«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել…»
Advertisement 1000 x 90

«Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել…»

«Նա ընդունված լինելով Եվրոպայում՝ չդարձավ արտասահմանցի, երբեք չհեռացավ հարազատ ժողովրդից, բայց տարօրինակ պարադոքսով հայրենիքում էլ օտարական եղավ: Այս գրողը եզակի է իր տեսակի մեջ: Նա հետեւորդներ չունեցավ ու մնաց անկրկնելի: Նա չի պատկանում հին սերնդին եւ դուրս է նորերից…»:

Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հին սերնդին չպատկանող եւ նորերից դուրս գրողը Կոստան Զարյանն է, գրչի այն մարդկանցից, որոնց ստեղծագործությունների շուրջ եղել են խիստ հակասական կարծիքներ՝ «դասական գրող հռչակելուց մինչեւ ավելորդ աղմուկ հանող միջակ մի գրողի համարումը»: Մինչդեռ, ինչպես գրականագետ Դավիթ Գասպարյանն է բնութագրում, ահռելի վաստակ ունեցող գրողը նաեւ իր կերպարով է խտացնում հայի ակնհայտ յուրահատկությունը՝ հայ մարդն աշխարհի ճանապարհների վրա, հայ մարդը լեզուների խառնարանում, հայ մարդը, ով ունի գերագույն նպատակ՝ հայ եւ հայրենիք…

Շամախիում է ծնվել Կոստան Զարյանը: Նրա հայր Քրիստափորը ցարական բանակի գեներալ էր, ապագա գրողը՝ ընտանիքի վերջին՝ տասնիններորդ զավակը: Գեներալի մահից հետո ընտանիքը հաստատվում է հայաշատ Բաքվում, Կոստանը  հաճախում է ռուսական գիմնազիա: Այնուհետեւ ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ, տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որին հաջորդում է ուսումնառությունը Բելգիայում, իսկ հայերենը յուրացնելու էր Վենետիկում՝ Մխիթարյան միաբանների մոտ: Մինչ մայրենիին կատարելապես տիրապետելը իր ստեղծագործությունները գրելու, հրատարակելու էր օտար լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն: Նրա առաջին գիրքը՝ «Երեք երգերը», որ հայերեն լույս է տեսել 1931-ին, նախապես ընթերցողին էր հասնելու իտալերենով: Գրքում պոեմներ են, որոնց հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա: Իսկ Հռոմում ծավալած մշակութային բուռն գործունեության համար միապետ Մուսոլինին պետական հատուկ թոշակ էր առաջարկելու հայ մտավորականին, բայց Զարյանը հրաժարվելու էր:

Մեծ եղեռնից մեկ տարի առաջ գրողը մահաորոճ Պոլսում է՝ ներգրավված Հեթանոսական շարժման մեջ: Այստեղ էին Դանիել Վարուժանն ու Հակոբ Օշականը, Գեղամ Բարսեղյանն ու Ահարոն Տատուրյանը, որոնց հետ էլ ստեղծում է «Մեհյան» հանդեսը: Ցավոք, այն լույս է տեսնում շատ կարճ ժամանակով՝ ընդամենը յոթ անգամ: Վրահաս եղեռնը կանխում, ավերում է ամեն ինչ: Հայ մտավորականությունն առաջինն է ընկնում հարվածի տակ ու ոչնչացվում: Բարեբախտաբար, դեռեւս 1914-ի հոկտեմբերին Կոստան Զարյանի ընտանիքին հաջողվում է գնացքով փախչել Պոլսից: Այդ փախուստի մասին իր հուշերում գրել է գրողի կինը՝ Թագուհի Շահնազարյան-Զարյանը. «Մայթին վրա կը տեսնեմ Կոստեային գիրքերը եւ ձեռագիրները, բոլորը սնտուկեն դուրս են՝ գետնին վրա: Հանկարծ վեր թռա ու Կոստեային գոռալով կանչեցի. «Սատանան տանի, ասիկա ծուղակ մըն է, կուզեն քեզ ձերբակալել»: Ան մազերուն բաշը խառնված, առանց գլխարկի եւ վերարկուի, բարձր ձայնով երդվելով՝ իջավ: Գրկեց իր գիրքերը, դրավ սնտուկին մեջ, մեխել տվավ ու դնել տվավ մեր վակոնը: Այս ամենը՝ կայծակի արագությամբ: Վերջին զանգն էր, երբ Կոստեան վակոնին մեջ ցատկեց, փլավ քովս, առավ Վահեն իր ծունկերուն ու խոր շունչ մը քաշեց: Այնուհետեւ ըսավ. «Սիրելիս, մենք փրկված ենք եւ ահա՝ երկրորդ անգամ աքսորական…»:

Հայտնի փախուստից հետո Զարյանի ընտանիքը մի քանի տարով հանգրվանում է Բուլղարիայում: 1920-21 թթ. նորից վերադառնում է Պոլիս, Վահան Թեքեյանի, Հակոբ Օշականի, Շահան Պերպերյանի հետ հրատարակում «Բարձրավանք» հանդեսը, նույն 1922-ին լույս ընծայում իր հայերեն առաջին՝ «Օրերի պսակը» գիրքը, իսկ աշնանը ընտանիքով հաստատվում Երեւանում, աշխատանքի անցնում պետական համալսարանում՝ դասավանդելով համեմատական գրականություն: Սակայն այդ տարիներին հայրենիքում էլ մթնոլորտն ազատորեն շնչելի չէր գրողի ու իր նմանների համար: 1925-ին, երբ արդեն Փարիզում էր, հիմնում, խմբագրում է արվեստի, գրականության եւ փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը՝ ֆրանսերենով: Այնուհետեւ թափառումները նրան տանում են Իտալիա, Միացյալ Նահանգներ: Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսնում «Անցորդը եւ իր ճամփան», «Բանկոոպը եւ մամութի ոսկորները», «Երկիրներ եւ աստվածներ», «Կղզին եւ մի մարդ» գործերը: Երկու տարի՝ 1944-46 թթ. հայագիտություն է դասավանդում Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, այն թողնելուց հետո՝ հիմնում եւ խմբագրում «Հայկական քառամսյակ» անգլալեզու հանդեսը: Բայց Միացյալ Նահանգներն էլ չէր լինելու գրողի վերջին հանգրվանը՝ 1952-1954 թթ. արվեստի պատմություն է դասավանդում Բեյրութի ամերիկյան համալսարանում:

Այդուհանդերձ, հայրենիքը մնում է հայրենիք. երկարուձիգ ճամփաներ խաչաձեւած գրողը 1961-ին վերջնականապես ներգաղթում է Հայաստան, աշխատանքի անցնում Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող: Նրա ստեղծագործությունների գլուխգործոցը՝ «Նավը լեռան վրա» վեպը, հրատարակվում է նաեւ Մոսկվայում՝ ռուսերեն:

Մեծավաստակ գրողն իր պատգամն էր թողնելու մեզ ու գալիք սերունդներին. «Լեզուն արյուն է, այդ արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղավաղել…»: Իսկ մենք զորո՞ւ ենք անսալու նրա ձայնը եւ արդյոք լա՞վ ենք ճանաչում այս մեծ մտավորականին, ե՞րբ է գալու նրա ժամանակը: Հուսանք, որ այդպես կլինի, եւ Իսահակյանի խոսքերով ասած՝ «վաղ թե ուշ դռնեդուռ կավանդվեն նրա պատգամները»՝ ի շահ մեր ազգային իղձերի իրագործման ու մեր անցնելիք ճանապարհի…