ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձակուրդից հետ է կանչել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովին և գործուղել ՀՀ, որպեսզի բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդեց գնդապետ, գերիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։ Ռուսաստանում կարծում են, որ այս իրավիճակում կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Մուրադովը։
Չնայած Բաքվում դեռևս շարունակում են անազատության մեջ պահվել գերիներն ու պատանդները, նախօրեին արևելյան հատվածում լարվածությունից հետո հայկական կողմից ևս 13 զինծառայող է գերեվարվել։ Ավագյանը չգիտի՝ որքանով Մուրադովի մոտ հաջող կանցնեն բանակցությունները գերեվարվածների վերադարձի վերաբերյալ, սակայն որպես քաղաքացի երկու հարց ունի, որն ուղղեց նորընտիր պաշտպանության նախարարին.
«Արդյոք ռազմական գործողություններում արգելված է եղել ՊՆ-ի հատուկ ջոկատայինների մասնակցությունը, մայորից բարձր կոչումով սպա եղե՞լ է ռազմական գործողությունների ժամանակ, թե՞ ոչ։ Այդ երկու հարցերը կարևոր են ու երբ պատասխանի՝ շատ բաներ պարզ կդառնան, որովհետև այդ ռազմական գործողություններում ես կարծում եմ, որ պետք է օգտագործվեր հատուկ ջոկատայինները, տեղին կլիներ, որ ԱԱԾ հատուկ ջոկատայինները ևս մասնակցեին»,- ասել է նա։
Ավագյանի դիտարկմամբ՝ հատկապես կարևոր է իմանալ տեղեկությունը, քանի որ ռազմական գործողություններում ադրբեջանական կողմն օգտագործել է իր հատուկ ջոկատային «Յաշմա»-ն։ 44 օրյա պատերազմի ավարտից անցել է մեկ տարի և նախօրեին գերեվարվեց ևս 13 զինծառայող։ Ավագյանի խոսքով՝ բանակը գտնվում է դեմորալիզացված վիճակում։
«Չի կարելի բանակում երեք ամիսը մեկ նախարար փոխել, վարկաբեկել ԳՇ պետին: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, նրա տեղակալը կալանավորված է։ Նախկին ՊՆ նախարարը կալանավորված է, կարծում եք նման պայմաններում բանակը պետք է լինի բարվոք վիճակո՞ւմ և բարոյական բարձր ցուցանիշներ ցուցաբերի՞»։
Ավագյանը վստահեցնում է, որ նույն անձանց պաշտոնի նշանակող անձը՝ գերագույն գլխավոր հրամանատարն է պատասխանատվություն կրում նրանց արարքների համար։
«Ի՞նչ է նշանակում նրանք հանցագործություն են արել։ Իսկ դու ինչո՞վ ես զբաղված եղել։ Դու ես նրանց համար պատասխանատու և այս վիճակում ամենը ունի հետևանքային կապ։ Մեզ մոտ ում նշանակում են՝ պարզվում է վատն են։ Գլխավոր հրամանատարը կրում է պատասխանատվություն այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնց ինքն է նշանակում»։
Ավագյանը վստահեցրեց, որ եթե թշնամուն կոշտ պատասխան չեն տալիս, հայտնվում են ծեծվածի դերում, ուստի խուսափելու համար դրանից, կոշտ պետք է լինի Հայաստանի պատասխանը և անգամ պետք էր ռմբակոծել ամբողջ շփման գիծը։ Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, որ պատերազմ չի ուզում, Ավագյանը նշեց, որ ինքը որպես քաղաքացի թշնամուն պատասխանել ուզում է, քանի որ թշնամու հետ պատերազմական վիճակում ենք ։
«Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում։ Կարծում եմ, որ պետք է ռազմական դրություն մտցնենք, ու հասարակությանը բացատրենք, որ ազգը գտնվում է կյանքի ու մահվան մեջ և պետք է հասկանանք, որ եթե խուսափում ենք պատերազմից, ուրեմն ամբողջ հայ ազգը պետք է հավաքի իրերը ու գնա Հայաստանից՝ Լոս Անջելես կամ խոպան։ Այն հայրենասերները, որ ուզում են պահել իրենց հայրենիքը, պետք է պատրաստ լինեն պատերազմի»։
Ավագյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Հայաստանի թշնամին ու այն անձինք, ովքեր կոչ են անում «ընկերանալ» Ադրբեջանի հետ, կրում են պատասխանատվությունը բոլոր դեպքերի՝ այդ թվում երեկվա լարվածության համար։
«Դու կարող ես խոսել խաղաղության մասին, երբ թշնամուդ հետ խաղաղության պայմանագիր ես ստորագրել, մնացած դեպքերում լինելու ես ծեծվածի և տուժածի կարգավիճակում»։
Ավագյանը նշում է, որ երեկվա սահմանային ծանր լարվածությունը նմանություն չուներ Արցախում պատերազմի հետ։ Տեղի ունեցածը սադրանք էր։ Թշնամին փորձում է ոչնչացնել ռազմական ուժերը, քաղաքացիական անձանց։ Որքան խուսափենք պատերազմից, կստանանք պատերազմ ու խայտառակություն։
Աղբյուր` Փաստինֆո