«Մի քանի օր էր, ինչ բարձրացել էի դիրքեր։ Ու այնքան տարօրինակ էր․ արհավիրքից մեկ օր առաջ մտածում էի ու ընկերոջս հարցնում՝ տեսնես ինչպե՞ս են սկսվում պատերազմները։ Եվ հաջորդ առավոտյան, երբ դեռ կիսաքուն նոր-նոր էինք փորձում վերադառնալ ցերեկային ծառայությանը, քանի որ ամբողջ գիշեր հերթափոխել էինք, սկսվեց լայնամասշտաբ պատերազմ․․․ Սկզբում թշնամու անօդաչուներն էին հարձակման անցել, որոնց դիմագրավում էր մեր հակաօդային պաշտպանությունը, այնուհետև շարունակվեցին թեժ մարտեր, փոխհրաձգություններ, հրետանու համազարկային հարվածներ, և թշնամին, տանկերով հետզհետե գրավելով հարակից դիրքերը, եկել-շրջափակել էր մեր դիրքը։ Ամբողջ ուժով դիմագրավելուց հետո մեզ տրվեց «Նահանջ» հրամանը։
Թշնամու հարձակումը բացի տանկերից ուղեկցվում էր ականանետներով և հեռահար այլ զինատեսակներով, որոնք մեր՝ հետևակային զորքի պաշտպանությունը խոցելի էին դարձնում, որովհետև հետևակին կցված զենքերով հնարավոր չէր կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, և մենք մե՛կ թաքնվում էինք, մե՛կ կրակում, մե՛կ նահանջում դեպի հին, վաղուց չզբաղեցված դիրքեր։
Բայց նահանջելը ևս շատ բարդ էր, որովհետև մենք նրանց տեսադաշտում էինք ու, ի վերջո, տանկի վրա կանգնած մի ադրբեջանցի զինվորի երկու փամփուշտ հասան ինձ․ մեկը դիպավ սաղավարտիս, մյուսը՝ թևիս։ Դրանից հետո սողալով նահանջել եմ մոտ կես ժամ, մինչև հասել եմ զինակից ընկերներիս։ Քանի որ զրահաբաճկոնիս թիկունքում պաշտպանիչ շերտ չկար, անհանգստանում էի, որ կարող է մեջքից վիրավորվեմ, բայց, ինչպես ասում են, բախտս բերեց։ Տղաները կրակով պահեցին թիկունքս, հետո ինձ օգնեցին ու մոտ մեկ ժամ քայլելով հասանք հենակետ, մինչ կրակոցների տակ մեզ հասավ շտապօգնության մեքենան։ Սկզբում ինձ տեղափոխեցին Ֆիզուլի, հետո՝ Հադրութ, Գորիս և, ի վերջո, Հանրապետական հիվանդանոց։ Հադրութից հեռանալիս մեքենան անցնում էր մեր զորամասի կողքով, որ արդեն ամայի էր ու դատարկ։
Հիշում եմ, որ ընկերներով տուն զանգել չէինք կարողանում, որովհետև իրավիճակը շատ թեժ էր, և զանգելն ու ընտանիքին քո մասին հարաբերական լավ լուր հաղորդելը գուցե լիներ խաբկանք ու շատ կարճատև ուրախություն, որովհետև ամեն վայրկյանը կարող էր վերջինը լինել։
Պատեազմի օրերին, երբ հիվանդանոցում էի, ընկերներիս, հատկապես զոհված ընկերներիս հարազատները իրենց կարոտը ինձնից էին առնում։ Պատերազմից հետո էլ շատ ենք հանդիպել։ Եվ շարունակ մտածում էի՝ ինչպե՞ս ստացվեց, որ հենց ե՛ս ողջ մնացի, ի վերջո, ի՞նչ առաքելություն վերապահվեց ինձ։ Եվ ժամանակի ընթացքում հասկացա, որ առաքելությունս ընկերներիս մասին պատմելն է, նրանց կիսատ թողածը ավարտին հասցնելը։
Մի ընկեր ունեի, որի դիմանկարն էի նկարել թղթի վրա, ու երբ նրա մարմինն էին բերել, գրպանում գտել էին այդ դիմանկարը, որի տակ գրված էր՝ «Սիրով Խաչիկից»։ Հիմա ամենից շատ կապված եմ մտերիմ ընկերոջս՝ Լևոնի ընտանիքին։ Լևոնը զոհվեց մարտերից մեկում։ Երգ ուներ գրած, որը ձայնագրվել է, գործիքավորվել, կատարվել։ Շատերին հայտնի պատմություն է։
Ամեն անգամ, երբ բացում եմ հագուստիս պահարանը, երկար նայում եմ խնամքով կախված զինվորական համազգեստիս, որի վերնազգեստի մի թևը պատռված է, տաբատի ոտքերն արյունոտ, ու աչքերիս առաջ պատկերվում է պատերազմը, որը չի էլ մոռացվել հիշվելու համար։
Կադրում ես, կաս, կանք, շնորհակալ ենք»։
Եսայի Դուրմուզյանի ֆեյսբուքյան էջից