Ամբողջ աշխարհում արդեն ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 5.72 միլիարդ դեղաչափ. պատվաստանյութի 75 դեղաչափ՝ 100 մարդու հաշվով: Ոմանք ստացել են պատվաստանյութի մեկ դեղաչափ, մյուսները՝ երկու, իսկ ոմանք՝ երեք: Ենթադրվում է, որ աշխարհի բնակչության մոտ 42 տոկոսն արդեն պատվաստված է կորոնավիրուսի դեմ, սակայն տարբեր երկրներում պատվաստումների մակարդակը տարբեր է. որոշ երկրներում պատվաստված է բնակչության ճնշող մեծամասնությունը, մյուսներում՝ 1 տոկոսից պակաս:
Այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է աշխարհի առնվազն 199 երկրում: Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները պատվաստվածների թվով դրանց մեջ առաջատարն են. այնտեղ բնակչության 91 տոկոսն արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ: Նրանք օգտագործում են Pfizer-BioNTech, Sinopharm, Oxford-AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը:
Աշխարհում պատվաստվածների թվով երկրորդ տեղում է Պորտուգալիան, որտեղ բնակչության 85 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ: Այնտեղ օգտագործվում են Pfizer-BioNTech, Oxford-AstraZeneca, Moderna եւ Johnson & Johnson պատվաստանյութերը:
Բնակչության ավելի քան 81 տոկոսն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել Մալթայում, Քաթարում եւ Սինգապուրում: Եվրոպական երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում եւ այլուր, արդեն պատվաստվել է բնակչության ավելի քան 70 տոկոսը:
Միացյալ Նահանգներում բնակչության 63 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ Այնտեղ օգտագործվում են Pfizer-BioNTech, Moderna եւ Johnson & Johnson պատվաստանյութերը: Իսկ չպատվաստվածների համար, ինչպես թվարկված երկրների մեծ մասում, կան մի շարք սահմանափակումներ:
Ռուսաստանում բնակչության 31 տոկոսն է պատվաստված: Նրանք օգտագործում են Sputnik V, EpiVacCorona եւ CoviVac դեղամիջոցները:
Հայաստանն այս պահին պատվաստումների ամենացածր մակարդակով երկրներից է: Ըստ վերջին տվյալների՝ այստեղ արդեն ներարկվել է պատվաստանյութի 335.721 դեղաչափ. Առաջին դեղաչափը ստացել է 215.278 մարդ, երկրորդը՝ 120.443 մարդ: Ըստ Reuters-ի հաշվարկների՝ ներկայումս երկրի բնակչության միայն մոտ 5 տոկոսն է պատվաստված:
Եվ դա շատ ավելի քիչ է, քան տարածաշրջանի այլ երկրներում:
Օրինակ, Թուրքիայում արդեն պատվաստված է բնակչության 61 տոկոսը, Ադրբեջանում՝ 38 տոկոսը, Իրանում՝ մոտ 23 տոկոսը, իսկ Վրաստանում՝ մոտ 19 տոկոսը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենացածր ընդգրկվածությամբ երկրներնին, ապա դրանց թվում են Մադագասկարը, Տանզանիան, Բուրկինա Ֆասոն, Հաիթին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, այս բոլոր երկրներում պատվաստանյութ ստացել է բնակչության 1 տոկոսից ավելի քիչ մարդ:
Հետաքրքիր է, որ պատվաստումների ամենամեծ թվով երկրներում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը գրեթե չի նվազում: Սակայն, միեւնույն ժամանակ, նվազում է COVID-19-ով հիվանդների թիվը, ովքեր ծանր վիճակում հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նվազում է: Նվազում է նաեւ մահացության մակարդակը: