Տարին մեկնարկեց բուռն քննարկումներով: Լուսանկարչական սրահներից մեկը սոցցանցում տեղադրել էր հերթական գեղեցիկ լուսանկարը, որի հերոսը նորաստեղծ ընտանիք էր՝ հայուհի մայրիկը, սևամորթ հայրիկն ու շոկոլադե փոքրիկ Տիգրանիկը: Թվում է, թե իրար խառնվելու ոչ մի խնդիր էլ չկա: Բայց արի ու տես, որ լուսանկարի զետեղումից հետո համացանցում բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնց արձագանքը հասավ անգամ մեր հարևան երկիր, ու ադրբեջանական կայքերից մեկը Հայաստանի մասին հոդված հրապարակեց: Շեշտելով մեր անհանդուրժողականությունն ու մեջբերելով որոշ օգտատերերի ծայրահեղական մեկնաբանությունները՝ ադրբեջանական կայքը մեզ իրապես ռասիստ որակեց:
Ցավալի է,սակայն Հայաստանի մասին ստեր հորինող կայքը՝ այս անգամ իսկապես իրական գրառումներ էր հրապարակել՝ անազնվորեն լռելով այն մասին, որ ծայրահեղ կոչերով ելույթ ունեցողների դեմ կրկնակի շատ մարդիկ հանդես եկան: Համենայն դեպս քննարկումների ալիքը դեռ շարունակվում է: Ու բնական հարց է առաջանում, թե ինչ ասել է լինել հայ: Հարկ է նկատել, որ այս հարցը քննարկվել է սոցցանցայինից շատ ավելի բարձր մակարդակներում: Սրանից տասնյակ տարիներ առաջ են գիտնականները մտածել այս մասին՝ փորձելով հասկանալ՝ խրախուսելի է արդյոք գեների խաչասերումը: Շատ գիտնականներ քննարկել են այս թեման ու համաձայնության եկել այն հարցի շուրջ, որ տարբեր գեների խաչասերումը բարձրացնում է ինտելեկտի մակարդակը՝ այն դարձնելով ավելի ճկուն: Եթե մենք ուժեղ գեների կողմնակիցն ենք, ապա պիտի գիտակցենք նաև, որ մաքուր գեները թույլ են, որ մոնոէթնիկ ազգերը տառապում են իրենց բնորոշ, գենետիկորեն փոխանցվող հիվանդություններով: Օրինակ՝ հրեաները նախընտրում են մեծամասամբ հենց հրեաների հետ ամուսնանալ, այդ իսկ պատճառով էլ նրանք գենետիկական գործոններով պայմանավորված առողջական որոշակի խնդիրներ ունեն: Մենք նույնպես դրանից անմասն չենք. երևանյան հիվանդությունը շատերիս է քաջածանոթ:
Ծայր առած քննարկումները շարունակվում են՝ հիմքում ունենալով արյան խաչասերման անթույլատրելիությունը: Սակայն արյունն է արդյոք որոշում մեր հայ լինելն ու չլինելը: Պատկանել որևէ ազգի՝ նշանակում է ունենալ ընդհանուր լեզու, ընդհանուր մշակույթ ու պատմական ժառանգություն, ընդհանուր պատմական հիշողություն: Կարելի՞ է արդյոք իսկական հայ անվանել այն մարդուն, որն, օրինակ, Արևմտյան Հայաստանի արմատներ ունի, բայց չի տիրապետում ո՛չ լեզվին, ո՛չ մշակույթին, ո՛չ էլ պատմությանը: Հայը լոկ արյուն չէ, հայը արարքների համադրություն է: Ցանկացած մարդ, ըստ իս հայ է, եթե նույն հաճույքով է զբոսնում Սիրահարների այգում,կարողանում է ժենգյալով հաց պատրաստել ու լսել Արթուր Մեսչյան: Հայ է այն մարդը ում սիրտը դող է ընկնում ամեն անգամ, երբ կարդում է, որ սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է, ով հուզվում է մեր պայծառ տղաների լուսանկարները տեսնելիս, ով նկատում է մեր սևաչյա աղջիկների գեղեցկությունն, ու հիանում հայոց լեզվի թեկուզև բարդ, բայց գեղեցիկ կառուցվածքով:
«Հայը պիտի սեփական գենի կրողը լինի իր արարքներով ու ընկալումներով, գիտելիքով ու ոգով: Նույն այդ մգամաշկ տղամարդը կարող էր չէ՞ կնոջ հետ շատ ավելի ապահով երկիր գնալ: Բայց եկել է այստեղ, կրում է հայկական տարազ ու որդուն Տիգրան է անվանակոչել: Հայրենասիրությունը միայն արյան վրա խարսխելը շատ նեղմիտ ու պրիմիտիվ ընկալման արդյունք է: Անխոս, սեփական տեսակի պահպանությունը փոքր ազգերի համար հատկապես կարևոր է: Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին փոխանցել մեր մշակույթը, հավատքը, լեզուն, կենցաղն ու բարքերը: Դրանք ազգապահպան լրջագույն դերակատարություն ունեն: Միևնույն ժամանակ մենք պարտավոր չենք քննարկել մարդկանց ներանձնային որոշումները, էլ ուր մնաց՝ դատապարտել դրանք՝ ու վառելու և կախելու կոչեր թույլ տալ մեզ»:
Եվ, ի վերջո, լավագույն գենը սիրո գենն է, երբ երկու հոգի սիրում են միմյանց ու այդ սերը մարմին է առնում փոքրիկների տեսքով: Կա արդյո՞ք սրանից ավելի կարևոր բան: Հասկանալու համար ինչ ասել է հայ և հայրենասիրություն, հարկ է հստակ գիտակցել, որ դա շատ ավելին է քան պարզապես արյունը:
Սիրով՝ ձեր Արիաննա