Հայաստանում 2020 և 2021 թվականներին Դեղերի գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործման և սպառման տեսանկյունից գերակշռել է «Ազիթրոմիցին» հակաբիոտիկը, ինչպես նաև հակասնկային «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցը։
Այս մասին հակաբիոտիկների չարաշահման վտանգների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Ուսումնասիրությունն իրականացվել է 4 հիվանդանոցում` պիլոտային կարգով։ Սպառման տեսանկյունից կորոնավիրուսային հիվանդության ժամանակահատվածում գերակշռել է «Ազիթրոմիցինը» և հակասնկային «ֆլյուկոնազոլը»։ Բայց պետք է նշեմ, որ վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, այլ հակավիրուսային դեղորայքով»,– նշեց Աբովյանը։
Նա շեշտեց` հակաբիոտիկների կիրառումը գլոբալ խնդիր է և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։
ԱՀԿ–ն բազմիցս հորդորել է, ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որպեսզի հակաբիոտիկներին զուգահեռ չկիրառվի «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցը։
Մասնագետը նաև հորդորեց համաքաղաքացիներին հակաբիոտիկներ ընդունել միայն բժիշկի նշանակմամբ և նպատակային։
«Պետք է նշեմ` ցավոք, կորոնավիրուսային հիվանդության ընթացքում հակաբիոտիկների կիրառումը լայնորեն տարածվում է։ Շատ դեպքերում պացիենտները տան պայմաններում ինքնաբուժման հետևանքով բավականին ծանր կլինիկական ընթացքով դիմում էին ԲԿ–ներ, որտեղ ուղղակի հնարավոր չի լինում կազմակերպել համապատասխան բուժօգնություն, և ունենում ենք նաև մահվան դեպքեր»,– ասաց Աբովյանը և հավելեց, որ կորոնավիրուսային հիվանդությունն է նպաստել այդ դեղամիջոցների կիրառմանը։
ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը, խոսելով «Ազիթրոմիցին» հակաբիոտիկի մասին, ընդգծեց, որ համավարակի սկզբում այն հիմնական ցուցակում էր ընդգրկված, սակայն 1-2 ամսից համարվել է որպես ոչ արդյունավետ դեղամիջոց։
«Կորոնավիրուսային թոքաբորբերի ժամանակ` գրեթե 90 դեպքերում, բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա»,– նշեց Հայրումյանը։
Նա ընդգծեց, որ և՛ տեղամասային թերապևտներին, և՛ մանկաբույժներին, և՛ ընտանեկան բժիշկներին ներկայացվել են ուղեցույցներ, որտեղ նշված է, թե երբ է պետք հակաբիոտիկներ կիրառել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ` աշխարհում անցկացվում է Հակաբիոտիկների իրազեկման շաբաթ: