Վիրավոր, բայց չհանձնված. պատերազմից մեկ տարի անց` ապրեցնող հույսի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիրավոր, բայց չհանձնված. պատերազմից մեկ տարի անց` ապրեցնող հույսի մասին

44-օրյա պատերազմից անցել է ուղիղ 1 տարի, ու մինչ շատերն իրենց հիշողությունն են թարմացնում, պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղաները փորձում են վերագտնել իրենց։ Նրանց օգնողները շատ չեն, բայց լուռ, գլուխները կախ, փորձում են ոչ միայն ուշադրություն հատկացնել, այլև վերադարձնել տղաների կորսված ժպիտն ու առողջությունը։

«Հայկական ճամբարը» արցախցու ու վիրավորված տղաների տունը դարձավ

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտ՝ Սևանի ափին գտնվող «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության տարածքում 44–օրյա պատերազմի ողջ ընթացքում ապրելու տեղ գտան տունը կորցրած մի քանի տասնյակ արցախցիներ։

“Հայկական ճամբարի” վերականգնողական կենտրոնում

Իսկ այժմ այն դարձել է վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած շատ տղաների սիրելի ճամբարը։
Հենց այս պատերից ներս երկար տարիներ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական ճամբարներ են կազմակերպվել։
ՀԿ նախագահ Սամվել Ռոստոմյանը իր ընկերոջ` բելգիացի Պատրիկ Մոդավի հետ որոշել են օգնել պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղաներին ու նրանց սպորտի հետ ծանոթացնել։ Երկուսն էլ մասնագիտությամբ հաշմանդամային սպորտի մարզիչներ են։

Սամվել Ռոստոմյան

Ընդամենը 5 օր, բայց Հայաստանի ու Արցախի վերականգնողական կենտրոններից ճամբար ժամանած 100 երիտասարդների գրավել են հաշմանդամային սպորտի տեսակները։
Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 6-ին։ Առաջին երկու խումբը եղել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի 50 շահառուները։ Հաջորդ խումբը եկել է Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ-ից ու Կոշի վերականգնողական կենտրոնից։ Իսկ տղաների չորրորդ խումբը եկել է Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից։

«Մեր կապը միանշանակ 5 օրով չի սահմանափակվի, որովհետև զգում ենք, որ տղաներին պետք ենք»,–ասում է Ռոստոմյանը։

Նա հույս ունի, որ Պատրիկի հետ հետագայում տղաներին միգուցե նոր մասնագիտություններ սովորեցնեն կամ օգնեն ինչ-որ բիզնեսով զբաղվել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am