Հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 7-ից պեղումներ է իրականացնում «Կարմիր բլուր» հնավայրում: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որը ղեկավարում է հնագետների աշխատանքը, հայտնեց, որ ամիսներ առաջ թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարը և էքսկուրսավարը տարածքում քայլելիս կառույցի հետքեր էին նկատել: Անձրևից հետո հողը մաքրվել էր և նկատվել էր կառույցի պատը: Դրոնով ուսումնասիրել են տարածքը և հաստատվել է, որ այդ հատվածում հզոր պատերով՝ մոտ 20 մ երկարությամբ և 1,60 մ լայնությամբ, համալիր կառույց է գտնվում:
Տարածքում շինարարները և «Կարմիր բլուր» մասաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանը հնագիտական իրեր էին նկատել: «Էրեբունի» թանգարանի աշխատակիցներն անվճար պեղել են տարածքը:
«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն ասում է, որ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել, տարածքից գտնված սեպանախշերով խեցեղենի բեկորը, որը քիչ հանդիպող բացառիկ նմուշ է, կհամալրի թանգարանի հավաքածուն: Հնագետը նշում է, որ Թեյշեբաինի քաղաքը հարուստ է հնագիտական նյութերով, քաղաքի հրդեհվելու հետևանքով այստեղ բազմաթիվ իրեր են պահպանվել՝ հացահատիկ, տեքստիլի կտորների մասեր, սկյութական առարկաներ (զենքեր, ձիասարք, զարդեր) և այլն:
Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարած «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ պայմանավորվածություն ունեն, որ «Կարմիր բլուր»-ի պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը պետք է հանձնեն «Էրեբունի» թանգարանին:
«Այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հուշագիր ենք պատրաստում, մեկ ամսից մինչև պետք է տրամադրեն և, հավանաբար, դեկտեմբերի 25-ին համատեղ ցուցադրություն կկազմակերպենք»,- հայտնեց նա:
Միքայել Բադալյանի ասելով՝ «Կարմիր բլուր»-ից պեղված իրերը մի քանի թանգարանի հիմք կարող են հանդիսանալ: «Կարմիր բլուր»-ը պետք է իր թանգարանն ունենա, և այս իրերը այնտեղ հանգրվանեն: Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել հնավայրի տարածքի բարեկարգումը:
Ամբողջությամբ՝ hetq.am