Եկեք անկեղծ լինենք։ Դժվար է ասել, թե արդյոք որևէ այլ լեզվում գոյություն ունի «պադավատ» հասկացությունը, բայց մեզ մոտ այն խորհրդային ժամանակներից սկսած որոշում էր մարդու քաշն ու դերը տվյալ հասարակությունում։
Իմ սերնդակիցները հավանաբար կհիշեն, որ նման դեր, իհարկե, շատ ավելի նեղ սահմաններում, կատարում էր նաև արտասահմանյան թանկ սիգարետների տուփը, որն ամռանը հատուկ դնում էին կարճթև վերնաշապիկի կրծքի գրպանում։ Այսինքն՝ տեսե′ք, թե ով եմ ես, որ խանութներում չվաճառվող կարմիր «Մարլբորո» եմ ծխում։
«Պադավատը» նույն քո հասարակական նշանակությունը հավաստող շատ ավելի կարևոր միջոց էր՝ եթե քեզ ծառայողական մեքենա է հասնում, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչ կարևոր ու անփոխարինելի մարդ ես, ինչ մասշտաբի գլոբալ հարց լուծող։ Բա չե՞ք հիշում՝ նույնիսկ «պադավատի» վարորդն էր հարց լուծող. հարգված տղա էր։ Հենց դա է պատճառը, որ այժմվա տաքսու վարորդներից ոմանք Ռուսաստանում իրենց ֆանտաստիկ հաջողությունների մասին պատմելու փոխարեն պարզապես շատ կարճ ասում են. «Ես Հայաստանի գլխավոր դատախազի «պադավատն» եմ քշել»։ Իր կարծիքով` դրանով ամեն ինչ ասված է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am