«Հյուսիսային հոսք-2» գազատարի երկրորդ գծի վերջին խողովակը տեղադրվել է Բալթյան ծովի հատակին։ Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է նախագծի օպերատոր Nord Stream 2 AG ընկերությունը։ Իսկ սեպտեմբերի 9-ին ֆյուչերսային շուկայում պատմական ռեկորդ է սահմանվել. աճուրդի պատմության մեջ առաջին անգամ 1000 խմ գազի գինը գերազանցել է 700 դոլար նշագիծը։
Ինչպե՞ս կազդի «Հյուսիսային հոսք-2»–ի գործարկումը Եվրոպայում սրընթաց աճող գազի գնի վրա։ Եվ ինչո՞ւ «Գազպրոմը» չի ավելացնում ԵՄ շուկա գազի մատակարարումները, երբ եվրոպացիները մտավախություն ունեն սառչելու ձմռանը ջեռուցման սեզոնի համար գազի ոչ բավարար պաշարների պատճառով։ Ռուսաստանի էներգետիկ ռազմավարության առանձնահատկությունները «Sputnik на русском» YouTube–յան ալիքին տված հարցազրույցում պարզաբանել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը։
Ինչու են մեղադրում Ռուսաստանին, այլ ոչ թե Նորվեգիային
Գազի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը Եվրոպայում սեպտեմբերի 9-ին աճուրդի պատմության մեջ առաջին անգամ 1000 խմ–ի դիմաց գերազանցեց 700 դոլարը։ Մեկ ամիս առաջ գազի ֆյուչերսը առաջիկա ամսվա մարումով 1000 խմ–ի դիմաց արժեր 550 դոլար, իսկ մայիսի կեսերին`373։ Գազ եվրոպացի թրեյդերները իրավիճակը «խելահեղություն» են անվանում։ Իսկ մի շարք եվրոպական ԶԼՄ–ներ գնային մրցավազքը բացարել են «Գազպրոմի» խարդախություններով։ Սակայն այդ անհեթեթությունը տրամաբանական բացատրություն ունի, կարծում է Իգոր Յուշկովը։
«Ասիայում գազի գներն ավելի բարձր են, – ասում է նա։ – Չինաստանն ընդլայնում է գազի սպառման ծավալները։ Այնտեղ խոշոր սպառողներ կան. Ճապոնիա, Հարավային Կորեա։ Այսինքն ողջ հեղուկ գազը Ասիա է գնում։ Հեղուկ գազի արտադրողները, բնականաբար, ուզում են ավելի շատ գումար աշխատել, այդ պատճառով ողջ 2021թվականի ընթացքում խոշոր խմբաքանակները ասիական շուկաներ են ուղարկում»։
Հետևաբար, եթե Եվրոպան հեղուկ գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, նրան գրեթե նույն գներն են առաջարկում, ինչ Ասիայում, բացատրում է Յուշկովը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապրիլից մինչ օրս այն նույն ծավալի գազ է մատակարարում։
«Այդ պատճառով, երբ Ռուսաստանին մեղադրում են փականը փակելու և Եվրոպային շանտաժի ենթարկելու մեջ, ինչը մենք անդադար լսում ենք արտասահմանյան մամուլում, դա այդպես չէ, – նման եզրակացության է գալիս Իգոր Յուշկովը։ – Կարելի է նայել խողովակաշարային գազի այլ մատակարարներին։ Նույն Նորվեգիայում չորրորդ տարին անընդմեջ գազի արդյունահանման ծավալներն անկում են ապրում, և նա փորձում է գազն ավելի շատ հեղուկացնել և Ասիա ուղարկել»։
Ամբողջը՝ armeniasputnik.am