Տարիներ առաջ, երբ 5 երեխաների ու ամուսնու հետ Անուշը տեղափոխվում էր Արցախ, վստահ էր՝ ամեն ինչ լավ է լինելու, Արցախն էլ իր համար հարազատ է դառնալու: Այդպես էլ եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխեց 44-օրյա պատերազմը: Այսօր Արցախից Հայաստան տեղահանված շատ ընտանիքների նման Անուշը փորձում է վերագտնել իրեն ու ամեն ինչ սկսել զրոյից:
Անուշ Հովոյանը Մեծ Մանթաշից է: 10 տարի առաջ ամուսնու ու երեխաների հետ տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի Հերիկ գյուղ: Այստեղ նրանք տուն ու աշխատանք ստացան, ամուսինը՝ շինարարությունում, ինքը՝ գյուղի դպրոցում, հետն էլ անասուն էին պահում, հող մշակում ու մեծացնում իրենց երեխաներին: Այստեղ էլ Անուշի մյուս 3 երեխաները ծնվեցին:
Վեցերորդ երեխայի ծնունդից հետո պետությունը նոր բնակարան նվիրեց ընտանիքին: «Չհասցրեցինք նոր բնակարան տեղափոխվել՝ նույնիսկ 1 օր չենք ապրել: Հոկտեմբերի 5-ին կլրանար 10 տարին, որ Հերիկ էինք տեղափոխվել, 10 տարի անց՝ հոկտեմբերի 8-ին, երեխաներիս հետ դուրս ենք եկել գյուղից»,-Sputik Արմենիային պատմում է Անուշը:
«Գյուղում բնակվում էր 50 մարդ՝ 11 տնտեսություն ուներ: Նոր որ գնացել էինք՝ լույս չկար, դպրոց չկար, հետո պետությունը սարքեց, դպրոցում ընդամենը 21 երեխա էր, բայց շատ լավն էր՝ մեծ: Հարևանների հետ սիրով էինք՝ մեկ ընտանիքի պես: Աշխատանք կար, անասուններ ունեինք, նպաստ էինք ստանում…»,- պատմելով Հերիկի մասին՝ Անուշը հուզվում է. իր կյանքի ամենաերջանիկ օրերն այնտեղ են եղել:
2019 թվականին սրտի կաթվածի հանկարծամահ է լինում ամուսինը, բայց Անուշը չի վերադառնում Շիրակ. դժվար էր, բայց իր երեխաների ապագան հենց Հերիկում էր տեսնում:
Շատերի նման Անուշի կյանքում էլ ամեն ինչ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Մինչև հոկտեմբերի 8-ը երեխաների հետ Հերիկում էր, հետո, երբ, իրավիճակը սրվեց, ստիպված նախ տեղափոխվեց Գորիս, ապա՝ Մեծ Մանթաշ: Ավագ որդին, որպես կամավոր, գյուղի տղամարդկանց հետ մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանում էր գյուղը, սակայն Հերիկն էլ, այլ բնակավայրերի նման, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Սկսեցինք բնակության տեղ փնտրել ու հետ եկանք Մանթաշ։ Այստեղ նախ ամուսնուս եղբոր փոքրիկ տնակում էինք ապրում, ապա՝ ազգականներից մեկի տանը։ Սկզբում տունը տարրական հարմարություններից զուրկ էր, հիմա՝ կազմակերպություններից մեկի օգնությամբ, տանը ջուր ու կոյուղի ունենք, հորթեր էլ նվիրեցին, պետության տված փոխհատուցման գումարով էլ կովեր գնեցինք ու հիմա փորձում ենք համակերպվել ու ոտքի կանգնել»,-ասում է Անուշն ու հոգոց հանում. «Ահավոր մեծ է կարոտս Հերիկի հանդեպ: Ամեն ինչն եմ այնտեղի կարոտում»: