Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունովը, ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվեց որպես «բարերար»՝ Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցը վերանորոգելու համար:
Հատկանշական է, որ քրեական հեղինակություն համարվող անձը պարգևատրվել է մի իշխանության կողմից, որն ընդամենը մեկ տարի առաջ քրեական ենթամշակույթ կրող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծ էր ընդունել: Նախագծով նախատեսվում էր քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու և պահպանելու համար: Մինչդեռ, գործնականում նրանք ոչ թե պատժվում են, այլ պարգեւատրվում ու որպես օրինակ ներկայացվում մատաղ սերնդին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընդգծեց, որ սա առաջին հերթին հակասում է կառավարության և քաղաքական ուժի գործունեությանը.
«Այն մարդիկ, որոնք որոշել էին արմատախիլ անել քրեական բարքերը, փաստացի հիմա պարգևատրում են քրեական բարքերը: Պետական պարգևատրում է տրվում մի մարդու, որը համարվել է քրեական հեղինակություն: Եթե այդ մարդը ցանկացել է նվիրատվություն անել և դպրոց վերանորոգել, ինչը գնահատելի է, պետք էր ուղղակի դա ընդունել ի գիտություն, ուրիշ ոչինչ»,-ասաց զրուցակիցը:
Ուշագրավ է, որ քրեական հեղինակություն համարվող անձը պարգևատրվել է դպրոցահասակ երեխաների ներկայությամբ:
Սոֆյա Հովսեփյանն այս երևույթն անընդունելի համարեց, և ընդգծեց, որ սա նպաստելու է, որ երեխաները սկսեն հետաքրքրվել քրեական հեղինակության գործունեությամբ.
«Երեխաները, իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով, սկսելու են հետաքրքրվել՝թե ո՞վ է այդ մարդը, նրա գործունեությամբ հետաքրքրվել, հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաները հեշտությամբ ոգևորվում են նման անձանց կերպարներով, սա որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ: Ես կարծում եմ, սա զուսպ պետք է արվեր՝ այլ ոչ թե մեծ տոնակատարությամբ և ծափերով»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Զրուցակցի խոսքով, ստացվում է, որ ցանկացած անձ կարող է անօրինական գործողություն անել և դրանից հետո դպրոց,եկեղեցի կառուցել, և դրանից հետո սրբադասվել և դառնալ հեղինակություն:
Ընդգծենք, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հետևողականորեն պայքարելու են քրեական բարքերի դեմ: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայաստանում արմատախիլ անել նաև քրեական ենթամշակույթը»: Փաստացի, իշխանությունը հակասում է իր իսկ խոսքին և իր որդեգրած քաղաքականությանը՝ նպաստելով դրա հիմնայնացմանը։
Նկատենք, որ քրեական հեղինակության պարգեւատրման արարողությունը լայնորեն լուսաբանվել էր նաեւ իշխանական հեռուստաընկերությունների կողմից որպես օրվա կարեւոր իրադարձություն։
Աղբյուր` Փաստինֆո