«Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակումների շարք է նախաձեռնում
Advertisement 1000 x 90

«Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակումների շարք է նախաձեռնում

«Անտեսանելի ճակատի մարտիկները» խորագրի տակ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախաձեռնում է մեր մարտիկների՝ անվանի հայ հետախույզների, հակահետախույզների, կյանքին ու գործին նվիրված հրապարակումների շարք:

Դրանք մատուցման իրենց ձևի մեջ կունենան համառոտ տեղեկատվական բնույթ՝ հետագայում չբացառելով ընդհուպ առանձին հրապարակումների տեսքով լայնածավալ անդրադարձերը:

Խնդրո առնչությամբ դիմում ենք ընթերցողին՝ եթե տիրապետում եք չհրապարակված նյութերի, ձեռքի տակ ունեք լուսանկարներ, ուղղարկեք մեր էլեկտրոնային հասցեին: Ունենալով Ձեր համաձայնությունը՝ կբարձրաձայնվի Ձեր ովությունը:

Հայրենիքի նվիրյալներից այսօր մեզ մոտ առաջինը համաշխարհային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանն է:

ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ

Գևորգ Անդրեյի Վարդանյանը (1924-2012) համաշխարհային հետախուզության երբևիցե ունեցած ամենանշանավոր դեմքերից է, ով, մասնավորապես, բացառիկ դերակատարություն է ունեցել 1943 թվին Թեհրանում «Մեծ եռյակի» անվտանգությունն ապահովելու հարցում: Սակայն իր բացառիկությամբ հանդերձ սա նրա իրադարձություններով հարուստ կենսագրության դրվագներից ընդամենը մեկն է:

Մեկ հատկանշական փաստ ևս անվանի հետախույզի անցած ուղուց:

Գևորգ Վարդանյանը Խորհրդային Միության անլեգալ հետախուզության առաջին աշխատակիցն է, ով խաղաղ պայմաններում արտասահմանում կատարած աշխատանքի համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Գևորգ Վարդանյանը և նրա կինը` Գոհար Վարդանյանը, հայ ազգի այն մեծություններից են, որոնց կերպարն աճող սերնդի համար պետք է ունենա դաստիարակչական հզոր նշանակություն, նպաստի, որ երիտասարդները ձգտեն ծառայության անցնել ազգային անվտանգության համակարգում և իրենց անմանցորդ մասնակցությունը բերեն մեր հայրենիքի անվտանգային խնդիրների լուծմանը:

Այս առումով կարևորում ենք ազգային անվտանգության վարչական շենքի Խանջյան-Նալբանդյան մուտքի մոտ Գևորգ և Գոհար Վարդանյանների արձանը և ՀՀ ԱԱԾ զինանշանը տեղադրելու մասին ՀՀ կառավարությանը դեռևս տարիներ առաջ արված առաջարկը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: ՀՀ իշխանություններին և հատկապես ՀՀ նախագահին դիմելով, ով անձնապես է ճանաչել Վարդանյան ընտանիքին, կրկին կոչ ենք անում իրականացնել առաջարկը: