Ռուսաստանցիները նախընտրում են «թավշյա սեզոնը» մերձավոր արտասահմանյան երկրներում անցկացնել։ Տեղեկությունը նշված է Туту.ру ուղևորությունների ու ճամփորդությունների ծառայության վերլուծական կենտրոնի զեկույցում, որի արդյունքներին ծանոթացել է Sputnik գործակալությունը։ Վերլուծվել են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ավիատոմսերի ամրագրումները։
Նշված ժամանակահատվածում ռուս ճանապարհորդների շրջանում ամենապահանջված 15 ուղղությունների վարկանիշում ութ հետխորհրդային պետություն է ընդգրկվել: Հայաստանը գլխավորում է այդ ցուցակը, երկրորդ տեղում Ղրղզստանն է, ընդ որում՝ այդ երկու երկրներին միասին բաժին է ընկել ձևակերպված տոմսերի 29,1%–ը։
Աշնանային հանգստի համար ամենահայտնի երկրների առաջին հնգյակը եզրափակում են Ադրբեջանն ու Մոլդովան։ Վարկանիշում տեղ են գտել նաև Ուզբեկստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը:
Туту.ру –ի մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Անիսիմովան պարզաբանում է, որ ռուսաստանցիների համար հետխորհրդային երկրների տոմսերը գնելիս հանգստանալու նպատակը երկրորդային է։
«Ամրագրումների զգալի մասը գործնական ու մասնավոր ուղևորություններ են անձնական պատճառներով»,-ասել է նա Sputnik-ի հետ զրույցում ՝ ավելացնելով, որ համավարակի պայմաններում մարդիկ ռիսկ չեն անում ճանապարհորդությունները նախապես ծրագրել, մեծամասնությունը գնում է տոմսերն ըստ անհրաժեշտության։ «Անցյալ տարի արտասահմանյան ճամփորդությունների մասնաբաժինը, ընդհանուր առմամբ, կազմում էր ամրագրումների ընդհանուր թվի 2-3%-ը։ Այս տարի այն աճել է մինչև 5 տոկոս, բայց չի վերադարձել մինչ համավարակային մակարդակին՝ 20-25 տոկոս»։
Որոշ ուղղություններ սրընթաց տարածում էին ստացել հենց համավարակից առաջ։
Զբոսաշրջության ոլորտի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Կոնստանտին Կուզմինիխը կարծում է, որ հետխորհրդային երկրները որպես արձակուրդի անցկացման վայր ընտրելով՝ ռուսաստանցիները հետևում են զբոսաշրջային միտումներին:
«Ճանապարհորդները ձգտում են բազմազանության, իսկ հետխորհրդային երկրները տարածված ուղղություններ են։ Այդ երկրները կարող են առաջարկել հետաքրքիր խոհանոց, տեսարժան վայրեր ու նոր տպավորություններ», – ասել է նա: