Առայժմ միակը Հայաստանի տարածքում
Advertisement 1000 x 90

Առայժմ միակը Հայաստանի տարածքում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին՝ Երեւան քաղաքի 2750-րդ տարեդարձին նվիրված։ Այժմ թանգարանը գործում է «Կարմիր բլուր» եւ «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն միակ հնագիտական արգելոց-թանգարանն է Երեւանում եւ կարեւոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

«Կարմիր բլուր» կոչվող հատվածը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, Երեւանի հարավ֊արեւմտյան ծայրամասում է, Հրազդան գետի ձախ ափին։ Հնավայրը հայտնաբերվել է 1936 թ.։ Երկրաբան Ալեքսանդր Դեմյոխինը բլրի հարավարեւելյան լանջին պատահաբար բազալտե բեկոր էր գտել, որը հինգ տող սեպագիր արձանագրության մի մասն է եղել։ Քարը հանձնվել է Հայաստանի պատմության պետական թանգարան։ Սեպագիր արձանագրությունը վերծանվել է վիմագրագետ, հնագետ-պատմաբան, բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Կարո Ղաֆադարյանի կողմից։ Պարզվել է՝ արձանագրությունը վերաբերում է մ. թ. ա. VII դարի կեսերին. պարզ կարդացվել է ուրարտական թագավոր Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։

Հայտնագործությունից հետո Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվել են տեղանքի հետախուզական աշխատանքներ, եւ բացահայտվել է՝ բլրի գագաթն ու լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով, կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետեւանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։ Նոյեմբերի 20-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ այցելեցի «Կարմիր բլուր» հնավայր, որի տարածքում հոկտեմբերի 7-ից պեղումներ են իրականացվում։

Մեր այցի պահին աշխատանքներն ընթանում էին։ Պեղումները կատարվում են «Էրեբունի» թանգարանի արշավախմբի կողմից։ Աշխատանքները ղեկավարում է արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։ Արշավախմբի կազմում են փոխտնօրեն Վահե Սարգսյանը, գիտահետազոտական վերականգնման եւ ամրակայման բաժնի ղեկավար Մանվել Ղալաչյանը, վերականգնող Սուրեն Մանուկյանը, «Կարմիր բլուր» մասնաճյուղի պատասխանատու, ԵՊՀ հնագիտության մագիստրանտ Արման Եղիազարյանը, մասնաճյուղի աշխատակից Գագիկ Հովհաննիսյանը եւ բանվորական աշխատանքներ կատարողները։ Հաճախ պեղումներին մասնակցել են նաեւ կամավորականներ, ինչպես նաեւ ուսումնական նպատակով երեխաներ են եկել եւ սիրով աշխատել, իհարկե՝ ոչ կարեւոր հատվածներում։ Այս տարվա համար նախատեսված աշխատանքները գրեթե ավարտվել են եւ պեղված տարածքում կատարվել են նաեւ դրոնային նկարահանումներ։

Ընթացքում զրուցեցի Մ. Բադալյանի հետ, ով տեղեկացրեց, որ պեղումները սկսվել են հայ-ավստրիական արշավախմբի կողմից։ Ավստրիական արշավախումբն աշխատել է միջնաբերդից հարավ ընկած հատվածում, որտեղ հայտնաբերվել է փոքր մակերեսով գոմ։ Ավստրիացի ուրարտագետ, Ինսբուկի համալսարանի դոկտոր Վալտեր Կունտները տեղեկացրել է, որ Մ. Բադալյանի հետ 3 տարի առաջ են որոշել համագործակցել ուրարտական պատմությամբ։ Նրա խոսքով՝ համատեղ ուժերով ցանկալի արդյունքի կհասնեն, իսկ Կարմիր բլուրը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող տարածք է։ Հայկական խումբն աշխատում է միջնաբերդից հարավ-արեւելք ընկած հատվածում, որտեղ դեռեւս գարնանը «Կարմիր բլուր» մասնաճյուղի այն ժամանակվա ղեկավար, այժմ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանն ամրոց տանող հատվածում անձրեւից հետո նկատել էր հզոր պատերի հետքեր։ «Ուսումնասիրություններից հետո պարզեցինք՝ գործ ունենք մեծ համալիր-կառույցի հետ։ Նշեմ՝ պեղումները շատ կարեւոր են Հայաստանի հնագիտության համար։

Պեղումների աշխատանքը ֆինանսավորվում է հայ գինեգործների կողմից։ «Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ մի շարք գինեգործական ընկերություններ եւ անհատներ ապահովել են անհրաժեշտ ֆինանսավորումը։ Նոր հայտնաբերված կառույցը համարվում է ուրարտական արքաների ձիերի ախոռ։ Սա Հայաստանում բացառիկ երեւույթ է»,- նշեց Մ. Բադալյանը եւ հավելեց՝ նման եռամաս կառույցներ, որոնք հիմնականում կառուցվել են Ռուսա 2-րդ արքայի կողմից, հայտնաբերվել են Մակուի մոտ գտնվող Բաստամ (Ռուսախինլի), Այամիս ուրարտական քաղաքներում։ Սակայն այստեղ՝ Կարմիր բլուրում հայտնաբերվածն ավելի ներկայանալի է պարունակող նյութով՝ խեցեղեն, կենդանիների, հիմնականում ձիերի ոսկորներ, ցլի ատամ եւ այլն։ Նյութերը տրվել են հետազոտության տարբեր լաբորատորիաներում։

Պեղումներից հայտնաբերված կառույցի վերջնական տեսքը, նպատակը կբացահայտվեն վերջնական աշխատանքից հետո, որը նախատեսված է շարունակել 2022 թ.։ Սակայն արդեն պարզ է՝ հայ հնագիտության համար գտնվել է եզակի կառույց, որը ներկայացնում է ուրարտական շրջանի ախոռ։ Սրանց հայտնաբերման համար արդեն հայտնի ուրարտագետներ, հնագետներ շնորհավորել են պեղումներ իրականացողներին։ Մ. Բադալյանը նշեց նաեւ, որ մոտ ժամանակներս կկատարվեն չափագրման աշխատանքները, ինչում իրենց աջակցել է հնագետ Լեւոն Մկրտչյանը՝ օդային լուսանկարահանումով։ Շնորհակալություն հայտնեց Լեւոնին՝ իրենց աջակցելու, չափագրման եւ լուսանկարահանման աշխատանքները հեշտացնելու համար։ Բացի հնագիտական աշխատանքներից, կարեւորվում են նաեւ հնաբուսաբանական, հնակենդանաբանական ուսումնասիրությունները։

Արդեն կատարել են գեոմորֆոլոգիական հետազոտություններ։ Հողի որոշ նմուշներ ուղարկվելու են Կոպենհագեն, Ռուսաստան, կենդանիների ոսկորները՝ Գերմանիա՝ որոշելու դրանց բաղադրությունը։ «Պեղված կառույցը ճարտարապետական հատակագծով խիստ նման է հայկական միջնադարյան քարավանատների հատակագծին: Նշանավոր հետազոտողներ Յակոբսոնը եւ ճարտարապետներից Վարազդատ Հարությունյանը վաղուց նկատել էին` հայկական միջնադարյան քարավանատների ակունքները պետք է գան գոմից, ախոռից: Այս պեղումներից մենք հնագիտորեն դա ֆիքսեցինք: Իսկ սա ժառանգականության կարեւոր դրսեւորում է:

Մենք էլ ենք կարծում՝ բացել ենք Կարմիր բլուրի` Թեյշեբաինի քաղաքի արքայական ախոռներից մեկը, որն իրոք մոնումենտալ կառույց է: Զուգահեռ պատեր են, սալահատակ, փոքրիկ պատ, իրար զուգահեռ գնացող չորսական, այսինքն` ութ սյան խարիսխներ: Եվ միջնամասում տարածք, որտեղով մարդն էր անցնում, կերակրում խոշոր եղջերավոր անասուններին, ավելի հավանական է՝ ձիերին»,- ասաց Մ. Բադալյանը եւ կարեւորեց նաեւ հայտնաբերված շինությունների հետագա պահպանումը՝ այն պետք է կոնսերվացվի եւ դառնա զբոսաշրջիկների համար հասանելի վայր։ Շինությունների պատերն ունեն 1,5-2 մ լայնություն, կառուցված են կոպտամշակ քարով, հիմնականում բազալտով եւ կավաշաղախով։ Հայտնաբերված սյան բազալտե խարիսխներից (մոտ 60 սմ տրամագծով) մեկի մոտ նաեւ ածուխ կա։

Վահե Սարգսյանը տեղեկացրեց, որ այրված գերանից է մնացել ածուխը։ Վերջերս բացված բավականին լավ պահպանված սալահատակը ախոռի ճանապարհն է։ Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ՝ հնավայրն զբաղեցնում է մոտ 40 հեկտար տարածք։ Մինչեւ 90-ական թթ. այստեղ նաեւ այգիներ են եղել, եւ ծառերը կտրվել են հիմնականում վառելափայտի նպատակով տարածքի բնակչության կողմից։

Հնավայրի արեւմտյան կողմում կա 3 թաղամաս, որտեղ պեղումներից բացվել են բնակելի տներ՝ բավականին կանոնավոր հատակագծերով։ Ուրարտուի կարեւորագույն ռազմավարական եւ տնտեսական կենտրոններից Թեյշեբաինի քաղաքը կործանվել է մ.թ.ա. VI դ. սկզբին։ Ինչպես ցույց են տվել պեղումները՝ քաղաքը հանձնվել է առանց կռվի։ Բնակչության մի մասը տեղափոխվել է միջնաբերդ եւ կառուցել ժամանակավոր կացարաններ։

Պեղումներից պարզ դարձավ, որ թշնամու գրավումից առաջ Թեյշեբաինին արդեն անկում էր ապրել, պահեստները եւ շտեմարանները կամ դատարկ էին, կամ կիսադատարկ։ Ըստ խորհրդային հնագետ, արեւելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու, ում ղեկավարությամբ ավելի քան 30 տարի (1939-71 թթ.) Կարմիր բլուրում աշխատել է կոմպլեքսային հնագիտական արշավախումբ, սկյութները քաղաքի վրա հարձակվել են հանկարծակի, գրավել միջնաբերդը եւ ավերել այն։

Մ.թ.ա. VI դարի սկզբին Թեյշեբաինի քաղաքի եւ նրա միջնաբերդի ավերումից հետո այստեղ կյանքը չի վերականգնվել։ Ամրոցի անունը հաջողվել է որոշել 1946 թ., երբ արշավախմբի կողմից թիվ 11 կացարանի դռան մոտ գտնվել է բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի եւ տարերքի աստված Թեյշեբայի։ 1941 թ. գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։ Հնավայրից հայտնաբերված նյութերը պահպանվում եւ այցելուներին են ներկայացվում Էրեբունի թանգարանի ցուցասրահներում։

Հուսանք՝ գալիք տարի կատարվող պեղումների ընթացքում նոր բացահայտումներ կարվեն։ Սակայն կարեւոր է, որ «Կարմիր բլուր» հնավայրն էլ ունենա թանգարան։

hhpress.am