Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն ճիշտ են ասում՝ կան բաներ, որոնք փողից ավելի կարևոր են, բայց ֆրանսիացի հայտնի գրող Պրոսպեր Մերիմեն էլ դիպուկ է նկատել. «Այո՛, կան փողից ավելի կարևոր բաներ, բայց դրանք չես գնի առանց փողի»։ Այսօր, կարելի է ասել, փողի օրն է։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ աշխատավարձ կամ կենսաթոշակ են տալիս, ուղղակի նոյեմբերի 22-ին ծնվեց հայկական ազգային տարադրամը։ Դա 28 տարի առաջ էր։ Միգուցե հիշում եք, թե ինչ կատարվեց 1993 թվականին։ Սովետն արդեն երկու տարի է, ինչ քանդվել էր, իսկ խորհրդային ռուբլին առաջվա պես մնում էր։ Բայց 93 թվականի ամռանը Ռուսաստանը շրջանառության մեջ մտցրեց իր ռուբլին, իսկ աշնանը սեփական տարադրամը սկսեցին օգտագործել նաև միջինասիական հանրապետությունները՝ Թուրքմենստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Ո՞ւր պիտի հորդեր սովետական ռուբլին՝ դառնալով ֆինանսական անկայունության պատճառ։ Իհարկե՝ Հայաստան։
Ահա այս պայմաններում ծնվեց մեր հարազատ ազգային տարադրամը, որի պաշտոնական փոխարժեքն էր 14,5 դրամ մեկ դոլարի դիմաց։
Դեռ երկար տարիներ դրանից հետո ասեկոսներ էին պտտվում, թե մի խումբ պաշտոնյաներ եւ նրանց որոշ մերձավորներ, որոնք տեղյակ էին, թե ինչ փոխարժեք էր պաշտոնապես սահմանվելու, բավական խոշոր գումարներ շահեցին միանգամայն տարբեր գներով դոլար ձեռքբերելու և վաճառելու շնորհիվ։ Որոշ մասնագետներ դա ինչ-որ չափով նմանեցնում են նույնիսկ այն մանիպուլյացիաներին, որոնք դրանից մեկ տարի առաջ՝ 1992 թվականին, ֆունտ ստեռլինգի հետ իրականացրեց մեծահարուստ Ջորջ Սորոսը՝ ընդամենը մեկ օրում իր միլիարդներն ավելացնելով ևս մեկով։
Իսկ հասարակ քաղաքացիները, իհարկե, հայտնվեցին աղետալի վիճակում. նորածին դրամը սկսեց սրընթաց արժեզրկվել, գնաճը հասավ ֆանտաստիկ մակարդակի ՝ հենց նույն 93 թվականին ինֆլյացիան կազմեց գրեթե 2000 տոկոս, հաջորդ տարի ապրանքների գներն աճեցին, չեք հավատա՝ ավելի քան 5000 տոկոսով։
Նման բան տեսել եմ մեկ էլ 2002 թվականին Թուրքիայում, երբ Ստամբուլի հյուրանոցից հայկական եկեղեցի հասնելուց հետո վարորդից հարցրի, թե որքան պիտի վճարեմ, և նա պատասխանեց՝ երկու միլիոն։ Այո՛, ամերիկյան մեկ դոլարն այն ժամանակ արժեր, եթե չեմ սխալվում, մոտ մեկուկես միլիոն թուրքական լիրա։
Թե ինչ էր կատարվում Հայաստանում ազգային տարադրամի հայտնվելուց հետո, սեփական փորձով եմ հիշում։ Հորս նվիրած խորհրդային ժամանակների գումարը, որը նա հավաքել էր ողջ կյանքի ընթացքում, և որով մի ժամանակ կարելի էր տան կահույք գնել, կամ նույնիսկ՝ օգտագործված ավտոմեքենա, մի քանի օրում Խնայբանկում դարձավ ընդամենը մի մատնաքաշի փող։ Մինչև հիմա էլ հազարավոր մարդիկ տարիներով սպասում են, թե երբ պետությունը վերջապես կվերադարձնի ավանդները։ Այս տարի գործընթացը հասավ այն հայաստանցիներին, որոնք ծնվել են մինչև 1939 թվականը։ Թե երբ կերջանկացնեն մեզ՝ 50-ականներին ծնվածներիս, կարծում եմ, առայժմ ոչ ոք չի կարող ասել, այն պարզ պատճառով, որ մենք իսկի չգիտենք, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ճակատագիրն առաջիկա տարիներին։
Ինչևէ, հայկական դրամը հետզհետե սկսեց կայունանալ ու դա առիթ տվեց բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հավակնոտ ենթադրություն անելու, թե շատ շուտով Հայաստանը դառնալու է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։
Միգուցե ոմանք հավատացին՝ այն ժամանակ երևի դեռ չգիտեին, որ մեր ղեկավարները պարզապես սիրում են պարբերաբար ամպագոռգոռ հայտարարություններ անել. «Մենք տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրն ենք», «Մեր բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում», «Հայաստանի բնակչությունը կհասցնենք 4 միլիոնի, նույնիսկ՝ 5 միլիոնի», «Կդնենք խաղաղության դարաշրջանի սկիզբը» և այլն։
Հայաստանը, բնականաբար, ոչ մի ֆինանսական կենտրոն էլ երբեք չդարձավ։ Ավելին, դրամը կարող էր ընդհանրապես վերանալ, եթե ժամանակին կյանքի կոչվեր մեր վարչապետներից մեկի առաջարկությունը՝ Եվրամիության օրինակով ԱՊՀ-ում էլ մեկ միասնական տարադրամ հիմնելու մասին։ Բայց դրամը, բազմաթիվ տատանումներից հետո այնուամենայնիվ ի վերջո գոյատևեց և կայունացավ։ Ճիշտ է, նաև պահպանեց իր ամենատհաճ առանձնահատկություններից մեկը՝ երբեք չի բավականացնում։