Ժամանակի ընթացքում ավելի շատ հետաքրքրվեցի հատկապես հայ գրականությամբ, որը ես համարում եմ ամենահարուստը. Գերմանացի հայասերը՝ հայկական պոեզիան թարգմանելու և տարածելու մասին
Advertisement 1000 x 90

Ժամանակի ընթացքում ավելի շատ հետաքրքրվեցի հատկապես հայ գրականությամբ, որը ես համարում եմ ամենահարուստը. Գերմանացի հայասերը՝ հայկական պոեզիան թարգմանելու և տարածելու մասին

«Շատ փոքր էի, երբ Համազգային ակումբում տեսա Պարույր Սևակի նկարը, ու այն գրավեց իմ ուշադրությունը. հետաքրքիր դեմք ուներ: Տարիներ հետո նրա «Նորօրյա Աղոթքի» մասին ընկերս խոսեց, ասաց, որ հանճարեղ բանաստեղծի գործ է, և այլն: Իսկ երբ եկա Գերմանիայում ուսանելու, ուսանողական շենքում գրադարան կար, ու ես սովորություն ունեի՝ ցանկացած գրադարան այցելելիս նայել, թե հայերի վերաբերյալ ինչ գիրք կա: Ու այդ գրադարանում փոքրիկ գրքույկ գտա գերմաներեն լեզվով՝ հայոց պատմության, մշակույթի վերաբերյալ: Բաժիններից մեկում հայերենից գերմաներեն թարգմանված բանաստեղծություններ կային: Ու այդ գրքույկում՝ Պարույր Սևակի «Նորօրյա Աղոթքը» առաջին անգամ կարդացի գերմաներենով»,- պատմում է գերմանացի հայասեր Ջոնաթան Սփանգենբերգը։

Ջոնաթան, ապրել եք Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղում. Արդյո՞ք դա է  նպաստել, որ սկսեք հետաքրքրվել հայոց պատմությամբ, գրականությամբ, ստանաք համապատասխան կրթություն:

– Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց մեծացել եմ Լիբանանի Այնճար հայկական գյուղում: Ծնողներս աշխատում էին գերմանական և շվեյցարական համազգային դպրոցում և պատասխանատու էին Այնճարի գիշերօթիկի 130 հայ երեխաների համար: Երեխաները Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից էին, իսկ նրանց մեծ մասը Բեյրութից էր։ Լիբանանն այդ ժամանակ գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ, և չնայած պատերազմի սարսափներին՝ Այնճարը համեմատաբար ապահով վայր էր։

Հաճախել եմ Այնճարի Հայ Ավետարանական Երկրորդական Վարժարանը, որի համար շատ շնորհակալ եմ: Այդ դպրոցում իմ նախնական կրթությունը ես համարում եմ ամուր ու պարարտ հող, որի վրա կարող էի աճել։ Այնտեղ սովորեցի միանգամից 3 լեզու՝ հայերեն, արաբերեն և անգլերեն: Ուսումնասիրեցի նաև հայոց պատմություն և տարածաշրջանի պատմություն: Տանը սովորեցի գերմաներեն։ Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի հաճախեցի Բեյրութի Հայկազյան համալսարան: Հայդելբերգում սովորեցի պատմություն և հնագիտություն: Դրանից հետո սկսեցի զբաղվել նկարչությամբ և խորացրի գիտելիքներս կերպարվեստում։ Բացի այդ, ես սկսեցի աշխատել որպես թարգմանիչ, իսկ հետո ավարտեցի Բեռլինի Եվրոպական ակադեմիան՝ որպես գիտաժողովների թարգմանիչ։

Գիտեք, եթե որևէ մեկը մեծանում է մի վայրում, նա ինչ-որ կերպ դառնում է դրա մի մասը: Ես ինձ այնճարցի եմ համարում: Այնճարում ես իմացա հայ ժողովրդի հարուստ ժառանգության ու պատմության մասին։ Ամբողջ հայկական մշակույթը և սփյուռքը մեծ դեր խաղացին իմ՝ որպես անձի ձևավորման գործում: Դա իմ մի մասն է, ես էլ՝ դրա: Երբ ես եկա Գերմանիա՝ ժամանակ պահանջվեց, որպեսզի ինձ գտնեմ նաև գերմանական մշակույթում: Երկու կամ ավելի աշխարհներում ապրելը սփյուռքի գոյության մի մասն է, և լեզուն՝ իր բազմաթիվ ձևերով, այստեղ կարևոր դեր է խաղում: Լեզուն ուղեկցում կամ մաս է կազմում անընդհատ շարժման, փոփոխության և արարման գործընթացին: Գրականությունն ինձ շատ հետաքրքրեց։ Ժամանակի ընթացքում ավելի շատ հետաքրքրվեցի գրականությամբ, հատկապես՝ հայ գրականությամբ, որը ես համարում եմ ամենահարուստը:

Դուք համացանցում ընթերցում եք հայ գրողների ստեղծագործությունները։ Հայ ո՞ր հեղինակին կամ ո՞ր ստեղծագործությունն եք շատ սիրում։

– Այո՛: Անցյալ տարի սկսեցի գերմաներեն թարգմանել հայ բանաստեղծների ստեղծագործությունները և որոշ գերմանական պոեզիայի գործեր՝ գերմաներենից հայերեն: Թարգմանությունները տեղադրեցի համացանցում: Ծանոթացա բավականին ոչ շատ հայտնի հեղինակների ստեղծագործություններին և հաճույք ստացա դրանք թարգմանելուց: Ես սիրում եմ սուզվել տողերի մեջ ու թարգմանության, ասմունքի միջոցով ներկայացնել այն ու տեղափոխել մեր օրեր: Չկա կոնկրետ հեղինակ, ում մեկ այլ հեղինակից ավելի կամ պակաս եմ սիրում։

Մեսրոպ Թաղիադյանի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի և Պարույր Սևակի ստեղծագործությունները գերմաներեն թարգմանելն ինձ համար մեծագույն հաճույք էր: Որոշեցի մի քայլ առաջ գնալ և մտադիր եմ վերը նշված հեղինակներից և այլոց ամբողջական գործերը գերմաներեն թարգմանել։

Այս տարի, օրինակ, գերմաներեն եմ թարգմանել Դանիել Վարուժանի «Հացին երգը», և աշխատում ենք այն Գերմանիայում հրատարակելու ուղղությամբ։ Գրականության թարգմանությունն ունի իր մարտահրավերներն ու գրավչությունը, քանի որ միայն տեքստ չէ թարգմանվում: Ժամանակի հետ ցանկանում եմ, որքան կարող եմ, հայ գրականությունը գերմաներեն թարգմանել։ Այն կարող է բացել պատուհաններ, որոնց միջով գերմանախոս աշխարհը կարող է մի փոքր ավելի նայել կենդանի և պայքարող ժողովրդի հոգուն:

– Հայաստանի հետ կարծես թե Ձեզ կապել է նաև սերը։ Ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր հայուհի կնոջը։

– Կինս ծնվել է Երևանում, մեծացել Բեյրութում։ Մենք ծանոթացանք Բեյրութում 2010 թվականին և ընկերացանք։ 2012 թվականին սկսվեց մեր սիրո պատմությունը, իսկ 2014թ․ ամուսնացանք Կիպրոսում։ Այժմ մենք ապրում ենք մեր երկու որդիների՝ Հայկ-Ռաֆայելի և Ֆրեդերիկ-Մենուայի հետ՝ Գերմանիայում։

– Հայաստան հաճա՞խ եք այցելում:

– 1990 թվականին ընտանիքիս հետ առաջին անգամ այցելեցի պատմական Հայաստան կամ Արևմտյան Հայաստան: Այցելեցինք բազմաթիվ պատմական վայրեր և Արարատ լեռ։ 2008 և 2009 թվականներին եղել եմ Հայաստանում և Արցախում ու մի քանի ամիս ապրել այնտեղ։ Հայաստանում շատ վայրեր կան, որոնք ինձ դուր են գալիս, մասնավորապես՝ Լոռու մարզը։ 2009 թվականից Հայաստանում չեմ եղել, բայց մտադիր եմ առաջիկա տարիներին ավելի հաճախ այցելել։ Ես սիրում եմ Հայաստանի բնաշխարհը։

Շփվելով հայերի հետ, ի՞նչ եք նկատել, ինչո՞վ են նրանք տարբերվում մյուս ազգերից։

– Հայերը չափազանց հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ են։ Ինչպես ցանկացած ազգ՝ տարբերվում են իրենց անցած ճանապարհով: Նկատել եմ հայ ազգի մեջ եղած բազմազանությունը, որը գոյություն ունի և միշտ եղել է դարերի ու հազարամյակների ընթացքում։ Կարծում եմ՝ կարևոր է լսել, կարեկցել և փորձել հասկանալ միմյանց, լինել միասնական։ Օրինակ՝ Սփյուռքում կամ Հայաստանում ապրելը սոցիոլոգիապես և հոգեբանորեն տարբեր է։

Անի Կարապետյան



Նման նյութեր