Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրվա առիթով Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում նոյեմբերի 1-ին հնչել է կոմպոզիտորի երաժշտությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը:
«Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է։ Կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում «Պահ սպենդիարյանական» ֆլեշմոբի շրջանակում հնչել է կոմպոզիտորի երաժշտությունը»,- նշված է հաղորդագրությունը։
Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից, սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք սակայն դադարեցին 1-1,5 տարի հետո, քանի որ, ինչպես կոմպոզիտորն է նշում, ինքը տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորել է ջութակ նվագել:
1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նվագում է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է բազմաթիվ երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, օպերայից: