Պանդեմիայի սկզբնական շրջանում հստակ պատկերացումներ չկային այն մասին, թե կորոնավիրուսային վարակն ինչպես է ազդում փսորիազի ընթացքի վրա: Սակայն հիմա տվյալները շատ ավելի շատ են, եւ արդեն հայտնի է, որ քովիդը նույնիսկ թեթեւ ընթացքի դեպքում իրոք ազդում է փսորիազի ընթացքի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ծանր դեպքերում մենք ունենում ենք թե՛ քովիդի ծանր ընթացք, եւ թե՛ փսորիազի ծանր ընթացք, եւ այս երկու հիվանդությունները միասին բուժել պրակտիկորեն դառնում է անհնար, եւ մենք ունենում ենք ոչ այնքան ցանկալի ելքեր», – ասաց մասնագետը:
Նրա խոսքով, քովիդի բուժումը եւս կարող է ազդել փսորիազի ընթացքի վրա: Եղել են դեպքեր, երբ քովիդի բուժման ընթացքում փսորիազը հետ է զարգացել: Դա պայմանավորված է նրանով, որ քովիդի բուժման ժամանակ օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը, որը, ճնշելով իմունային համակարգը, ազդում է նաեւ փսորիազի վրա:
Երբ փսորիատիկ բլթերը դեղամիջոցի ազդեցության տակ անհետանում են պացիենտների մաշկից, վերջիններս ուրախանում են, բայց խնդիրն այն է, որ հետո, երբ պացիենտը այլեւս չընդունի դեքսամետազոն, նրա մաշկային խնդիրները վերականգնվելու եւ սրվելու են, եւ պահանջվելու են շատ բարդ մոտեցումներ՝ հիվանդին այդ վիճակից դուրս բերելու համար:
Բոլոր այս խնդիրներից խուսափելու համար մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց՝ պատվաստվել:
Ինչպես նշեց Հովհաննես Հովհաննիսյանը, կան մաշկային հիվանդություններ, որոնց ժամանակ ցանկալի չի պատվաստվել, քանի դեռ դրանք սրացման շրջանում են: Սակայն երբ սրացման շրջանը հաղթահարվում է, պատվաստվել կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է:
Մասնագետի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ քովիդի ծանր ընթացքը բերում է մաշկային հիվանդությունների սրացման, ծանր ընթացքի եւ այնպիսի հետեւանքների, որոնց դեմ պայքարելը լինում է շատ դժվար: Իսկ պատվաստումը նվազեցնում է ծանր ընթացքի եւ դրան հետեւող բոլոր խնդիրների հավանականությունը:
Երբեմն պատվաստումից հետո մաշկային հիվանդությունների որոշակի սրացում է գրանցվում, բայց դա, մասնագետի խոսքով, չի ազդում բուժման ընթացքի վրա եւ լրացուցիչ խնդիրներ չի ստեղծում: Ընդհակառակը, բժիշկները, իմանալով, որ պացիենտը ինչ-որ չափով պաշտպանված է քովիդի ծանր ընթացքից եւ նրա պատճառով առաջացող մարդություններից, շարունակում են նրա մաշկային հիվանդությունների բուժումը: