Մի կողմից՝ խիզախ հերոս և անվախ հրամանատար, մյուս կողմից` ամբողջ կյանքում սիրահարված և նուրբ ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ կարող է հաղթահարել ցանկացած արգելք և պայմանականություն։
Ապագա մարշալը դեռ 20 տարեկան էր, երբ սիրահարվեց գեղեցկուհի Թամարային։ Սակայն աղջիկը նշանված էր մեկ ուրիշի հետ։ Բայց, հավանաբար, նախախնամությունը որոշել էր ամեն գնով միավորել նրանց։ Կարճ ժամանակ անց Թամարայի ամուսինը մահանում է։ Իմանալով այդ` Բաղրամյանը վերադառնում է հայրենիք և, ուշադրություն չդարձնելով բամբասանքներին, ամուսնանում է արդեն հղի Թամարայի հետ, որի որդուն` Մովսես Բաղրամյանին, դաստիարակում է հարազատ երեխայի նման։ Որոշ ժամանակ անց ծնվում է մարշալի դուստրը` Մարգարիտան։
ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալի անունն այնքան հստակ է զուգակցվում ռազմական սխրանքի և արիության հետ, որ շատ բարդ է նրան պատկերացնել որպես ռոմանտիկ մարդ։ Այնուամենայնիվ, Թամարային նա սիրել է մինչև կյանքի վերջը։ Նույնիսկ հեռու լինելով սիրելիից` Բաղրամյանը ռազմաճակատում ընկերուհիներ չի ունեցել։ Դրա փոխարեն կրքոտ և խորաթափանց նամակներ է գրել կնոջը։ Ժամանակակիցները զարմանում էին. ինչպես են ամուսինները միմյանց նման տողեր գրում, երբ արդեն 20 տարի ամուսնացած են և երկու երեխա ունեն։
«Նրանք այնպիսի լուսավոր զգացմունքներ ունեին։ Նույնիսկ պատկառելի տարիքում տատիկն ու պապիկը պահպանել էին հարաբերությունների ռոմանտիզմը։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր պապիկն աշխատանքի գնալիս սիրո խոստովանությամբ գրություն թողնում տատիկի համար», – հիշել է մարշալի թոռնուհին` Կարինան։
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
Sputnik Արմենիա