Հային, որը մի վարկածով ծնվել է Թիֆլիսում, մյուսով՝ Բաքվում, ու Մոսկվայից Ամերիկա երկար ճանապարհ է անցել, անվանում էին «Հոլիվուդի ամենահայտնի ռուսը»։
Եվ չնայած հայտնի դառնալու ճանապարհը հեշտ չէր, բայց բոլոր գաղթականներին չէ, որ հաջողվում կրկնել Թամիրովի ճակատագիրը՝ ավելի քան 100 դեր, «Օսկարի» երկու անվանակարգ, «Ոսկե գլոբուս» մրցանակ։
«Թամիրովը հեռուստատեսային վեցերորդ զգայարան ունի, որն օգնում է նրան հասկանալ՝ ինչ է ուզում ռեժիսորը»: Այսպես է արտահայտվել նրա մասին օսկարակիր ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սեսիլ Դեմիլը։
«Ծանր ժամանակահատված»
Հովակիմ Թամիրյանը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին ունևոր հայերի ընտանիքում։ 19 տարեկանում գնացել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Ստանիսլավսկու Գեղարվեստական թատրոնի ստուդիա ։ Եվ հետո դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան:
ԱՄՆ-ում նա հայտնվել է 20-ականներին՝ թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Եվ նա մի խումբ այլ դերասանների հետ որոշել է մնալ Նահանգներում։ Առաջին տարիներին Թամիրովը խաղացել է հայտնի թատերախմբում՝ Նիկիտա Բալիևի «Չղջիկ» կաբարե թատրոնում։ Իսկ երբ թատրոնը մեկնել է Եվրոպա, Թամիրովը որոշել է զբաղվել բիզնեսով և Նյու Յորքում բացել է բեմական դիմահարդարման ակադեմիա, որի աշակերտների թվում է եղել երիտասարդ Քեթրին Հեփբերնը՝ Հոլիվուդի ապագա աստղը։
Մեծ դեպրեսիայի ժամանակ ակադեմիան սնանկացել է, Ակիմը ստիպված է եղել որոշ ժամանակ տաքսու վարորդ աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ նրա կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, ամեն ինչ արել է, որ նա սկսի ակտիվորեն անգլերեն ուսումնասիրել և չկորցնի կապերը կինեմատոգրաֆիայի հետ։ Այդ շրջանը ինքը` դերասանն անվանում էր «կյանքի ամենադժվարը շրջանը»։
Որոշ ժամանակ շնորհալի դերասանը խաղում էր միայն զանգվածային տեսարաններում։ Նրա համար դեբյուտային ֆիլմ կարելի է համարել «OK, Ամերիկա» ֆիլմը, որտեղ 33-ամյա Ակիմը փոքր դեր է ստացել։ Տիտրերում նրա անունը դեռ չէր էլ հիշատակվում։ Այնուամենայնիվ, գլխավոր դերակատարուհի Գրետա Գարբոյի հետ նույն ֆիլմում հանդես գալն ու այդ կինոնկարի հաջողությունը ստիպեց կինեմատոգրաֆիստներին ուշադրություն դարձնել տաղանդավոր օտարերկրացու վրա։
Եվ դերերը սկսեցին բառացիորեն թափվել Ակիմի վրա, իսկ այդ հարցում առանցքային դեր խաղաց նրա սարսափելի ակցենտը, որից նա ամեն կերպ փորձում էր ազատվել:
Թամիրովի այցեքարտը
Այն ժամանակ ձայնային կինոն պահանջում էր «ունիվերսալ օտարերկրացի», այդ պատճառով հոլիվուդյան ռեժիսորները ֆիքսեցին Թամիրովի ակցենտը։ 1934 թվականին ամերիկահայը նկարահանվեց 13 ֆիլմում, իսկ հաջորդ տարի՝ 15:
«Հոլիվուդում բոլորն ասում են, որ իմ ակցենտը միլիոն արժե։ Իհարկե, ես պետք է շնորհակալ լինեմ այս ծիծաղելի արտասանությանը, բայց որ իմանայիք՝ որքան ուժ ու միջոցներ եմ ծախսել դրանից ազատվելու համար», – խոստովանել է դերասանը։
Երբ 1936 թվականին Ակիմ Թամիրովը յոթ տարվա պայմանագիր կնքեց Paramount Pictures ստուդիայի հետ, նրան պարզապես արգելեցին ազատվել ակցենտից։ Այդ այցեքարտի շնորհիվ նա իսկապես հայտնի դարձավ Ամերիկայում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am