Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը
Այսօր Սոչիում նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Օրակարգը՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, դելիմիտացիա ու դեմարկացիա։
Ըստ ամենայնի, կստորագրվի փաստաթուղթ, կամ կընդունվի հայտարարություն՝ ստեղծել սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով, սկսել տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործըընթացը։
Ի՞նչ կանեի ես այսօր Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը։
Սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որեւէ փաստաթուղթ ստորագրելոց առաջ որպես լեգիտիմ նախապայման կբարձրացնեի 44-օրյա եւ նոյեմբերի 16-ի պատերազմների ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը։
Մեկ տարի առաջ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետը, որտեղ նշված է՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»՝ մինչ այս պահը չի իրականացվել։ Որեւէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի՝ մինչեւ չլինի հրապարակային հավաստիացում, որ տղաները անհապաղ ազատ են արձակվելու։ Առ այս պահը Ադրբեջանը հրաժարվում է որեւէ տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասով, մինչդեռ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝ ունենք 32 գերի, որոնցից մեկը՝ ծանր վիրավոր՝ Վանաձորից։
Սա պիտի լինի առաջին նախապայմանը։
Երկրորդ՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չպիտի կապվի Արցախի խնդրի հետ։ Չպիտի դրվի տարածքների ճանաչման խնդիր՝ մինչեւ Արցախի կարգավիճակի լուծումը։ Այս գործընթացը պիտի թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կարծես թե այս հարցի շուրջ կա միջազգային հանրության կոնսեսուսը։
Եւ երրորդ՝ եթե ես լինեի վարչապետ, ապա այսօր Սոչիում եւս մեկ անգամ որպես հստակ նախապայման, որը պիտի արձանագրված լինի պատրաստված կամ պատրաստվելիք տեքստում՝ ապաշրջափակված կապուղիների վերահսկողությունը մեր տարածքում պետք է լինի բացառապես մեր սուվերենության ներքո։
Բնականաբար՝ բացառելով միջանցքի մասին որեւէ քննարկում, ինչին ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից