Կորոնավիրուսը կարող է ախտահարել աչքի ցանցաթաղանթը, անոթաթաղանթը և տեսանյարդը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը կարող է ախտահարել աչքի ցանցաթաղանթը, անոթաթաղանթը և տեսանյարդը

Կորոնավիրուսով վարակված մարդկանց բժիշկները հորդորում են հետևել իրենց տեսողությանը, քանի որ այս COVID-19-ը կարող է դառնալ աչքի մի շարք հիվանդությունների, մասնակի կամ ամբողջական կուրության պատճառ:

Ակնաբույժ Նարեկ Միքայելյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի հետևանքով տեսողական խնդիրների առաջացման, բուժման և պաշտպանիչ միջոցներ ձեռնարկելու մասին:

Պարո՛ն Միքայելյան, ինչպիսի՞ ազդեցություն կարող է կորոնավիրուսն ունենալ մարդու տեսողության վրա:

– Ինչպես գիտենք՝ ադենովիրուսային վարակների համար դեպի օրգանիզմ մուտքի դուռ են հանդիսանում վերին շնչուղիները, և կորոնավիրուսային վարակը, հանդիսանալով ադենովիրուսային հիվանդության տարատեսակ՝ հիմնականում օրգանիզմ է ներթափանցում վերին շնչուղիներով: Սակայն կա նաև վիրուսային վարակի ներթափանցման ևս մեկ ուղի, որն է՝ աչքերի լորձաթաղանթը՝ շաղկապենին: Անցնելով այս ուղիով՝ վիրուսը կարող է թողնել կամ տեղային ազդեցություն, կամ օրգանիզմում առաջացնել կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ: Աչքի լորձաթաղանթն ունի առատ անոթային ցանց, որոնց միջոցով վիրուսը կարող է ներթափանցել և տարածվել օրգանիզմում՝ ախտահարելով թիրախային օրգանները՝ սիրտը, երիկամները, գլխուղեղը: Աչքերը ևս կարող են ախտահարվել, որը կարող է արտահայտվել կամ որպես ընդհանուր կորոնավիրուսային հիվանդության ևս մեկ ախտանիշ, կամ հանդես գալ որպես առանձին կորոնավիրուսային շաղկապենաբորբ կամ կոնյուկտիվիտ:

– Որո՞նք են կոնյուկտիվիտի ախտանիշները:

– Կոնյուկտիվիտի ախտանշաններն են՝ աչքերի, կոպերի կարմրություն, ծակոցներ աչքերում, շճալորձային արտադրություն, երկրորդային ինֆեկցիայի ավելացման դեպքում՝ նաև թարախային արտադրություն: Կարող են լինել նաև տեսողության անցողիկ մթագնումներ: Կորոնավիրուսային կոնյուկտիվիտը, որպես ադենովիրուսային վարակ, չունի որևէ յուրահատուկ ախտանշան, ինչը դժվարացնում է միայն առկա ախտանիշներով այն միանգամից ախտորոշել՝ որպես կորոնավիրուսային կոնյուկտիվիտ: Այդ իսկ պատճառով՝ առկա համավարակի պայմաններում ակնաբույժի դիմած ցանկացած կոնյուկտիվիտի պացիենտի պետք է առաջին հերթին դիտարկել որպես կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող անձի և ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր միջոցառումները՝ հիվանդությունից պաշտպանելու համար:

– Ինչպե՞ս է այն բուժվում:

– Չկա որևէ հատուկ դեղորայք, որը կարող է օգտագործվել զուտ կորոնավիրուսային վարակի դեպքում, քանի որ այն հանդիսանում է ադենովիրուսային վարակ: Բուժման համար հիմնականում օգտագործվում է 4 խմբի դեղորայք՝ հակավիրուսային, հակաբորբոքիչ, իսկ երկրորդային ինֆեկցիայի ավելացման դեպքում՝ հակաբիոտիկներ, տեղային կամ ընդհանուր իմունիտետը բարձրացնող պրեպարատներ: Վերջերս գրականության մեջ շատ են հանդիպում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի՝ աչքերի ախտահարման նոր ախտանիշների մասին նյութեր, համաձայն որոնց՝ կորոնավիրուսը կարող է ազդեցության ունենալ տեսողության վրա, կարող են լինել տեսողության մթագնումներ, տեսադաշտի նեղացում, աչքերի առջև լողացող պղտորումների առաջացում, կայծեր աչքերի առջև և այլն: Սրանք հնարավոր է՝ առաջանան, որովհետև կորոնավիրուսը կարող է ախտահարել աչքի ցանցաթաղանթը, անոթաթաղանթը և տեսանյարդը:

Կորոնավիրուսային հիվանդության ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում արյան մակարդելիության բարձրացում, այսինքն՝ թրոմբագոյացման հավանականությունը մեծանում է, և հենց այս ախտանիշով է պայմանավորված մահերի մեծ մասը: Ինչպես վերը նշեցի՝ գոյացած թրոմբներն ախտահարում են կենսական կարևոր օրգանները. ուղեղը, սիրտը, երիկամները, թոքերը:

Այդ միկրոթրոմբները կարող են անցնել նաև ակնային անոթներով և խցանել դրանք՝ ախտահարելով տեսանյարդը և ցանցաթաղանթը, տեսանյարդում առաջացնել իշեմիկ նեյրոպատիաներ, որը ծանր դեպքում բերում է կուրության, թեթև դեպքերում առաջացնում է տեսադաշտի նեղացում, իսկ ցանցաթաղանթի ախտահարման դեպքում կարող է առաջացնել ցանցերում կենտրոնական երակի թրամբոզ, որի արդյունքում վրա է հասնում կուրությունը, իսկ առանձին դեպքերում, եթե խցանվում է ոչ թե կենտրոնական երակը, այլ նրա ճյուղերը կամ ճյուղերից մեկը, ապա զարգանում է տեսողության մթագնում: Տեսողությունը կարող է մթագնել նաև կորոնավիրուսային վարակի բուժման ընթացքում օգտագործվող դեղորայքից, որոնցից են, օրինակ, ստերոիդները կամ հորմոնները: Ստերոիդները լայն կիրառություն ունեն տարբեր ակնային հիվանդությունների բուժման դեպքում, սակայն ակնաբույժներն այն կիրառում են մեծ զգուշությամբ, հատուկ հսկողությամբ և սխեմաներով: Դրանց կիրառումը մեծ դեղաչափերով, այն էլ երկարատև՝ բերում է ակնային մի շարք հիվանդությունների, դրանցից են՝ կատարակտան, աչքերի հիպերտենզիան, բարդ դեպքերում՝ նաև երկրորդային գլաուկոման: Այդ իսկ պատճառով նման պացիենտները պարբերաբար պետք է հետազոտվեն ակնաբույժի կողմից: Աչքերի կորոնավիրուսային հիվանդությունից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցը հատուկ պաշտպանիչ ակնոցների, թափանցիկ վահանների կիրառումն է: Դիմահարդարները, բժիշկները, ովքեր շատ մոտ են այցելուին, պետք է անպայման պաշտպանիչ պարագաներ կրեն:

Անի Կարապետյան



Նման նյութեր