Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Advertisement 1000 x 90

Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ

Տխրահռչակ քարտեզի վրա «Մեծ Թուրանի» սահմաններում ամբողջությամբ կամ մասամբ հայտնվել են մեկուկես տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան ու Չինաստանը: Չարաբաստիկ լուսանկարի հրապարակումը Թուրքիայի նախագահի աշխատակազմի անզգուշության հետևանք էր, թե՞ բացահայտ քաղաքական հայտ է։

Ուշագրավ է, որ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի հանդիպման լուսանկարը հրապարակվել է Ստամբուլում վերակազմավորված «Թուրքական պետությունների կազմակերպությունների» գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո։ Եվ այս փաստը հատուկ իմաստ է հաղորդում քարտեզին ։ Անկարայում շտապեցին հայտարարել, թե իբր դրանում պետք չէ որևէ վատ բան փնտրել, քանի որ քարտեզի վրա ընդամենը նշվում են աշխարհի տարբեր երկրների տարածաշրջանները, որտեղ թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներ են ապրում։ Բայց այդ փաստարկները քչերին համոզիչ թվացին։ Քարտեզի հրապարակումը հարևանների մեծամասնությունն ընկալեց որպես տարածքային պահանջների քողարկված դրսևորում։ Մինչև վերջերս Անկարայում «Մեծ Թուրանի» քարտեզը պատկերելիս Թուրքիայի գույներով էին ներկում միայն Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թուրքալեզու չորս պետությունները։ Բայց ախորժակը հետզհետե բացվում է։

Նշենք, որ թյուրքական լեզուներով խոսող ժողովուրդների քաղաքական միասնության գաղափարն ինքնին արհեստական է։ Աշխարհում լեզվական ընդհանրության վրա հիմնված այլ միջազգային միավորումներ չկան։ Գոյություն չունի «Գերմանախոս պետությունների կոնգրես», «Ռոմանախոս երկրների վեհաժողով» կամ «Սլավոնական ժողովուրդների դաշինք»: Ճիշտ է, կա արաբական պետությունների լիգա։ Բայց կազմակերպությունը միավորում է այն երկրներին, որտեղ մեկ ժողովուրդ է ապրում։ Մինչդեռ նրանք, ում ընդունված է «թրքախոս» անվանել, տարբեր մշակույթ, տարբեր ավանդույթներ ունեցող տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ են, քաղաքական տարբեր կողմնորոշիչներ ունեն։ Նրանք դավանում են տարբեր կրոնների ու անգամ տարբեր լեզուներով են խոսում: Հարց է առաջանում` ի՞նչ է թաքնվում նրանց ընդհանրության պատրանք ստեղծելու փորձերի հետևում:

Պատասխանն ինքնըստինքյան է ի հայտ գալիս, երբ տեսնում ենք, թե ով է հավակնում «ընտանիքի» «ավագ եղբոր» դերին։ Գործարկված մեխանիզմը պտտվում է Անկարայի շուրջը, որը լիովին կարողանում է կառավարել բոլոր լծակները։ Եվ անատոլիական թուրքերին լիովին օգնում են իրենց կովկասյան դաշնակիցները։ Բոլոր նախաձեռնությունները, որոնք կապված են «թյուրքական միասնության» գաղափարի հետ, Անկարան և Բաքուն սկզբում համաձայնեցնում են միմյանց հետ և միայն հետո հասցեագրում գործընկերներին։ Եվ պատահական չէ, որ թյուրքալեզու ժողովուրդների վեհաժողովի ձևավորման մասին առաջարկը ժամանակին հնչեցվել էր հենց Ադրբեջանի մայրաքաղաքում։

2007 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացվեց «Թյուրքական պետությունների և ժողովուրդների բարեկամության, եղբայրության և համագործակցության համագումարը»: Համաժողովի կազմկոմիտեի ղեկավար, Թուրքիայի ԱԳՆ թյուրքական համագործակցության գործակալության նախագահ Աբդուլհալյուկ Չեյը բացման ժամանակ հայտարարեց. «Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է։ Այն պետք է թյուրքալեզու տարածաշրջանների հետ նոր դաշնակցային միավորում ստեղծի նույնիսկ Ռուսաստանի հետ կտրուկ առճակատման գնով։ Աշխարհում ապրող 300 միլիոն թյուրքերը պետք է ունենան միասնական լեզու, միասնական մշակույթ, միասնական քաղաքականություն և միասնական տնտեսություն»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր