Պատերազմից հետո Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 100 հազար մարդ։ Միևնույն ժամանակ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ արտերկրից պատերազմի օրերին եկել են և որոշել մնալ Հայաստանում։
44-օրյա պատերազմից հետո մասնագետները կանխատեսում էին Հայաստանի արտագաղթի տեմպերի ավելացում։ Այս վարկածը հաստատվեց, երբ 2021-ի փետրվարին Ռուսաստանը մեկ ամսով բացեց Հայաստանի հետ օդային սահմանը (որը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով), և այնպիսի աժիոտաժ ստեղծվեց, որ տոմսերի գները սովորական 70-90 հազար դրամից հասան 300-400 հազար դրամի։ Ու չնայած դրան՝ փետրվարին «Զվարթնոցը» լիքն էր Ռուսաստան մեկնողներով։
Մյուս ամիսներին միտումը շարունակվեց, հերթեր գոյացան նաև ԱՄՆ և Շենգենյան գոտու երկրներ գնալու համար վիզա ստանալու կենտրոններում։ Բայց տարվա ընթացքում Իտալիան, Չեխիան և Ավստրիան փակեցին մուտքը D կատեգորիայի երկրների համար, որոնց մեջ էր նաև Հայաստանը։ Մյուս կողմից էլ՝ որոշ երկրների դեսպանատներ հեշտացրին վիզայի տրամադրման գործընթացը։
Այդ երկրներից է Հունաստանը։ Եթե նախկինում օրենքով վիզայի տրամադրման հարցը լուծվում էր 15 աշխատանքային օրում, հիմա Հունաստանի դեսպանատունը վիզա կարող է տրամադրել 2-3 աշխատանքային օրում։
Հունաստանի վիզաների դիմումների կենտրոնում եմ, հերթ է։ Այստեղ լրագրողի հետ ավելի հաճույքով խոսում են մարդիկ, որոնք դիմում են կարճաժամկետ՝ տուրիստական վիզայի համար։ Իսկ երկարաժամկետ վիզայի համար դիմած զույգը համաձայնում է հարցերիս պատասխանել իրենց անունները փոխելու պայմանով։
Հայկ Գրիգորյանը (անունը փոխված է) ծրագրում է ընտանիքով տեղափոխվել Սալոնիկ՝ հորեղբոր որդու մոտ։ Արեշում նոր վերանորոգված առանձնատունը վաճառել են բարեկամի ընտանիքին՝ ի դեպ, առանց փաստաթղթային փոփոխության։
– Այսինքն՝ տան սեփականատերը դեռ դո՞ւք եք, բայց իրենք են ապրելու։
– Այո։
– Ու դրա դիմաց ձեզ գումա՞ր են տվել։
– Մինչև վերջ չէ, բայց մոտավոր։
– Իսկ կասկածներ չունե՞ն, որ գուցե ձեր գնալը չստացվի կամ հետ գաք ու դատարանով-թղթերով վերցնեք տունը։
– Բարեկամը ո՞ր օրվա համար ա, որ տենց բան անի։
Գրիգորյանը Սալոնիկ է մեկնելու կնոջ և մանկահասակ երեխայի հետ, նրան վիզա կենտրոն չեն բերել, քանի որ նման պահանջ չկա, կենտրոնին պետք են միայն երեխայի փաստաթղթերը։ Հարցնում եմ՝ տղա՞ է երեխան, գլխով են անում։
Սկզբում դժվարությամբ են խոսում մեկնելու պատճառների մասին՝ պաշտպանվելով հնարավոր դատողությունից։ Հայկը մի անգամ ասաց. «Էս հրադադարն էլ ընդհանրապես հրադադար չի, –ու զգալով, որ իրեն չեմ շտապում մտափոխել, շարունակեց,–90-ականներին բարեկամներ ունեինք, որ գնացին Ամերիկա։ Ես որ մեծացա, հորս հարցրի՝ ինչի՞ դու չգնացիր։ Հիմա գնացած լինեիր, մենք գիտես ոնց կապրեինք։ Չեմ ուզում տարիներ հետո երեխես մեծանա, ասի՝ պապա, ձեռդ ճա՞ր չկար։ Չեմ ուզում երեխես տեսնի էն, ինչ մենք ենք տեսել»։
Ասում է՝ Նիկոլի հետ հույս չկա։ Հերթում կանգնած մյուս մարդիկ այդ արտահայտությունից հետո հետաքրքրությամբ լսում են մեր զրույցը։
«Մենք մի քանի անգամ իրան ենք ընտրել։ Բայց ո՞ւր ա՝ գար մի օր տեսներ, որ իրան հավատացող մարդիկ ինչ հիասթափված են։ Ես սենց ասեմ՝ ում ձեռը ճար լինի, հաստատ կգնա էս երկրից, ոչ մեկը չի ուզում վաղը զարթնի ու իմանա, որ էլ տուն չունի։ Մի քիչ չափազանցված եմ ասում, բայց երեխա ունեմ, պիտի իրա մասին մտածեմ», – ասում է Հայկը։
Այս տարվա առաջին 9 ամիսներին երկրից գնացել ու չի վերադարձել 103 հազար մարդ։ 2017-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից գնացել էր 75 հազար քաղաքացի, 2018-ին՝ 42, 2019-ին՝ 36 հազար։ Հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը նվազել էին, մարդիկ են եղել, որ ընտանիքներով տեղափոխվել են Հայաստան։ Բայց հիմա պատկերն ահագնացել է՝ դա կապված է հեղափոխության սպասելիքների չարդարացմա՞ն, թե՞ պատերազմի ու հետպատերազմական քաոսի հետ՝ դժվար է ասել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am