«Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս». hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս». hetq.am

Ատոմ Հակոբյանի և որդու՝ Արծրունի հեռախոսազրույցը նոյեմբերի 6-ին սովորականի նման կարճ չի եղել։ Եթե պատերազմի նախորդ օրերին առավելագույնը մեկ րոպե էին շփվում, ապա այդ օրվա խոսակցությունը սովորականից երկար է ձգվել, Արծրունն է այդպես ցանկացել։

«Ամսի 6-ին, 8-անց կես էր, զանգեց, երկար-բարակ խոսեցինք, ասում էի՝ տղե՛ս, հերիք ա, անջատի՛։ Արդեն ինքը սկսեց, թե՝ պա՛պ, խոսա՛, ինչքան կարում ես խոսա։ Ասեցի՝ անհանգիստ ես, տղե՛ս, ի՞նչ ա եղել, ասեց՝ պա՛պ, չգիտեմ, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք»,- հիշում է Ատոմ Հակոբյանը։

Արծրունն այդ ժամանակ զգում էր, որ դա իր վերջին զրույցն է հոր հետ, իրավիճակն արդեն անելանելի է եղել, այդ պատճառով էլ հոր հետ հնարավորինս երկար է ցանկացել խոսել։ Արծրունի հայրը ամեն օր է հիշում որդու հետ վերջին խոսակցությունը, նրա վերջին խոսքերը հեռախոսն անջատելուց առաջ․

«Ասեց՝ հիշու՞մ ես, ինձ փոքր ժամանակվանից ինչ ձև ես դաստիարակել, ասեցի՝ հա՛, տղե՛ս, ասեց՝ պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս, ու․․․,- Ատոմ Հակոբյանը խոսքն ընդհատում է, ապա արցունքները սրբելով՝ շարունակում,- ամեն ինչ լավ ա լինելու, իմ մասին շատ բաներ կլսեք, ասեցի՝ ի՞նչ ես խոսում, տղե՛ս, սիրած աղջիկ ունես, մենք քեզ սպասում ենք, տենց բաներ մի խոսա։ Ասեց՝ պապ, քո ասած բանը ուժի մեջ ա։ Մի պահ մոռացել էի, թե ինչի մասին ա խոսքը։ Ասեց՝ գռանատը մոտս ա, վերջին րոպեին գերի չեմ ընկնի, կքաշեմ, կտրաքացնեմ»,- հիշում է Արծրունի հայրը։

19-ամյա Արծրուն Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի պաշտպանության մարտերում։

Արծրուն Հակոբյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Ընտանիքի միջնեկ զավակն էր, իրենից մեծ եղբայր և փոքր քույր ուներ։ Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սակայն կես տարի սովորելուց հետո՝ 2020թ․ հունվարին, զորակոչվել էր։ Ծառայում էր Հադրութի զորամասում, ուսումնական գումարտակի սերժանտ էր՝ ականանետի հրամանատար։

Սեպտեմբերի լույս 27-ի գիշերն արդեն իսկ դիրքեր են բարձրացել։ Ատոմ Հակոբյանը պատմում է, որ պատերազմի սկսվելուց հետո գրեթե ամեն օր էլ զրուցել է որդու հետ, նա միշտ վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է, և անհանգստանալու կարիք չկա։ Պատերազմի երրորդ օրը, սակայն, հայրը Արծրունի ձայնում տագնապ է նկատել, պարզվել է՝ մարտական ընկերներից մի քանիսը վիրավորվել են։ Դիրքի ավագ Արծրունն անձամբ է կազմակերպել վիրավորների տեղափոխումն անվտանգ վայր, ապա նաև հոսպիտալներ, չնայած որ ինքը նույնպես թեթև վիրավորում է ունեցել՝ արկի բեկորը վնասել էր նրա ձախ ձեռքը, որը հենց դիրքերում էլ կարել են։

Ամբողջությամբ՝ hetq.am