային պրոցեսներին: Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Էմի Հուդսոնը (ԱՄՆ), հայտնում է Eat This, Not That! թերթը:

Նրա խոսքով, չկան մթերքներ, որոնք ինքնին բորբոքում են առաջացնում: Սակայն կարեւոր է, օրինակ, օգտագործվող ըմպելիքների քանակը եւ որոշակի հիվանդությունների հակվածությունը կամ արդեն դրանց առկայությունը: Մասնագետի խոսքով, այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով մեծ քանակությամբ սոդայով խմիչքներ, քաղցր թեյ եւ այլ շաքարով քաղցրացրած ըմպելիքներ են օգտագործում, քրոնիկ բորբոքման մեծ ռիսկ ունեն՝ առողջական այլ խնդիրների հետ մեկտեղ:

Բացի այդ, շաքարի չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, որն իր հերթին կարող է օրգանիզմում քրոնիկ թույլ բորբոքումներ առաջացնել:

Այս տվյալները հաստատում է նաեւ Կլինիկական սնման ամերիկյան ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը: Այն ցույց է տվել, որ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիք խմելը հետազոտության մասնակիցների մոտ հանգեցրել է ինսուլինի եւ խոլեստերինի մակարդակի բարձրացման:

Մասնագետի խոսքով, շատ քանակի ալկոհոլի օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խնդիրներ, որոնք հանգեցնում են բորբոքման: Բանն այն է, որ սպիրտը քայքայում է աղիքների լորձաթաղանթի պաշտպանիչ շերտը եւ փոխում է աղիների միկրոբիոտան:

Ըստ դիետոլոգի, պետք է նախապատվությունը պետք է տալ սովորական խմելու ջրին եւ ցածր կալորիականությամբ ըմպելիքներին: Բորբոքումը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել կանաչ թեյ, ինչպես նաեւ բալի եւ նռան հյութեր:

news.am